Վիրտուալ ուսումնական այց ԵՄ(Չեխիա) մասնակցային բյուջետավորման փորձի փոխանակման նպատակով

Օգոստոսի 1-ին «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի վիրտուալ ուսումնական այց՝ մենթորության և ԵՄ փորձի փոխանակման փուլի շրջանակներում կայացավ առցանց հանդիպում ուսումնական ծրագրի ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչների և ծրագրի կոնսորցիումի անդամ կազմակերպության՝ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) բյուջետային փորձագետ Յանա Ստեհնովայի հետ։

Վիրտուալ ուսումնական այցի հիմնական նպատակն էր Չեխիայի հաջողված փորձի փոխանակումը բյուջետային գործընթացում՝ շեշտադրում կատարելով ՔՀԿ-ների փորձի վրա պետական ​​կամ տեղական մարմինների հետ համագործակցության հարցում։

Հանդիպման սկզբում բյուջետային փորձագետ Յանա Ստեհնովան ողջունեց ուսումնական ծրագրի ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչներին ուսումնական ծրագրի առցանց և առկա/դեմառդեմ փուլերի  հաջող ավարտի համար։ Ապա, փորձագետը ներկայացրեց ԵՄ երկրներում, և մասնավորապես՝ Չեխիայի Հանրապետությունում բյուջետային գործընթացում քաղհասարակության մասնակցության հիմնական գործող մեխանիզմները, ինչպես նաև անդրադարձ կատարեց ՔՀԿ-ների և պետական ու տեղական մարմինների միջև արդյունավետ համագործակցությանը և դրա արդյունքում հաջողության հասնելու եղանակներին։

Մասնակիցներին խրախուսելու և մոտիվացնելու համար փորձագետը նաև խոսեց Չեխիայի Հանրապետության ՔՀԿ-ների գրանցած արդյունքներից և իրական ստացված օրինակներից։

Քննարկման ընթացքում ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչները հնչեցրեցին իրենց հուզող հարցերը փորձագետին, որոնք հիմնականում վերաբերվում էին պետական մարմինների հետ համագործակցային ճիշտ մեխանիզմների մշակմանը, Կառավարության կողմից ՔՀԿ-ների ֆինանսական կայունության աջակցման ծրագրերին, ՔՀԿ-ների համար կիրառվող հարկային ռեժիմին և այլ ոլորտային առաջնահերթություններին։

Քննարկումն ամփոփվեց փորձագետի՝ Հայաստանում բյուջետային գործընթացում քաղհասարակության մասնակցության բարձրացմանն ուղղված մոտիվացիոն խոսքով։

Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: