Ապատեղեկատվության դիմադրողականության ակադեմիայի մասնակիցները հանդիպումներ ունեցան ոլորտի առաջատար մասնագետների հետ

Սեպտեմբերի 23-26-ը Ապատեղեկատվության դիմադրողականության ակադեմիան անցկացրեց պրակտիկ հմտությունների զարգացման փուլը՝ մի շարք հանդիպումներով տեղական և միջազգային փորձագետների հետ:

Փուլը մեկնարկեց «Մեդիան հանուն կրթության» ՀԿ նախագահ Անուշ Մարտիրոսյանի դասընթացով՝ «Ինչպե՞ս տարբերել տեղեկատվությունը քարոզչությունից» թեմայով: Մասնակիցները գործնական առաջադրանքների միջոցով սովորեցին ճանաչել քարոզչական հնարքները և տարբերակել դրանք օբյեկտիվ լրատվությունից:

Հաջորդ հանդիպումը կայացավ ՀՀ վարչապետի աշխատակազմի մասնակցային և բաց կառավարման հարցերի վարչության փորձագետ Մելանյա Հարությունյանի հետ, որտեղ քննարկվեցին թափանցիկ կառավարման և քաղաքացիական մասնակցության մեխանիզմները ապատեղեկատվության դեմ պայքարում:

Սեպտեմբերի 24-ին «Միջմշակութային ուսումնասիրություններ և զարգացում» ՀԿ նախագահ Արեգ Թադևոսյանն առցանց ձևաչափով ներկայացրեց արհեստական բանականության դերը ապատեղեկատվության տարածման և դիմակայման գործում: Մասնակիցները ծանոթացան AI-ի կողմից ստեղծված բովանդակության ճանաչման և deepfake տեխնոլոգիաների հայտնաբերման ժամանակակից մեթոդներին:

Փուլի եզրափակիչ հանդիպումը սեպտեմբերի 26-ին անցկացվեց Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ռեեստրի վարման և մոնիթորինգի բաժնի պետ Ջուլիետա Մաթևոսյանի հետ: Առցանց քննարկման ընթացքում մասնակիցները իմացան անձնական տվյալների պաշտպանության կարևորությունը տեղեկատվական անվտանգության համատեքստում և ծանոթացան համապատասխան իրավական մեխանիզմներին:

Պրակտիկ փուլը մասնակիցներին հնարավորություն տվեց կիրառել տեսական գիտելիքները իրական իրավիճակներում և ստանալ անմիջական հետադարձ կապ փորձառու մասնագետներից: Ակադեմիան կշարունակի մենթորական աջակցության փուլով, որտեղ մասնակիցները խմբային նախագծեր կիրականացնեն փորձառու մենթորների ուղղորդմամբ:

Սույն հոդվածը պատրաստվել է «Հայաստանի ապատեղեկատվության դիմադրողականության ակադեմիա․ ռազմավարական պաշտպանության կարողությունների զարգացում Լիտվայի փորձի փոխանցման միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից: Ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանության կողմից՝ Լիտվայի զարգացման համագործակցության և ժողովրդավարության աջակցման ծրագրի շրջանակներում:

Բովանդակության համար պատասխանատու է Իրավաբանների հայկական ասոցիացիան, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Լիտվայի Հանրապետության դեսպանության կամ կառավարության տեսակետները: