ԵՊՀ ուսանողներին ներկայացվեց երիտասարդ մասնագետների բյուջետային կարողությունների զարգացմանն ուղղված ուսումնական ծրագրի հնարավորությունը

Նոյեմբերի 18-ին Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում տեղի ունեցավ «Բյուջեներ քաղաքացիների համար» (Budgets for citizens) ծրագրի շրջանակներում կազմակերպված իրազեկման սեմինար։ Միջոցառման նպատակն էր ուսանողներին ծանոթացնել երիտասարդ մասնագետների բյուջետային կարողությունների զարգացման նոր հնարավորություններին։

Սեմինարը մեկնարկեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ, ծրագրի օգնական Անահիտ Մարդոյանի ողջույնի խոսքով։ Նա հանգամանալից ներկայացրեց ծրագրի հիմնական նպատակները, արդյունքները և budgets.am  բյուջետային գիտելիքների փոխանակման առցանց հարթակի առավելությունները։

Հատուկ ուշադրություն հատկացվեց երիտասարդ մասնագետների հմտությունների զարգացման ուսումնական ծրագրին, որը բացառիկ հնարավորություն է ընձեռում մասնակիցներին՝ ձեռք բերելու գործնական փորձ և զարգացնելու մասնագիտական կարողությունները բյուջետային ոլորտում։

Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ, ծրագրի փորձագետ Լիլիթ Հակոբյանն իր ելույթում անդրադարձավ ուսումնական ծրագրի բյուջետային բաղադրիչին՝ ներկայացնելով դրա առանցքային առավելությունները։

Սեմինարն ավարտվեց ակտիվ քննարկումներով, որի ընթացքում ուսանողները ստացան սպառիչ պատասխաններ իրենց հարցերին։ Բազմաթիվ ուսանողներ արդեն իսկ հայտնել են իրենց հետաքրքրությունը ծրագրին մասնակցելու վերաբերյալ։

Բյուջետային ուսումնական ծրագրով հետաքրքրված ուսանողները կարող են մինչև սույն թվականի նոյեմբերի 30-ը գրանցվել այստեղ։

Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: