
2025 թվականի մարտի 19-ին «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ երիտասարդ մասնագետների և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչների բյուջետային ուսուցման երկրորդ հոսքի հերթական դասընթացները՝ նվիրված բյուջետային գործընթացում շահերի պաշտպանության իրականացմանը և ակնկալվող արդյունքներին:
Դասընթացները վարեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը, ով մանրամասն ներկայացրեց բյուջեի շահերի պաշտպանության իրականացման փուլերը: Դասախոսն անդրադարձավ յուրաքանչյուր փուլի առանձնահատկություններին՝ պլանավորումից մինչև գնահատում, շեշտելով այն արդյունքները, որոնց կարելի է հասնել բյուջետային գործընթացում շահերի պաշտպանության գործիքների արդյունավետ կիրառման միջոցով:
Դասընթացների ընթացքում քննարկվեցին կառուցողական համագործակցության եղանակները, որոնք որոշիչ դեր ունեն բյուջետային շահերի պաշտպանության հաջողության համար: Մասնակիցները ծանոթացան, թե ինչպես կարելի է համագործակցային կամուրջներ կառուցել տարբեր շահագրգիռ կողմերի հետ՝ պետական մարմինների, ՔՀԿ-ների և քաղաքացիների միջև:
Հատուկ անդրադարձ կատարվեց մասնակցային գործընթացների գնահատման առանցքային ուղղություններին ու չափորոշիչներին: Ուսումնասիրվեցին գնահատման ցուցանիշները, որոնք պետք է նկարագրեն մասնակցային գործընթացների հնարավոր ազդեցությունները:
Տեսական մասին հաջորդեց ինտերակտիվ գործնական աշխատանքը, որի ընթացքում մասնակիցները բաժանվեցին խմբերի և ստացան կոնկրետ առաջադրանք. խմբերը պետք է սահմանեին ծրագրի վերջնանպատակն ու ակնկալվող արդյունքները՝ օգտագործելով SMART մեթոդից։
Մասնակիցները վերլուծեցին հիմնախնդիրը և դրա պատճառները, քարտեզագրեցին հնարավոր համախոհներին, մշակեցին ֆինանսների հայթայթման մեթոդներ և ընտրեցին բյուջեի իրականացման այն փուլը, որտեղ կարելի է հասնել վերջնանպատակի իրականացմանը:
Դասընթացն անցկացվեց հիբրիդային ձևաչափով, ինչը հնարավորություն տվեց ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից մասնակիցներին՝ լիարժեք մասնակցել քննարկումներին և խմբային աշխատանքներին:
Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: