Հայաստանի ՔՀԿ-ների կոալիցիան (այսուհետ՝ Կոալիցիա) ուսումնասիրել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագծի (այսուհետ՝ ՎԻՎՕ Նախագիծ) և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծերի Փաթեթ) վերաբերյալ» ՀՀ արդարադատության նախարարության կողմից օրինագծերի հանրային քննարկումների պաշտոնական կայքէջում տեղադրված տարբերակը, ինչպես նաև Կոալիցիայի 2 ներկայացուցիչներ մասնակցել են նշված օրինագծերի 2024 թ. մայիսի 17-ին կազմակերպված հանրային քննարկմանը և ներկայացնում է հետևյալը:
Նախ, Կոալիցիան ողջունում է նոր ՎԻՎՕ և դրան հարակից օրենքների փաթեթի փոփոխությունների ու լրացումների հերթական փորձը, ինչն սկիզբ է առել դեռևս 2012 թվականին:
Այդ տարվանից ի վեր 12 տարի շարունակ ծախսվել են բյուջետային և զարգացման գործընկերների վարկային ու դրամաշնորհային հսկայական՝ մի քանի տասնյակ միլիոն ԱՄՆ դոլարի հասնող, միջոցներ, սակայն ցավոք խնդիրը դեռևս մնում էր չլուծված: Խնդրի չլուծումն, ըստ մեզ, պայմանավորված էր նաև հաճախակի փոփոխվող ՀՀ արդարադատության նախարարների քաղաքականությամբ, օրվա իշխանությունների ոչ բավարար ռազմավարական մտածողությամբ ու շահագրգռությամբ: Դրա վառ վկայությունն է այն հանգամանքը, որ այդ տարիների ընթացքում այդ ոլորտի պատասխանատու բազմաթիվ նախարարները բավարար չափով ականջալուր չեն եղել ՎԻՎՕ փոփոխությունների վերաբերյալ քաղաքացիական հասարակության բազմաթիվ առաջարկություններին (այդ թվում մեր Կոալիցիայի ներկայացուցիչ կազմակերպության կողմից ներկայացված 2017 թ. հոկտեմբերի 30-ին, 2018 թ. մայիսի 24-ին, 2023 թ. հունիսի 16-ին, ՀՀ ԱՆ հանրային քննարկումների պաշտոնական կայքէջում կազմակերպված հանրային քննարկումների ժամանակ) և շարունակել են դա շուրջ 40 տարի շարունակ օգտագործել ՀՀ իրավակիրառ պրակտիկայում: Մինչդեռ դրանում առկա էին բազմաթիվ իրավական կարգավորումներ, որոնք հղում էին տալիս նախկին ԽՍՀՄ օրենսդրությանը, սոցիալիստական սեփականությանը, սոցիալիստական իրավագիտակցությանը և այլն և ըստ այդմ էլ ՀՀ վարչական մարմիններն ընդունում էին ի սկզբանե առոչինչ վարչական ակտեր՝ ուղղված անկախ Հայաստանի ֆիզիկական ու իրավաբանական անձանց վարչական պատասխանատվությանը, և որոնց բողոքարկումը անկախ Հայաստանի դատարաններում առաջացնում էր նախ այդ անձանց կողմից անհարկի նյութական ու ոչ նյութական (բարոյական) վնասների, ապաև՝ դատարանների նկատելի ծանրաբեռնվածությանը:
Այդ օրենսդրության հիշյալ բացթողումների պարագայում իրավասու պաշտոնատար անձինք հաճախ ղեկավարվում էին ոչ թե կոնկրետ իրավական դրույթներով, այլ` հայեցողական որոշումներով։ Մտահոգող էր նաև այն, որ վարույթի համար սահմանված բազմաթիվ անհարկի առանձնահատկությունները գործնականում խիստ բարդացնում էին գործառույթների իրականացման բնականոն ընթացքը, անխուսափելի դարձնում անհարկի ֆինանսական և մարդկային ծախսեր պահանջող յուրաքանչյուր ոլորտին համապատասխան մասնագիտական լրացուցիչ պատրաստվածություն անցնելու անհրաժեշտությունը և այլն։ Այսպիսի հանգամանքներում իրավասու պաշտոնատար անձինք չէին պահպանում վարչական վարույթի սահմանված իրավակարգավորումները, գերազանցում էին իրենց տրված հայեցողական ազատությունները, ինչի արդյունքում ՀՀ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, անկախ մարմինների համակարգերի աշխատակազմերում բացակայում էր պատշաճ վարչական վարույթի մշակույթը:
Արդյունքում ոտնահարվում էին ՀՀ ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատշաճ վարչարարության ու արդար դատաքննության սահմանադրական իրավունքները, ինչը հանգեցնում էր վարչական կոռուպցիայի ընդլայնմանը՝ որպես համակարգային կոռուպցիայի նոր գործիքի:
Վերոհիշյալի համատեքստում գտնում ենք, որ շրջանառվող Նախագծերով փորձ է կատարվել վերացնել ՎԻՎՕ և հարակից օրենքներում առկա վերոնշյալ բացթողումները, իրավական որոշ անհամապատասխանությունները (կոլիզիաները), իրացնել ՎԻՎՕ Նախագծի հիմնական նպատակը, այն է՝ բոլոր վարչական իրավախախտումները և դրանց համար նախատեսված վարչական տույժերը նախատեսել մեկ օրենսդրական ակտում, վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթը համապատասխանեցնել գործող հասարակական հարաբերություններին և իրավական համակարգին, ինչն արժանի է դրական գնահատականի:
Հատկանշական է, որ օրինագծերի հանրային քննարկումի ավարտից հետո՝ 05.10.2023 թ. անգամ, անցած 7 ամիսների ընթացքում ՀՀ ԱՆ-ն՝ որպես օրինագծերի հեղինակ, բավարար քայլեր չի կատարել դրանք հանրայնացնելու, ջատագովելու ուղղությամբ: Այդպիսի պասսիվ գործունեության արդյունքում ՀՀ ԱՆ կողմից 2024 թ. մայիսի 17-ին քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կազմակերպված օրինագծերի հանրային քննարկմանը մասնակցում էին ՀՀ արադարադատության նախարարության համակարգի 8 և զարգացման գործընկերների 4 ներկայացուցիչներ, և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ընդամենը 8 ներկայացուցիչներ: Հանրային քննարկմանը չէր մասնակցում զանգվածային լատվության ոչ մի ներկայացուցիչ: Հանրային քննարկման այսպիսի իրավիճակը վկայում է կառավարություն-քաղաքացիական հասարակություն կառուցողական համագործակցության ոչ բավարար կապի մասին, ինչը իրեն ժողովրդավարական համարող երկրում կարիք ունի լուրջ զարգացման և ամրապնդման՝ փոխադարձ վստահության բարձրացման և կառավարության կողմից քաղաքացիական հասարակակական կազմակերպությունների հզորությունների զարգացման, նրանց հանրային քաղաքականությանը մասնակից դարձնելու գործելակերպի ընդլայնման և իր լիազորությունների մի մասի պատվիրակմանը քաղաքացիական հասարակության կազմակերպություններին:
Բացի վերոհիշյալից քննարկվող Նախագծերում տեղ են գտել մի շարք հետևյալ բովանդկային բացթողումները. Որոնք կամ հակասում են ՎԻՎՕ նոր նախագծով սահմանված սկզբունքներին, կամ բավարար չափով չեն իրացնում Նախագծերի հիմնավորման մեջ ներկայացված մտահոգություններն ու նպատակադրումները (այդ մասին մանրամասն վերլուծությունը տեղադրված է Կոալիցիայի պաշտոնական կայքում):
Վերոհիշյալը թույլ է տալիս մեզ եզրակացնելու, որ, չնայած ՎԻՎՕ Նախագծի և Նախագծերի Փաթեթում կատարվել են գնահատելի փոփոխություններ ու լրացումներ, այդուհանդերձ դրանք չեն նպաստելու երկրում ամբողջապես իրացնելու ՀՀ սահմանադրությամբ ֆիզիկական ու իրավաբանական անձանց երաշխավորված իրավունքները՝ պատշաճ վարչարարության, արդար դատաքննության, խտրականության բացառման ուղղությամբ:
Հետևապես առաջարկում ենք սեղմ ժամկետում իրականացնել մասնագիտական լուրջ քննարկումներ վերոհիշյալ նախագծերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացրած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ըստ այդմ լրամշակել նախագծերը և ներկայացնել ՀՀ կառավարությանը:
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդ
Ծանոթություն. Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան մասնագիտական քաղաքացիական հասարակության կառույց է, որը հիմնադրվել է 2014 թ. նոյեմբերի 28-ին Երևանում: Կոալիցիային ներկայումս անդամակցում են ավելի քան 50 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, իսկ քարտուղարության գործառույթները իրականացնում է Իրավաբանների հայկական ասոցիացիան: