Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի «թաքնված կողմերը»

Iravaban.net-ը, հավատարիմ մնալով իր առաքելությանը հակակոռուպցիոն պայքարի լուսաբանման գործում, շարունակում է հետաքննական նյութերի շարքը՝ ուշադրության կենտրոնում պահելով երկու առանցքային գործընթացներ․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության և ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման համակարգող տեղակալի նշանակման գործընթացները: Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը և ապօրինի գույքի բռնագանձումը վճռորոշ նշանակություն ունեն երկրում հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետության համար։

Հետաքննությունը կբացահայտի այս նշանակումների գործընթացի թափանցիկությունը, նշված պաշտոններում դերակատարում ունեցող սուբյեկտների անկախության մակարդակը և թեկնածուների համապատասխանությունը օրենքով սահմանված չափանիշներին։

2024 թվականի դեկտեմբերի 11-ին Կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորված մրցութային խորհրդի անդրանիկ նիստը, որի ընթացքում հայտնի է դարձել նաև խորհրդի կազմը։ 

Այսպիսով, մրցութային խորհրդում ընդգրկված են՝

  • ՀՀ գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանը, 
  • Ազգային ժողովի նախագահի խորհրդական Ահարոն Ներսիսյանը, 
  • Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Եփրեմ Կարապետյանը, 
  • Բարձրագույն դատական խորհրդի անդամ Կարեն Թումանյանը, 
  • «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը, 
  • ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանը։

Առաջին նիստի ընթացքում խորհուրդը նաև պետք է նախագահ ընտրեր։ Ինքնաառաջադրումներ չեղան, այդ ժամանակ տիկին Չատինյանը հայտարարեց, որ առաջարկում է Կարեն Թումանյանի թեկնածությունը, որպես Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորված մրցութային խորհրդի նախագահ։

Iravaban.net-ին հետաքրքիր դարձավ, թե ինչով էր պայմանավորված տիկին Չատինյանի կողմից պարոն Թումանյանի առաջադրումը, ի՞նչ կապ կա նրա և Բարձրագույն դատական խորհրդի անդամի միջև։ Մեր ուսումնասիրության արդյունքում նաև փորձել ենք հասկանալ, թե ինչպես են հենց նշված ՀԿ-ները հայտնվել մրցութային խորհրդում։ Վերջին հարցի հետ կապված հարցում է կատարվել Վարչապետի աշխատակազմին, մանրամասները՝ հաջորդ հրապարակումներում։

Ամեն ինչ հերթով։

  • Կարեն Թումանյանի և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կապի մասին

Բարձրագույն դատական խորհրդում տեղադրված է պարոն Թումանյանի կենսագրությունը։ Լուսապատճեններից պարզ է դառնում, որ վերջինս շատ սերտ կապեր ունի Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ։ 2001-2005թթ. աշխատել է նշված հասարակական կազմակերպության իրավաբանական խմբի համակարգող, 2015-2022 թվականներին՝  կազմակերպության իրավաբանական կլինիկայում որպես փորձագետ-դասավանդող, 2014-2021-ին՝ նույն ՀԿ-ի խորհրդի նախագահ։ 2014-2024թթ. հանդիսացել է Վանաձորի գրասենյակի հասարակական կազմակերպության խորհրդի անդամ: ԲԴԽ անդամին կազմակերպության հետ կապում են երկար տարիների համագործակցությունը և աշխատանքը։

Բացի այդ, Թումանյանը 2003-2009 թվականներին դասավանդել է Վանաձորի «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանում, իսկ Չատինյանը 2007-2011 թվականներին սովորել է նույն համալսարանում։ 

Այսպիսով, համադրելով վերը նշված տվյալները, կարելի է եզրակացնել, որ պարոն Թումանյանը և տիկին Չատինյանը նաև երկար տարիներ եղել են գործընկերներ՝ աշխատելով կամ ծառայություն մատուցելով նույն հասարակական կազմակերպությունում։ 

Չատինյանի և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի միջև կապ կա, ըստ բաց աղբյուրների, սկսած 2010 թվականի հունվարից մինչև օրս ՀԿ-ում է աշխատում։ Ստացվում է՝ կարելի է պնդել, որ մրցութային խորհրդում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերը ներկայացնող, առաջ տանող արդեն 2 անձ կա, սակայն միայն դրանով չի սահմանափակվում։

  • Իրազեկ քաղաքացիների միավորումը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (ԺԶՀ)

Մրցութային խորհրդում ընդգրկված 2 հասարակական կազմակերպությունները մեկ ընդհանրություն ունեն․ երկուսն էլ տարիներ շարունակ ֆինանսավորվել են նույն աղբյուրից՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հիմնադրամից (հանրության շրջանում հայտնի է որպես Ջորջ Սորոսի հիմնադրամ), իսկ այժմ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամից, որն ԲՀՀ-Հայաստանի spin off-ն է՝ Հայաստանում գրանցված տեղական հիմնադրամն է։

ԺԶՀ-ի կողմից միայն 2023 թվականին Իրազեկ քաղաքացիների միավորմանը տրամադրվել է շուրջ 18 միլիոն դրամ, իսկ ՀՔԱ Վանաձորի գրասենյակին՝ շուրջ 70 միլիոն դրամ։ 2024-ին ԻՔՄ-ին տրամադրվել է 30 միլիոն դրամ, իսկ ՀՔԱ Վանաձորի գրասենյակին՝ 41 միլիոն դրամ։

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հիմնադրամի հետ երկար ժամանակ աշխատել է նաև Կարեն Թումանյանը, այդ մասին նշվում է հրապարակված պաշտոնական կենսագրության մեջ։

Ստացվում է՝ խորհրդում արդեն ընդգրկված 3 անդամները փոխկապակցված են, ստեղծվել է շահերի բախման իրավիճակ խորհրդում։ Դրա դրսևորումն արդեն առաջին նիստի ընթացքում խորհրդի նախագահի ընտրությունն է։ 

Բարձրագույն դատական խորհրդի այլ անդամ, որը վերոնշյալ համատեքստում չունի հնարավոր շահերի բախում, կարող էր փոխարինել Կարեն Թումանյանին։ Հատկապես հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության ժամանակ արդյո՞ք չէր կարելի խուսափել ենթադրյալ կոռուպցիոն ռիսկերից, շահերի բախման իրավիճակում հակակոռուպցիոն մարմնի ղեկավարի ընտրություն կազմակերպելու արատավոր պրակտիկայից, և վերջիվերջո՝ առաջնորդվել բարեվարքության սկզբունքներով և հանրային շահով։ 

Հետաքրքիր է նաև, արդյո՞ք ՀՀ վարչապետի աշխատակազմին մրցութային խորհրդի անդամներին ընտրող հանձնաժողովը և արդեն իսկ ընտրված վերը նշված անդամները տեղեկացրել են իրենց փոխկապակցվածության մասին, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրությունները շահերի բախման իրավիճակում կազմակերպելու մասին։ 

Iravaban.net-ը հիշյալի համատեքստում ունի ողջամիտ կասկածներ առ այն, որ խորհրդի անդամ չհանդիսացող կազմակերպությունը՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, իր հետ փոխկապակցվածության մեջ գտնվող խորհրդի երեք անդամների միջոցով, կարող է անուղակի ազդեցություն ունենալ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության որոշման վրա։