«Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» արշավի շրջանակներում այսօր՝ դեկտեմբերի 5-ին, «Մասնավոր հատվածում իրականացվող գործարար բարեվարքության քաղաքականությունը» խորագրով պանելային քննարկման շրջանակներում ելույթ ունեցավ նաև Հայաստանի ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) հակակոռուպցիոն փորձագետ Մարիամ Զադոյանը։
Պանելային քննարկումը կազմակերպվել է ԱՄՆ ՄԶԳ-ի, Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի և Արդարադատության նախարարության ջանքերով։
Մարիամ Զադոյանն հայտնեց, որ այժմ ԻՀԱ-ն իրականացնում է «Ազդարարի՛ր, Հայաստան» ծրագիրը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ։ Փորձագետը կարևորեց հատկապես մասնավոր ոլորտում հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրման կարևորությունը։
«Մասնավոր ոլորտի ազդարարման համակարգերի ներդրումը խրախուսվում է նաև այն կազմակերպությունների համար, որոնք գործունեություն են ծավալում կոռուպցիայի տեսանկյունից ռիսկային ոլորտներում, ինչպես նաև այն կազմակերպություններում, որոնք հաճախակի են մասնակցում պետական գնումների մրցույթներին։ Վերջինս կարող է ներդրվել որպես հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի բաղկացուցիչ։
Ինչպես գիտենք՝ ՀՀ-ում իրավաբանական անձանց քրեական պատասխպանատվության ինստիտուտն է ներդրված, որում ևս նշված է՝ եթե ընկերությունը կարողանում է ապացուցել՝ քայլեր է ձեռնարկել, որպեսզի կոռոպցիոն հանցագործություններ աշխատակիցների կողմից չիրականացվեն, սակայն դա տեղի է ունեցել, ընկերությունը կարող է ազատվել պատասխանատվությունից: Քանի որ ՀՀ-ում իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը նոր է, դեռևս առկա չէ միասնական դատական պրատիկա առ այն, թե ինչպես դատարանի կողմից կգնահատվի հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրումը՝ որպես պատասխանատվությունը բացառող հանգամանք դիտարկելու տեսանկյունից։ Ուստի, առաջարկվում է Քրեական օրենսգրքով հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի կիրառումը դիտարկել որպես իրավաբանական անձի քրեական պատասխանատվությունը բացառող կամ մեղմացնող հանգամանք։»,-նշեց փորձագետը։
Մանրամասները՝ տեսանյութում։