Տեղի ունեցավ առցանց իրազեկման հանդիպում ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողների հետ

 «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի (Այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում կայացավ ևս մեկ իրազեկման սեմինար այս անգամ արդեն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողների հետ։ Հանդիպման նպատակն էր ՀՊՏՀ ԳՄ ուսանողներին ներկայացնել բյուջետային ոլորտում մասնագիտական զարգացման նոր հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում Իրավաբանների հայկական ասոցիացիայի ծրագրային օգնական Անահիտ Մարդոյանը ուսանողներին ծանոթացրեց բյուջետային ոլորտում մասնագիտական աճի նոր հեռանկարների հետ։ Նա հանգամանալից անդրադարձավ budgets.am հարթակի առավելություններին, որը հանդիսանում է բյուջետային գիտելիքների յուրացման ժամանակակից գործիք։

Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ուսումնական ծրագրի յուրաքանչյուր փուլի առանձնահատկություններին և առաջին հոսքի շրջանավարտների ձեռքբերումներին։

Հանդիպման ներկա էր նաև ՀՊՏՀ ուսանողուհի Լիանա Աղաջանյանը։ Որպես ծրագրի առաջին հոսքի շրջանավարտ, նա այժմ իր մասնագիտական գործունեությունն իրականացնում է ծրագրի շրջանակներում մեկնարկած «Բյուջե 360» ենթադրամաշնորհային ծրագրում։ Լիանան մանրամասն պատմեց, թե ինչպես է ծրագիրը դարձել իր մասնագիտական առաջխաղացման հիմնաքարը՝ օգնելով համադրել տեսական գիտելիքները պրակտիկ հմտությունների հետ։

Հանդիպումն ավարտվեց բովանդակալից երկխոսությամբ, որի ընթացքում ուսանողները ոչ միայն ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, այլև արտահայտեցին ծրագրին միանալու իրենց պատրաստակամությունը։

Բյուջետային ուսումնական ծրագրով հետաքրքրված ուսանողները կարող են մինչև սույն թվականի նոյեմբերի 30-ը գրանցվել այստեղ։

Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: