Կայացավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նիստը․ համալրվեց կոալիցիայի կազմը

Դեկտեմբերի 5-ին առցանց ձևաչափով անցկացվեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նիստը, որին մասնակցեցին Կառավարման խորհրդի անդամներ Կարեն Զադոյանը, Անուշ Մարտիրոսյանը, Արմեն Բաղդասարյանը և Թերեզա Գալստյանը։ Նիստի ընթացքում քննարկվեցին 2025 թվականի գործունեության արդյունքները, նոր անդամի ընդունման հարցը, ինչպես նաև առաջիկա՝ 10-րդ համաժողովի կազմակերպումը։

Հակակոռուպցիոն կոալիցիայի գլխավոր քարտուղար Կարեն Զադոյանը ներկայացրեց 2025 թվականի ամփոփ հաշվետվությունը՝ շեշտելով մարդու իրավունքների, դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում իրականացված մշտադիտարկումները, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի կատարելագործմանը նվիրված փորձագիտական քննարկման արդյունքները։ Խորհրդի անդամները ներկայացրին նաև իրենց կառույցների հակակոռուպցիոն ոլորտում իրականացվող նախաձեռնությունները։

Նիստի ընթացքում քննարկվեց նաև Կոալիցիային «Բարեվարքություն հանուն զարգացման» ՀԿ-ի անդամակցության հարցը։ Կազմակերպության նախագահ Նարինե Ավետիսյանը ներկայացրեց իրենց կառույցի իրականացրած նախաձեռնությունները, փորձագիտական ներուժը և կոալիցիայի աշխատանքներին միանալու տեսլականը՝ ընդգծելով արժեքային համահունչ մոտեցումները և համագործակցության հնարավորությունները։ Կառավարման խորհրդի անդամները դրական գնահատեցին ներկայացված տեղեկատվությունը և միաձայն որոշեցին հաստատել Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիային «Բարեվարքություն հանուն զարգացման» ՀԿ-ի կազմակերպության անդամությունը։

Նիստի ամփոփիչ մասում հաստատվեց նաև Հակակոռուպցիոն կոալիցիայի 10-րդ համաժողովի անցկացման օրը․ համաժողովը տեղի կունենա սույն թվականի դեկտեմբերի 10-ին՝ առցանց ձևաչափով։