Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) խորհուրդը սեպտեմբերի 16-ին հեռավար ձևաչափով անցկացրել է հերթական նիստը, որի ընթացքում մի շարք կադրային որոշումներ են կայացվել ասոցիացիայի կողմից ղեկավարվող Iravaban.net մասնագիտական առցանց մեդիայի վերաբերյալ:
Զում առցանց հարթակի միջոցով անցկացված նիստին մասնակցել են խորհրդի բոլոր՝ հինգ անդամները՝ ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը, փոխնախագահ Մարատ Ատովմյանը, խորհրդի քարտուղար Արփինե Եղիկյանը, ինչպես նաև խորհրդի անդամներ Կարեն Քոչարյանը և Աստղիկ Մատինյանը:
Նիստի սկզբում ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրել է ասոցիացիայի 2025թ. մարտից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածի գործունեության արդյունքները: Հաշվետվության շուրջ ծավալվել է արդյունավետ քննարկում, խորհրդի անդամները հետաքրքրվել են ասոցիացիայի իրականացրած ծրագրերի մանրամասներով և ստացել սպառիչ պատասխաններ: Ներկայացված հաշվետվությունը խորհրդի կողմից ընդունվել է ի գիտություն:
Նիստի ընթացքում քննարկվել է նաև Iravaban.net մասնագիտական առցանց մեդիայի խմբագրական քաղաքականության հարցը: Խորհրդի անդամների կողմից մանրամասն քննարկումից հետո, Կարեն Զադոյանի առաջարկությամբ, կայացվել է որոշում՝ սույն թվականի սեպտեմբերի 20-ից դադարեցնել Iravaban.net մասնագիտական առցանց մեդիայի խմբագիր Եվգենյա Համբարձումյանի լիազորությունները՝ շարունակելով նրա հետ համագործակցել ԻՀԱ-ի կողմից իրականացվող այլ ծրագրերի շրջանակներում:
Օրակարգի երրորդ հարցի քննարկման արդյունքում ԻՀԱ խորհուրդը որոշել է սույն թվականի սեպտեմբերի 20-ից Iravaban.net մասնագիտական առցանց մեդիայի գխավոր խմբագիր նշանակել ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանին:
Նորանշանակ գլխավոր խմբագրի առջև Խորհուրդը դրել է հավակնոտ խնդիրներ։ Մասնավորապես, Կարեն Զադոյանը ստանձնելու է Iravaban.net-ը Հայաստանի առաջատար իրավական ոլորտի անկախ մասնագիտական մեդիա դարձնելու առաքելությունը՝ ապահովելով մեդիայի հեղինակությունն ու հասանելիությունը ինչպես մասնագիտական շրջանակների, այնպես էլ հանրության լայն շերտերի համար։
ԻՀԱ խորհրդի անդամների առաջադրած տեսլականի համաձայն՝ նոր գլխավոր խմբագիրը առանձնահատուկ ուշադրություն դարձնելու է իրավական ոլորտի բոլոր հիմնական դերակատարների հետ համագործակցությանը՝ սկսած առաջատար իրավաբանական ընկերություններից մինչև փաստաբաններ, դատավորներ, դատախազներ, քննիչներ, փորձագետներ և պետական կառույցների իրավաբանական ստորաբաժանումներ։ Հատուկ շեշտադրում է կատարվելու նաև ակադեմիական ոլորտի մասնագետների և իրավաբան ուսանողության ներգրավմանը։
Հայաստանյան իրավական մշակույթի զարգացման համատեքստում Iravaban.net-ի առջև դրված է քաղաքացիների իրավական իրազեկվածության բարձրացման, իրավական տեղեկատվության մատչելիության ապահովման և օրինապահ հասարակության ձևավորմանը նպաստելու խնդիրը։
Հարկ է նշել, որ Iravaban.net-ը ներկայումս գտնվում է կադրային բարեփոխումների ակտիվ փուլում և փնտրում է տաղանդավոր մասնագետների։ Խմբագրակազմը բաց է համագործակցության առաջարկների համար՝ հրավիրելով բարձր մասնագիտական հմտություններով օժտված, բարեվարք և հավակնոտ լրագրողների և մեդիայի ոլորտի այլ մասնագետների՝ միանալու թիմին և իրենց ներդրումն ունենալու Հայաստանի իրավական մշակույթի զարգացման գործում։
Iravaban.net մասնագիտական առցանց մեդիան հիմնադրվել է 2012 թվականին և գործարկվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից: Այն մասնագիտական անկախ մեդիա է, որը ստեղծվել է նպաստելու հասարակության իրավական իրազեկության բարձրացմանը, իրավական մշակույթի ձևավորմանը, օժանդակելու իրավաբանների մասնագիտական կարողությունների զարգացմանը, ծառայելու որպես հարթակ՝ իրավական ոլորտում գիտական աշխատանքների հրապարակման համար և լուսաբանելու Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրավական և հասարակական տարբեր իրադարձություններ: