Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը հայտարարում է 11-րդ գարնանային հոսքի 2025 թվականի ընդունելություն

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համատեղ հայտարարում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծված 1-ին հակակոռուպցիոն մասնագիտական կրթական նախաձեռնության՝ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 11-րդ հոսքի 2025 թվականի ընդունելություն։

Հակակոռուպցիոն դպրոցի նպատակն է բարելավել հակակոռուպցիոն միջավայրն ու մշակույթը Հայաստանում՝ տարածելով բարեվարքության սկզբունքները և հակակոռուպցիոն գիտելիքները, ինչպես նաև հնարավորություն տալ նոր ու երիտասարդ կադրերին ստեղծել իրենց կարիերան ոլորտի պետական մարմիններում և հեղինակավոր մասնագիտացված կազմակերպություններում։

Ընդունելության պայմաններ՝

  • Ուսուցման տևողությունը՝ ապրիլի 28-ից մինչև մայիսի 31-ը
  • Ուսուցման վճարը՝ 59,000 ՀՀ դրամ
  • Ընդունելության մրցույթի արդյունքում կընտրվի շուրջ 20 մասնակից
  • Առավելագույնը 8 դիմորդի կտրամադրվի Դպրոցում անվճար ուսանելու կրթաթոշակ՝ հիմնվելով ընդունելության դիմում-հայտերի գնահատման արդյունքների վրա: Ընտրությունը կկատարվի ըստ հետևյալ չափանիշների՝ ուսումնական հաստատությունում ունեցած առաջադիմությունը, հետազոտական ներուժ, հասարակական ակտիվություն և սոցիալական կարիքներ: Հանձնաժողովը գնահատման գործընթացի իրականացման նպատակով իրավասու է դիմորդներից պահանջել լրացուցիչ հիմնավորող փաստաթղթեր, որոնք էական նշանակություն կունենան վերջնական ընտրության հարցում։

Դպրոցում ուսուցումն իրականացվում է հետևյալ փուլերով՝

  1. ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ: Դպրոցի հակակոռուպցիոն ուսուցման առցանց հարթակի միջոցով ունկնդիրները կանցնեն հակակոռուպցիոն հիմնական դասընթաց՝ բաղկացած 6 թեմաներից: Առցանց ուսուցումը ավարտած կհամարվեն միայն այն ունկնդիրները, որոնք կլրացնեն բոլոր թեմաների գիտելիքների ստուգման հարցաթերթիկները և կհավաքեն առցանց ուսուցման ավարտման համար նախատեսված համապատասխան միավորները:
  2. ԽՈՐԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ՊՐԱԿՏԻԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼ: Այս փուլի ընթացքում աշխատանքները կկազմակերպվեն ոլորտի լավագույն մասնագետների կողմից՝ վարպետաց դասերի, խմբային հանդիպումների, քննարկումների, հակակոռուպցիոն համակարգի իրավասու մարմինների ու կազմակերպությունների հետ հանդիպումների տեսքով: Ունկնդիրները կսովորեն ինովացիոն մի շարք գործիքներ և ձեռք կբերեն նաև հարակից հմտություններ: Այս փուլի շրջանակներում մասնակիցները նաև կբաժանվեն խմբերի և կիրականացնեն ոլորտային ուսումնասիրություններ՝ մշակելով նախապես համաձայնեցված թեմաներով հետազոտություններ՝ մենթորների օժանդակությամբ։ Լավագույն աշխատանքները կհրապարակվեն iravaban.net մասնագիտացված առցանց մեդիայում։
  3. ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՓՈՒԼ: Խորացված ուսուցման և պրակտիկ հմտությունների զարգացման փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հնարավորություն կստանան իրենց կողմից ստացած հակակոռուպցիոն գիտելիքները տարածել հասարակության շրջանում՝ հանրային իրազեկության սեմինարների միջոցով:
  4. ԱՐՏԱԳՆԱ ՓՈՒԼ: Այս փուլի շրջանակներում նախորդ երեք փուլերը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հնարավորություն կունենան մասնակցել կազմակերպվելիք արտագնա (Երևանից դուրս) ուսուցմանը՝ հեղինակավոր մասնագետների բաղկացած ժյուրիի առջև՝ ներկայացնելով իրենց հետազոտությունների և հանրային իրազեկության աշխատանքների արդյունքները:

Դպրոցի բոլոր չորս փուլերը հաջողությամբ ավարտած ունկնդիրներին կտրվի Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ավարտական վկայականներ:

Հակակոռուպցիոն դպրոցում դասավանդում են ոլորտի հայտնի փորձագետներ` Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի գլխավոր քարտուղար, Հայաստանի հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Կարեն Զադոյանի ղեկավարությամբ, ինչպես նաև պատկան մարմինների ներկայացուցիչներ, ոլորտի հայտնի փորձագետներ և այլ դերակատարներ: Դպրոցի ունկնդիրները հնարավորություն կունենան դիտելու թեմատիկ ֆիլմեր, իրականացնելու գործնական աշխատանքներ, ուսումնասիրություններ ու խմբային քննարկումներ, ինչպես նաև անհատական հետազոտություններ, որոնք Դպրոցի օժանդակությամբ կտարածվեն, կհրապարակվեն և կներկայացվեն հանրությանը։

Ցանկացողները պետք է ներկայացնեն իրենց դիմում-հայտերը՝ լրացնելով անհրաժեշտ ձևաթուղթը՝ մինչև 2025 թ.-ի ապրիլի 20-ը, ժամը 23:59-ը: Ունկնդիրների ընտրությունը տեղի է ունենալու մրցութային կարգով՝ հիմնվելով ներկայացված դիմում-հայտերի վրա։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 010 54-01-99:

Ծրագրի ինֆորմացիոն գործընկերն է iravaban.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: