«Եկեք դատապարտենք, որ չկրկնվի»․ Կարեն Զադոյանը՝ ԲԴԽ և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահների պաշտոնանկությունների մասին

«Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» արշավի շրջանակներում դեկտեմբերի 9-ին «Կոռուպցիայի վերաբերյալ հանրային ընկալումների փոփոխություն և լավագույն փորձերի ներկայացում» խորագրով պանելային քննարկման շրջանակներում ելույթ ունեցավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) նախագահ Կարեն Զադոյանը։

Պանելային քննարկումը կազմակերպվել է ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի և Արդարադատության նախարարության ջանքերով։

Կարեն Զադոյանի խոսքով՝ կոռուպցիայի վերաբերյալ հասարակության ընկալումների մեջ որոշակի փոփոխություններ եղել են, 15 տարի առաջ հասարակության համար կոռուպցիան միայն կաշառքն էր։

«Հիմա մարդիկ հասկանում են, որ կոռուպցիան ոչ միայն կաշառքն է, այլև հանրային իշխանության չարաշահումը՝ անձնական կամ այլ շահադիտական նպատակներով։ Սա հստակ մեր քաղաքացին հասկանում է։ Կարծում եմ՝ այս փոփոխությունների մեջ մեծ դերակատարում ունեն պետական մարմինները, քաղհասարակության ներկայացուցիչները, միջազգային գործընկերները»,-նշեց ԻՀԱ նախագահը։ 

Կարեն Զադոյանը ներկայացրեց նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի կատարած աշխատանքը՝ վերջին տասնամյակների ընթացքում։ Բանախոսը կարևորեց նաև նշանակումների հարցում քաղաքական չեզոքության պահպանումը, հատկապես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության հարցերում։

«Մինչև հիմա որևէ կազմակերպությունը գնահատական չի տվել Բարձրագույն դատական խորհրդի և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնանկությունների վերաբերյալ։ Այդ 2 մարմինների մասով վարչապետը «խնդրելու» իրավունք չուներ։ Սահմանադրության մեջ գրված չի, որ վարչապետը կարող է խնդրել, այնտեղ գրված է, որ նշված պետական մարմինները պետք է կատարեն այն, ինչի համար լիազորված են»,-նշեց Կարեն Զադոյանը։ 

Նա շնորհակալություն հայտնեց հակակոռուպցիոն շաբաթի համար, որը մի հարկի տակ է հավաքել կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավված դերակատարներին։ Կարեն Զադոյանը նշեց նաև, որ Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ իրականացվող «Ազդարարի՛ր, Հայաստան» ծրագրող արդեն իսկ վերապատրաստվել են մասնավոր հատվածի և ՏԻՄ ներկայացուցիչներ, ավելի քան 600 ուսանողներ, աշակերտներ, ուսուցիչներ:

Շուտով  կամփոփվի արշավի մեկամյա շրջափուլը, որի ընթացքում արդեն իսկ գրանցվել է ազդարարումների ավելի քան 200 տոկոս աճ:

Մանրամասները՝ տեսանյութում։