ՀԱԱՀ ուսանողներին ներկայացվեցին բյուջետային ուսումնական ծրագրի հնարավորությունները

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի իրազեկման սեմինար, որտեղ ապագա մասնագետները ծանոթացան բյուջետային ոլորտում կարիերա կերտելու նոր հեռանկարներին։

Սեմինարի մեկնարկին Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Անահիտ Մարդոյանը ողջունեց ուսանողներին՝ ներկայացնելով ծրագրի արդյունքները, budgets.am հարթակ, դրա  հնարավորությունները։ Ապա անցում կատարելով բյուջետային ուսումնական ծրագրին, ներկայացուցիչը նշեց, որ ուսուցման առաջին հոսքի արդյունքում ՀԱԱՀ ուսանողներ մեծ ակտիվություն ցուցաբերեցին և հույս հայտնեց որ երկրորդ հոսքի ընթացքում ևս ուսանողները կունենան ակտիվ մասնակցություն։

Շարունակելով՝ Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն, ծրագրի բյուջետային փորձագետ Կարինե Հարությունյանը հատուկ ուշադրություն դարձրեց ագրարային ոլորտի բյուջետավորման առանձնահատկություններին, նշելով, որ ոլորտը կարիք ունի նորարար և որակյալ մասնագետների։

Սեմինարի ընթացքում ելույթով հանդես եկավ նաև ՀԱԱՀ ուսանող Անժելա Քոչարյանի ելույթը, ով ներկայումս ներգրավված է արդարադատության ոլորտի բյուջեի մոնիթորինգի և վերլուծության մեջ՝ աշխատելով Տնտեսական իրավունքի կենտրոնի կողմից իրականացվող «Արդարադատության ոլորտի բյուջեի մոնիթորինգ և վերլուծություն իրականացում» ենթադրամաշնորհային ծրագրում։ Նա իր խոսքում նշեց, որ ծրագիրը դարձավ իր մասնագիտական կարիերայի մեկնարկը։ Իր խոսքով Անժելան ևս ծրագրում իր ճանապարհը սկսեց որպես ուսանող, իսկ այժմ արդեն մասնագիտական թիմի մաս է կազմում։

Սեմինարի ավարտին ուսանողները ակտիվորեն հետաքրքրվեցին ծրագրի մանրամասներով, ուսուցման ժամկետներով և դիմելու ընթացակարգով։

Բյուջետային ուսումնական ծրագրով հետաքրքրված ուսանողները կարող են մինչև սույն թվականի նոյեմբերի 30-ը գրանցվել այստեղ։

Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: