Արմեն Սեյրանյանը Արցախից բռնի տեղահանվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո։ Iravaban.net-ի «Արցախահայերի իրավական խնդիրները Հայաստանում» շարքի շրջանակներում նա պատմեց, որ ճանապարհը շատ դժվարությամբ են անցել։ Սով է եղել, հացը մի քանի մասի կիսելով՝ մի կերպ հասել են։
«Անցակետում կանգնեցրել են, ստուգել ու բաց թողել։ Հիմա վարձով ենք ապրում, բայց այդ տանը էլի մարդիկ կան մեզ հետ վարձով ապրող։ Երկու սենյակ է, բայց դե փոքր է 5 հոգու համար»,-ասաց նա։
Մեր զրուցակիցը նշում է, որ ՏԻՄ-երի կողմից տրամադրվող պարենային օգնությունից շատ քիչ են օգտվել, նաև կենցաղային ապրանքների խնդիր կա, ինքը նոր է անցել աշխատանքի․ «Մեկ անգամ անկողնային պարագաներ են տվել։ Էլեկտրատեխնիկայով չեն օգնել։ Դեռ այդ ամենի անհրաժեշտությունը կա»։
Հարցին, թե ինչ իրավական խնդիրների են բախվել, պարոն Արմենն ասաց, որ իր երեխան պետք է գնար ճամբար, արտերկիր։ Երբ սկսել են կազմակերպել մեկնելու գործընթացը և երբ արդեն վիզան ստացել են, պետական կառույցներից բազմիցս հետաքրքրվել են, թե մեկնելիս ինչ փաստաթղթեր են հարկավոր, արդյոք պետք է անձնագրի հետ ներկայացնել նաև փախստականի կարգավիճակը հավաստող վկայականը, իրեն պատասխանել են, որ դա հարկավոր չէ։
«Ասացին հարկավոր չի, մենակ անձնագիրը հերիք է։ Երեխան երբ արդեն անցնում է, որ պետք է մեկնեն, իրեն կանգնեցնում են, ասում են, որ փախստականի կարգավիճակը հավաստող վկայականն անպայման պետք է լինի։ Դե ընկերները գնացին ինքն արդեն կոտրվեց։ Մեզ մնաց միայն մեր արած ծախսերը»,-նշեց նա։
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագիրը իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից «Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ` Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի շրջանակներում:
Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Արցախից բռնի տեղահանվածների ինտեգրմանը Հայաստանում իրենց բնակության նոր համայնքներում՝ նրանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացման միջոցով, բարձրացնել նրանց իրավունքների իրավական իրազեկության և արդարադատության հասանելիության մակարդակն ու պաշտպանությունը:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Մանրամասները՝ տեսանյութում։