Հանդիպում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչների հետ

Սույն թվականի հուլիսի 29-ին երիտասարդ մասնագետների և ՔՀԿ/ԶԼՄ-ների բյուջետային ուսումնական ծրագրի մասնակիցներն ունեցան այցելություն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Այցելությունն իրականացվել է «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում մեկնարկած երիտասարդ մասնագետների ուսումնական ծրագրի խորացված և գործնական հմտությունների զարգացման և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչների բյուջետային ուսումնական ծրագրի դեմ առ դեմ փուլերի շրջանակներում։

Բյուջետային ուսումնական ծրագրի մասնակիցների հետ հանդիպեցին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ամփոփ վերլուծությունների, մոնիթորինգի և գնահատման վարչության պետ Սվետլանա Հովակիմյանը, Ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետ Արմեն Մնացականյանը, ԱՍՀ նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը, ԱՄՆ ՄԶԳ/Հանրային ֆինանսների կառավարման ծրագրի բաղադրիչ 1-ի ղեկավար Սուսաննա Եղիազարյանը և Վերլուծության և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Համզյանը։

Հանդիպման սկզբում ԱՄՆ ՄԶԳ/Հանրային ֆինանսների կառավարման ծրագրի բաղադրիչ 1-ի ղեկավար Սուսաննա Եղիազարյանը ողջունեց բյուջետային ուսումնական ծրագրի երիտասարդ մասնագետներին և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչներին իրենց այցի կապակցությամբ։

Ապա, Վերլուծության և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Համզյանի կողմից ներկայացվեց ողջ բյուջետային գործընթաց և այդ գործընթացում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից նախատեսվող միջոցառումները։

Բյուջետային ուսումնական ծրագրի մասնակից, Ինֆորմացիայի և կրթության զարգացման ցանցի ներկայացուցիչ Դավիթ Միրզոյանը ցանկացավ տեղեկանալ այն բյուջետավորված նախաձեռնությունների մասին, որոնք ուղղված են երիտասարդների ակտիվացմանը, կարողությունների զարգացմանը և հանրային կառավարման ոլորտում նրանց մասնակցության բարձրացմանը, որին ի պատասխան ԱՄՆ ՄԶԳ/Հանրային ֆինանսների կառավարման ծրագրի բաղադրիչ 1-ի ղեկավար Սուսաննա Եղիազարյանը նշեց, որ մշակվում է զբաղվածության նոր ռազմավարությունը, որն իր մեջ ներառելու է մի շարք միջոցառումներ ուղղված երիտասարդների զարգացմանը։

«Լուսաստղ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Գայանե Քոչինյանը հետաքրքրվեց ՔՀԿ-ների կողմից գրանցված այն արդյունքներից, որոնք գրանցվել են  բյուջետային հայտերի քննարկման արդյունքում։ Անդրադառնալով հարցադրմանը Անահիտ Համզյանը նշեց, որ քննարկման արդյունքում հավաքագրվել են մի շարք կարևոր առաջարկներ, որոնք նախատեսում են ներառել առաջիկա տարվա բյուջեի շրջանակներում։

Հանդիպման ավարտին նախարարության ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին հետագայում ևս պատասխանել մասնակիցների հարցերին և շարունակել համագործակցությունը երիտասարդների և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչների հետ։

Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: