Ցածր ցուցանիշը վկայում է այն մասին, որ արցախահայերի մեծամասնությունը չի ցանկանում կամ չի շտապում ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել․ իրավաբան

2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել շուրջ 115 000 անձ: Այս մասին ի պատասխան Iravaban.net-ի հարցմանը նշել են Ներքին գործերի նախարարությունից։

Անհրաժեշտ է նշել, որ մինչև այդ ժամանակահատվածը՝ 2020 թվականի տեղահանումից հետո արցախցիների մի մասը արդեն իսկ բնակություն էր հաստատել ՀՀ-ում։ 

2025 թվականի փետրվարի 20-ի դրությամբ 116 157 անձ ունի փախստականի կարգավիճակ, որից 6937 անձի շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Արցախահայերի իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի իրավաբան Մարիաննա Ավագյանը նշում է, որ սա խիստ ցածր ցուցանիշ է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայական ստացած անձանց համար սահմանված է քաղաքացիություն ստանալու հեշտացված ընթացակարգ։

«2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո բռնի տեղահանումից անցել է մեկ ու կես տարի, և քաղաքացիություն ընդունած անձանց այսպիսի փոքր քանակը հստակ վկայում է այն մասին, որ արցախահայերի մեծամասնությունը չի ցանկանում կամ չի շտապում ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել։ Դա պայմանավորված է մի շարք էական հանգամանքներով, որոնք ունեն ինչպես իրավաքաղաքական, այնպես էլ հոգեբանական և պատմամշակութային արմատներ:

Առաջին և թերևս ամենակարևոր պատճառն այն է, որ արցախահայերը մտավախություն ունեն, որ ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո Արցախի էջը կփակվի միջազգային իրավական և քաղաքական դաշտում: Նրանց համոզմամբ, այդ դեպքում իրենք այլևս հնարավորություն չեն ունենա վերադառնալ Արցախ՝ իրենց ծննդավայրը, հայրենիքը, իրենց տները։ Միջազգային իրավունքի տեսանկյունից, արցախահայերը հիմնավոր մտավախություն ունեն, որ ՀՀ քաղաքացիություն ստանալով կարող են կորցնել իրենց՝ որպես տեղահանված անձանց իրավունքները, ինչը ներառում է նաև հայրենադարձության իրավունքը»,-նշեց նա:

Իրավաբանի խոսքով՝  քաղաքացիություն չընդունելու պատճառներից մեկն էլ խորքային անվստահությունն է Հայաստանի Հանրապետության ներկայիս կառավարության հանդեպ։ Նա ընդգծում է, որ այս անվստահությունը պայմանավորված է պետության կողմից վարվող քաղաքականությամբ, բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հրապարակայնորեն արտահայտված դիրքորոշումներով և անընդհատ զիջումների գնալու  մտադրություններով։ 

«Արցախահայերի հետ անցկացված բազմաթիվ հանդիպումների, հարցազրույցների արդյունքում պարզ դարձավ, որ ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք կամ այն անձինք, ովքեր մտադիր են քաղաքացիություն ստանալ, հիմնականում նշում են, որ այդ որոշումը կայացնում են ոչ թե կամավոր, այլ անհրաժեշտությունից դրդված: Նրանք նշում էին, որ աշխատանքի ընդունվելիս գործատուները պարտադիր պահանջում են ՀՀ քաղաքացիություն: Մի շարք սոցիալական նպաստների և աջակցության ծրագրերից օգտվելու համար նույնպես պահանջվում է ՀՀ քաղաքացիություն: Հատկապես կարևոր խթան է հանդիսանում բնակարանային ապահովման ծրագրից օգտվելու հնարավորությունը, որի համար ՀՀ քաղաքացիությունը հանդիսանում է պարտադիր նախապայման։

Այսպիսով, արցախահայերի քաղաքացիություն ձեռք բերելու որոշումը հիմնականում պայմանավորված է ոչ թե սուբյեկտիվ նախապատվությամբ, այլ զուտ կենսական անհրաժեշտությունից ելնելով՝ Հայաստանում հիմնական սոցիալ-տնտեսական իրավունքներից օգտվելու գործնական անհրաժեշտությամբ»,-ասաց Մարիաննա Ավագյանը:

Հասմիկ Սարգսյան