Երիտասարդ մասնագետներն ու ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչները կատարելագործեցին իրենց գիտելիքները գենդերազգայուն բյուջետավորման թեմայով

2025 թվականի մարտի 7-ին՝ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում մեկնարկած երիտասարդ մասնագետների բյուջետային գիտելիքների փոխանցմանը և ՔՀԿ/ԶԼՄ-ների բյուջետային կարողությունների զարգացմանն ուղղված ուսումնական ծրագրերի երկրորդ հոսքի շրջանակներում տեղի ունեցան գենդերազգայուն բյուջետավորման վերաբերյալ դասընթացներ։

Դասընթացների բանախոսն էր Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը։

Սկզբում մասնակիցները լրացրեցին թեմայի վերաբերյալ գիտելիքների ստուգման սկզբնական թեստը, որից հետո փորձագետը ներկայացրեց գենդերազգայուն բյուջետավորման տեսությունը, բյուջետային ցիկլը, ծրագրային բյուջետավորումը և դրա ռազմավարական պլանավորումը:

Քննարկվեցին նաև գենդերազգայուն բյուջետավորման պրակտիկան և բյուջետային ծախսերի գենդերազգայունության գնահատման մեթոդները: Դասընթացի ընթացքում մասնակիցները կատարեցին մտագրոհներ և իրենց տեսակետները գենդերազգայուն բյուջետավորման վերաբերյալ։

Դասընթացներն ամփոփվեցին գիտելիքների ստուգման վերջնական թեստի լրացմամբ, որի նպատակն էր չափել մասնակիցների գիտելիքի աճ և դասընթացի արդյունավետությունը: Այս կարևոր դասընթացները միտված էին բարձրացնելու մասնակիցների բյուջետային կարողությունները՝ հատկապես գենդերային ասպեկտների հաշվառման և հավասարության խթանման համատեքստում:

Նշենք, որ դասընթացներն անցկացվում են հիբրիդային եղանակով՝ առկա և հեռավար ձևաչափերով՝ հնարավորություն տալով Երևանից հեռու մարզերի երիտասարդ մասնագետներին և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչներին մասնակցել դասընթացներին և ստանալ անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ։

Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: