Հայաստանում փետրվարի 1-ից մեկնարկել է «Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների հզորացում» ծրագիրը, իսկ նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ շահագրգիռ անձանց մասնակցության քննարկվեց իրավական աջակցության, վերասոցիալականացմանն ուղղված աշխատանքների ներկայացումը։
Քննարկմանը բացման խոսքով հանդես եկան «Քաղաքացիական հասարակություն ինստիտուտ» ՀԿ-ի ներկայացուցիչ Գևորգ Սիմոնյանը և ՀԿ-ի տնօրեն Արտակ Կիրակոսյանը, ովքեր ողջունեցին ներկաներին՝ հատկանշական համարելով այս հարցի շուրջ և՛ պետական կառույցների, և՛ ՏԻՄ-երի, և՛ քաղհասարակության, և՛ միջազգային կառույցների սերտ համագործակցությունը։
Գևորգ Սիմոնյանը ներկայացրեց «Ջուրեմոնիա» ծրագիրը և ընդգծեց, որ ծրագրի հիմնական նպատակն է խթանել քաղհասարակության դերը արդարադատության ոլորտի բարեփոխումներում։ Նշվեց, որ ծրագրին անդամակցում է 22 հասարակական կազմակերպություն, որոնք ակտիվորեն ներգրավված են ծրագրի իրականացման գործընթացում: 2023 թվականի իրադարձությունները և առկա մարտահրավերները հիմք ընդունելով «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի ներքո ենթադրամաշնորհային համաձայնագրի հիման վրա իրականացվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ճգնաժամային աջակցության ծրագրեր։
Այնուհետև Արտակ Կիրակոսյանը նշեց, որ հանդիպման ընթացքում կներկայացվեն մինչ այժմ բացահայտված խնդիրները, առկա կարիքները և դրանց լուծման անհրաժեշտ քայլերը: Ա. Կիրակոսյանն ընդգծեց, որ խնդիրները բազմազան են՝ սկսած կենցաղայինից մինչև համակարգային լուծումներ պահանջող հարցեր:
Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Մարիամ Զադոյանը ներկայացրեց «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագրի հիմնական նպատակները, իրականացված գործողությունները և armrights.am հարթակի գործառույթները: Մանրամասն անդրադարձ կատարվեց ծրագրի շրջանակներում վեր հանված խնդիրներին և դրանց լուծման հնարավոր ուղիներին:
Քննարկման ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց սոցիալական աջակցության ծրագրերից դուրս մնացած անձանց խնդիրներին: Զեկուցողը շեշտեց աջակցության ծրագրերում դիմումների ներկայացման ժամկետային սահմանափակումների վերացման անհրաժեշտությունը, քանի որ դրա պատճառով բազմաթիվ անձինք զրկվել են աջակցություն ստանալու հնարավորությունից: Առաջարկվեց մշակել գործուն մեխանիզմ, որպեսզի 2020 թվականին տեղահանված, սակայն Օպերատիվ շտաբի ցուցակներում չներառված անձինք կարողանան համապատասխան ապացույցներ ներկայացնելով՝ ընդգրկվել շահառուների ցանկում:
«Քաղաքացիական հասարակություն ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Արտակ Կիրակոսյանը, որը առաջարկեց ներդնել «մեկ պատուհանի» սկզբունքը՝ որպես խնդիրների լուծման և ինտեգրման արդյունավետ մեխանիզմ: Նա նշեց, որ թեև այս մոտեցումն արդեն առաջարկվել է նախորդ քննարկումների ընթացքում, սակայն պետական մարմինների որոշ ներկայացուցիչներ առարկել են՝ պնդելով, որ այդ մոտեցումը կխոչընդոտի ինտեգրմանը: Կիրակոսյանը բարձրացրեց մի շարք խնդիրներ՝ կապված պետության կողմից գույքագրման բացակայության և բնակապահովման ծրագրի սահմանափակումների հետ։ Նա առաջարկեց դիտարկել հիփոթեքային պայմանների փոփոխության հնարավորությունը և անդրադարձավ զբաղվածության ծրագրի որոշ ասպեկտների, մասնավորապես՝ վարսահարդարման և մատնահարդարման ծառայությունների նպատակահարմարությունը գյուղական բնակավայրերում և ինչ հնարավորություն դա կտա բռնի տեղահանված անձանց։
Հատուկ անդրադարձ կատարվեց բնակապահովման ծրագրերին՝ որպես բռնի տեղահանված անձանց առաջնային կարիք: Մասնավորապես նշվեց, որ ծրագիրը շեղվել է իր հիմնական նպատակից՝ բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովումից, և փոխարենը միտված է սահմանամերձ բնակավայրերի բնակեցմանը:
