Ֆոկուս խմբային քննարկումներ՝ Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության իրականացման ընթացքի և մարտահրավերների վերաբերյալ

2025 թվականի ապրիլի 18-ին տեղի է ունեցել առցանց ֆոկուս խմբային քննարկումներ, որոնք կազմակերպվել էին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության (ԻՀԱ) կողմից՝ Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրա իրականացման 2022-2024 թվականների միջոցառումների ծրագրի մշտադիտարկման շրջանակներում։

Առաջին քննարկմանը մասնակցել են պետական մարմինների ներկայացուցիչները, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել Ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների կատարմանը, իսկ երկրորդ քննարկմանը՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև փորձագետներ, որոնք ներգրավված են դատաիրավական համակարգի բարեփոխման գործընթացներում։

Քննարկման ընթացքում մասնակիցները անդրադարձել են Ռազմավարության իրականացման առաջընթացին, արձանագրված ձեռքբերումներին և առկա մարտահրավերներին։ Մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումները և կառուցողական առաջարկությունները՝ նպատակ ունենալով նպաստել իրականացվող միջոցառումների արդյունավետության բարձրացմանը և բարեփոխումների գործընթացի շարունակական կատարելագործմանը։

Քննարկման արդյունքները կամփոփվեն ԻՀԱ-ի կողմից պատրաստվող մշտադիտարկման զեկույցում, որը կտրամադրվի շահագրգիռ կողմերին և կհրապարակվի հանրության համար։ Զեկույցը կծառայի որպես գործնական ուղեցույց՝ Ռազմավարության իրականացման բացթողումները վերհանելու, ինչպես նաև բարեփոխումների թափանցիկությունն ու արդյունավետությունն ապահովելու նպատակով։

Մշտադիտարկումն իրականացվում է որակական և քանակական մեթոդների համադրությամբ՝ ապահովելով համապարփակ մոտեցում դատաիրավական բարեփոխումների ընթացքի գնահատման գործում։