2025 թվականի մարտի 18-ին Մրգաշատ համայնքում «Արցախահայերի իրավունքների պաշտպանություն» ծրագրի շրջանակներում Ծրագրի իրավաբանը Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրել է անվճար իրավաբանական խորհրդատվություն և ներկայացրել armrights.am էլեկտրոնային հարթակը։
Armrights.am թվային հարթակն ունի առանցքային նշանակություն՝ ապահովելով հասանելիություն, տեղեկատվության կենտրոնացում, թափանցիկություն և արդյունավետություն: Այն նաև նպաստում է տվյալների հավաքագրմանը և իրազեկվածության բարձրացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Արցախից բռնի տեղահանված անձանց իրավական պաշտպանությանն առնչվող հիմնահարցերը։ Մասնավորապես՝
1. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մասնակցության պայմանները, փաստաթղթերի ներկայացման ժամկետները և աջակցության տեսակները,
2. Ամուսնության վկայականի և ծննդյան վկայականի վերականգնման գործընթացը, պահանջվող փաստաթղթերը և դիմելու ընթացակարգը,
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելու պայմանները, անհրաժեշտ փաստաթղթերը և դիմումի ներկայացման կարգը,
4. Տարիքային կենսաթոշակի իրավունքի ձեռքբերման պայմանները և աշխատանքային ստաժի հաշվարկման առանձնահատկությունները։
Մասնակիցները հնարավորություն ունեցան ստանալու անհատական խորհրդատվություն, որտեղ տրամադրվեց մանրամասն պարզաբանումներ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ։ Բացի այդ, ներկայացվեցին նաև վերոնշյալ հարցերի լուծման գործնական քայլերը և համապատասխան պետական մարմինների հետ աշխատելու առանձնահատկությունները։
Հատուկ ուշադրություն դարձվեց բնակապահովման ծրագրի հետ կապված հարցերին, քանի որ մասնակիցներից շատերը հետաքրքրված էին այդ ծրագրի իրականացման ժամկետներով և պայմաններով:
Հանդիպմանը մասնակցում էր նաև Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի կառավարման խորհրդի նախագահ, «Հարմոնիա» շուշեցի կանանց ՀԿ-ի գործադիր տնօրեն Ջուլետտա Առուստամյանը:
Միջոցառման ավարտին մասնակիցներին տրամադրվեցին կոնտակտային տվյալներ՝ հետագա օգնության համար։