
2025 թվականի մարտի 18-ին՝ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում մեկնարկած երիտասարդ մասնագետների բյուջետային գիտելիքների փոխանցմանը և ՔՀԿ/ԶԼՄ-ների բյուջետային կարողությունների զարգացմանն ուղղված ուսումնական ծրագրերի երկրորդ հոսքի շրջանակներում տեղի ունեցան հերթական դասընթացները։
Երիտասարդ մասնագետների և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչների հետ վարպետաց դասն անցկացրեց Ծրագրի հրավիրյալ փորձառու դասախոս Սվետա Հարոսյանը, ով կիսվեց բյուջետային քաղաքականության և մասնակցային բյուջետավորման ոլորտում իր փորձառությամբ։
Դասընթացները մեկնարկեցին մասնակիցների գիտելիքների ստուգման սկզբնական թեստով, որն օգնեց գնահատել նրանց նախնական գիտելիքները մասնակցային բյուջետավորման վերաբերյալ։
Հրավիրյալ դասախոսը մանրամասն անդրադարձավ մասնակցային բյուջետավորման հիմնական մեխանիզմներին, մասնակցային բյուջետավորման առանցքային նպատակներին, բյուջետավորման գործընթացում քաղաքացիների դերին ու կարևորությանը, համայնքային մակարդակում մասնակցային բյուջետավորման հաջողված նախագծերի օրինակներ։
Տեսական մասից հետո տեղի ունեցավ հարց ու պատասխան, որի ընթացքում երիտասարդ մասնագետները և ՔՀԿ ներկայացուցիչները բարձրացրին հարցեր մասնակցային բյուջետավորման մեխանիզմների կիրառելիության, համայնքներում տեղական մասնակցային բյուջետավորման գործընթացների կազմակերպման, բյուջետավորման գործընթացներում քաղաքացիական հասարակության ներգրավման հնարավորությունների վերաբերյալ։
Երիտասարդների և ՔՀԿ ներկայացուցիչների հետ անցկացվեցին խմբային գործնական աշխատանքներ՝ առավել արդյունավետ կերպով ամրապնդելու տեսական ստացած գիտելիքները։ Մասնակիցները բաժանվեցին փոքր խմբերի և աշխատեցին իրական համայնքային խնդիրների վրա հիմնված դեպքերի ուսումնասիրության վրա՝ մշակելով մասնակցային բյուջետավորման մոդելներ։
Դասընթացներն ամփոփվեցին գիտելիքների ստուգման վերջնական թեստի լրացմամբ, որի նպատակն էր չափել մասնակիցների գիտելիքի աճը և դասընթացի արդյունավետությունը։
Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: