ԱԺ ՓՄՁ աշխատանքային խմբի նիստում Կարեն Զադոյանն առաջարկել է հետաձգել իրավաբանական և փաստաբանական ծառայությունների հարկման նոր ռեժիմի ներդրումը մինչև 2026թ.

Դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից ՓՄՁ աշխատանքային խմբի 11-րդ նիստը: Նիստին մասնակցել են հանձնաժողովի պատգամավորներ և աշխատանքային խմբի անդամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ՓՄՁ-ներին վերաբերող օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատման կիրառությանը վերաբերող հարցերին և բիզնես ասոցիացիաների անդամների կողմից վճարվող անդամավճարների հարկման մեխանիզմներին: Հանդիպման ավարտին ամփոփվել են հնչած առաջարկներն ու հետագա անելիքները:

Նիստի ընթացքում քննարկվել է նաև 2024 թվականի դեկտեմբերի սկզբին ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Փաթեթը վերաբերում է մասնագիտական, այդ թվում իրավաբանական և հաշվապահական ծառայությունների ոլորտը շրջանառության հարկի համակարգից ընդհանուր հարկման համակարգ տեղափոխելու նախաձեռնությանը:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն առաջարկել է. նախ՝ հետաձգել իրավաբանական ծառայությունների ոլորտի տեղափոխումը շրջանառության հարկի համակարգից ընդհանուր հարկման համակարգ մինչև 2026 թվական, և երկրորդ՝ նույն ժամկետով հետաձգել նաև 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող՝ փաստաբանական ծառայությունների մասով նմանատիպ փոփոխությունը: Ըստ նրա՝ այս ժամանակահատվածում անհրաժեշտ է պետական իրավասու մարմինների հետ կառուցողական երկխոսության միջոցով մշակել օպտիմալ, արդար և իրավահավասար լուծումներ, որոնք կհամապատասխանեն թե՛ ՀՀ կառավարության, թե՛ իրավաբանական և փաստաբանական ծառայություններ մատուցող անձանց շահերին:

Լուսանկարները՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ՖԲ էջից։