Մարիամ Զադոյանը բարձրաձայնեց նաև մի շարք այլ խնդիրներ՝ կապված քաղաքացիական կացության ակտային գրանցումների վերականգնման, ԴԱՀԿ ծառայության հետ համագործակցության, 2020 թվականի տեղահանման հետևանքով կրած նյութական վնասների մասնակի փոխհատուցման, ինչպես նաև քաղաքացիության պարտադիր պահանջի հետ:
Զեկույցներից հետո ֆորումի մասնակիցները հարցեր ուղղեցին զեկուցողներին։ Ներկաներից մեկը բարձրացրեց իրավապաշտպան կազմակերպությունների կողմից գիշերօթիկ հաստատություններ այցելությունների, բնակարանային ապահովման ծրագրի մերժումների հիմքերի և քաղաքացիության ընդունման՝ վերադարձի իրավունքի վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ:
Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Մարիաննա Ավագյանը, որը ի պատասխան հարցմանը տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունն իրավաբանական աջակցություն է տրամադրում տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության շրջանակներում։ Համայնքի բնակիչները անկախ իրենց բնակության վայրից նախապես տեղեկացվում են իրավաբանական խորհրդատվության այցերի մասին։ Իրավական խորհրդատվությունից կարող են օգտվել բոլոր շահագրգիռ անձինք, այդ թվում՝ գիշերօթիկ հաստատություններում բնակվողները, ովքեր ունեն իրավական խորհրդատվության կարիք։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիական ծառայության ներկայացուցիչ Աննա Մակարյանը ներկայացրեց Արցախից տեղահանված անձանց իրավական կարգավիճակը և օրենսդրական կարգավորումները։ Նշեց, որ 2023 թվականի հարկադիր տեղահանության առաջին իսկ օրվանից Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը սկսեց վարել տեղահանված անձանց միասնական շտեմարան։ Դժվարություն էր առաջանում այն դեպքում երբ տեղահանված անձինք չունեին որևէ նույնականացնող փաստաթուղթ։
Քչերին էր հայտնի, որ Հայաստանի և Արցախի միջև գոյություն ուներ համաձայնագիր, որի համաձայն Հայաստանը՝ որպես երաշխավոր պետություն, կարող էր տրամադրել անձը հաստատող փաստաթղթեր՝ ապահովելու վերջիններիս ազատ տեղաշարժն ու իրավունքների իրացումը։ Սկզբնական շրջանում այս փաստաթղթերը տրամադրվել են միայն Արցախի իշխանությունների կողմից հատուկ միջնորդված անձանց։ Հետագայում, գործընթացը դյուրացնելու նպատակով, որոշվեց տեղում տպագրել անձնագրեր՝ առանձնացնելով 070 կոդը։
Մարիաննա Ավագյանը հետաքրքրվեց՝ կարո՞ղ է արդյոք ՀՀ քաղաքացիություն ունենալը հիմք հանդիսանալ անձին տեղահանվածների շտեմարանում չներառելու համար։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը պատասխանեց, որ քաղաքացիության առկայությունը որևէ կերպ չի կարող խոչընդոտել անձի՝ տեղահանվածների շտեմարանում ներառվելուն։
Ի հիմնավորումն իր մտահոգության՝ Ավագյանը ներկայացրեց կոնկրետ դեպք, երբ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը գրավոր մերժել է բռնի տեղահանված անձի ներառումը շտեմարանում՝ հիմք ընդունելով վերջինիս ՀՀ քաղաքացի լինելու հանգամանքը։ Ի պատասխան՝ Միգրացիայի ծառայության ներկայացուցիչն առաջարկեց մանրամասն ուսումնասիրել տվյալ դեպքը՝ ենթադրելով, որ մերժման հիմքում կարող են լինել այլ պատճառներ, քան զուտ քաղաքացիության առկայությունը։
Արտակ Կիրակոսյանը հետաքրքրվեց տեղահանվածների կարիքների դինամիկայով և ՏԿԵՆ-ի կողմից իրականացվող աշխատանքներով։
Ի պատասխան հարցադրմանը ՏԿԵՆ-ի ներկայացուցիչը պատասխանեց, որ այս պահին առաջնային կարիքների առումով էական խնդիրներ չկան, իսկ համայնքներում առաջացող հարցերը լուծվում են անհապաղ:
ՏԿԵՆ-ի ներկայացուցիչը լրացուցիչ ընդգծեց, որ իրենք հանդես են գալիս որպես կապող օղակ՝ շարունակական քննարկումներ իրականացնելով բռնի տեղահանված անձանց և պետական մարմինների միջև։