Հայաստանյան ՔՀԿ-ների ֆինանսական կայունության հաջողության գրավականը ՔՀԿ-պետություն կառուցողական երկխոսության մեկնարկն է․ Կարեն Զադոյան

Սույն թվականի սեպտեմբերի 13-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում՝ «ՔՀԿ-ների ֆինանսական կենսունակության բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ քննարկում ՔՀԿ-ների ֆինանսական կենսունակության բարձրացման նպատակով։ Ծրագիրն իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Գործուն քաղաքացիական հասարակություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Քաունթերփարթ Ինթերնեշնլը՝ Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ։

Քննարկմանը մասնակցում էին ինչպես քաղհասարակական կազմակերպությունների, այնպես էլ պետական իրավասու մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ։

Հանդիպման մեկնարկին ներկաներին ողջունեցին Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը և «Գործուն քաղաքացիական հասարակություն» ծրագրի ղեկավար Մագդա Ավետիսյանը՝ հատկանշական համարելով այս հարցի շուրջ և՛ պետական կառույցների, և՛ քաղհասարակության, և՛ միջազգային կառույցների սերտ համագործակցությունը։

Այնուհետև, հանդիպումը շարունակվեց ԻՀԱ-ի կողմից իրականացվող «ՔՀԿ-ների ֆինանսական կենսունակության բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի ներկայացմամբ։ Կարեն Զադոյանը սկզբում խոսեց ծրագրի նպատակներից, դրանց իրականացմանը միտված անելիքներից և գործողություններից, ծրագրի շրջանակներում նախատեսվող քաղաքականության փաստաթղթերից, և ապա անդրադարձ կատարեց այն արդյունքներին և տեսլականին, որը ծրագիրը հետապնդում է։

«Անհատը կամ պետական մարմինը միգուցե կարող Է համակարգի մի հանգույցի լուծումը տալ, սակայն ամբողջական համակարգի կարգավորման համար անհրաժեշտ են կոլեկտիվ ջանքեր»,- նշեց ԻՀԱ նախագահը՝ հավելելով, որ ծրագրի հաջողության գրավականը, նախնական փուլում, կառուցողական երկխոսության մեկնարկն է, որը ՔՀԿ-պետություն համագործակցության կամուրջ կդառնա։

Ծրագրի փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը խոսեց ՔՀԿ-ների ֆինանսական կենսունակության բարձրացման վերաբերյալ հայեցակարգին դրույթներից՝ անդրադարձ կատարելով միջազգային հաջողված փորձին, ինչպես նաև անհատական երկրների նվիրաբերության մեխանիզմներին, ինչպիսիք են Ռումինիան, Սլովակիան, Ուկրաինան, Հունգարիան, Լիտվան և այլ երկրներ։

«Կատարված և նախատեսվող ուսումնասիրությունների, ինչպես նաև առաջիկայում դիտարկումների և առաջարկությունների արդյուքում արդեն պարզ կդառնա թե որ երկրի կամ երկրների գործուն մեխանիզմներն են առավել նպատակահարմար տեղայնացնել Հայաստանում», – իր խոսքն ամփոփեց փորձագետը։

Քննարկման ընթացքում ՔՀԿ ոլորտի փորձագետ, «ՔՀԿ չափիչ» զեկույցի հեղինակ Տաթևիկ Մարգարյանը նշեց, որ այս հարցի վերաբերյալ շատ կարևոր է ցույց տալ, թե սոցիալ-տնտեսական արդյունքների առումով ինչպիսի ավելացված արժեք կարող է ստեղծել եկամտահարկից այդ 1%-ը հասարակական սեկտորին տրամադրելը։

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի խոսքով` միջազգային փորձի ուսումնասիրության դեպքում պետք է առավել մեծ շեշտադրում կատարել մի քանի բաղադրիչներին և ցուցիչներին, օրինակ, սոցիալական երաշխիքները, որոնք պետք է համադրվեն Հայաստանում առկա ցուցիչների հետ, որպեսզի ստանանք դրական արդյունք։

Հանդիպման շրջանակներում նաև կազմվեց  աշխատանքային հարթակ՝ շահագրգիռ պետական կառավարման մարմինների և մասնագիտացված ՔՀԿ-ների ներկայացուցիչների կազմով, որի նպատակն է համակարգել ծրագրի շրջանակներում կատարվող աշխատանքները, ծավալել շարունակական քննարկումներ և երկխոսություններ։

Հանդիպման ավարտին մասնակիցները հույս հայտնեցին, որ ծրագիրը և դրա շրջանակներում ձևավորված աշխատանքային հարթակը կունենա իր դրական արդյունքները և կծառայի ՔՀԿ-ների ֆինանսական կենսունակության բարձրացմանը։

Հանդիպմանը ներկա էին նաև ՊԵԿ ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի պետի պարտականություններն իրականացնող Հրաչուհի Ջաբաղյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի գլխավոր իրավաբան Էլենա Սարգսյանը, ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչներ Իրինա Շահումյանը և Թեհմինե Պապոյանը, Քաունթերփարթ Ինթերնեշնլ կազմակերպության աշխատակից Դիանա Տեր-Ստեփանյանը, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ նախագահ Արփինե Հակոբյանը, «ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմինե Պոդոսյանը, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արտակ Կիրակոսյանը, «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոնի նախագահ Ղարիբ Հարությունյանը, «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Սաթիկ Բադեյանը, փորձագետ Արմեն Պետրոսյանը։