Բնութագրիչ վիճակագրություններ և ծախսերի վերլուծության գործիքներ. հերթական դասընթացներ անցկացվեց երիտասարդ մասնագետների և ՔՀԿ/ԶԼՄ-ների համար

2025 թվականի մարտի 21-ին «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում տեղի ունեցան երիտասարդ մասնագետների և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչների բյուջետային ուսուցման երկրորդ հոսքի հերթական դասընթացները։ Թեման՝ բնութագրիչ վիճակագրություններին և ծախսերի վերլուծության գործիքներին:

Դասընթացները վարեց Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ելենա Մանուկյանը, ով մանրամասն ներկայացրեց տվյալների տարբեր տեսակները՝ ժամանակային շարքերը, տարածական և պանելային տվյալները: Փորձագետը բացատրեց, թե ինչպես կարելի է ճիշտ դասակարգել տարբեր երկրների հարկային եկամուտների ցուցանիշները և ինչպես վերլուծել դրանք ըստ ժամանակի և տարածության:

Դասընթացների ընթացքում քննարկվեցին նաև պետական ծախսերի և հարկերի՝ տնտեսական աճի վրա ներգործության մեխանիզմները: Մասնակիցները սովորեցին, թե ինչպես կարող է պետությունը պետական ծախսերի ավելացման կամ հարկերի նվազեցման միջոցով խթանել տնտեսական աճը, ինչպես նաև վերլուծել այդ գործիքների ուժեղ և թույլ ազդեցությունը:

Տեսական մասին հաջորդեց ինտերակտիվ գործնական աշխատանքը, որի ընթացքում մասնակիցները կիրառեցին սովորած հասկացությունները և մեթոդները իրական տվյալների վրա: Նրանք հաշվարկեցին տարբեր բնութագրիչ վիճակագրություններ, վերլուծեցին հարկային տվյալներ և գնահատեցին պետական քաղաքականության տարբեր գործիքների ազդեցությունը:

Դասընթացների ընթացքում մասնակիցները լրացրեցին նախնական և վերջնական թեստերը, որոնց միջոցով գնահատվեցին նրանց ձեռք բերած գիտելիքները և հմտությունները: Թեստերը ներառում էին հարցեր տվյալների տեսակների, մուլտիպլիկատորների, սպառման սահմանային հակման և բնութագրիչ վիճակագրությունների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: