ԻՀԱ-ի հետևողականության շնորհիվ շահառուի մարտ ամսվա աջակցության գումարը փոխանցվել է

Իրավաբանների հայկական ասոցիացիան «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագրի շրջանակներում բռնի տեղահանված և խոցելի (սոցիալապես անապահով, գործազուրկ, հաշմանդամ, ուսանող, կին և այլն) անձանց ցուցաբերում է անվճար իրավաբանական աջակցություն։ Նշված ծրագրի շրջանակներում մեզ է դիմել Դավիթ Սարգսյանը՝ ՀՀ կառավարության կողմից տրամադրվող աջակցության գումարը ստանալու խնդրով։
Շահառուն 2024-ի մարտի 28-ին հատել էր ՀՀ սահմանը և վերադարձել էր ապրիլի 16-ին: Վերջինս մարտ ամսվա աջակցության գումարը չէր ստացել։ Պարզելու համար արդյո՞ք ինքը կընդգրկվի մարտ ամսվա շահառուների վճարման ցուցակում, թե ոչ, կապ է հաստատել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ինչին ի պատասխան նրան հայտնել են, որ մարտ-ապրիլ ամսիների աջակցության գումարները իրեն չեն տրամադրվի, քանի որ ՀՀ-ի սահմանը հատել են։
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N1763-Լ որոշմամբ հաստատված Հավելված N 2-ի 21.1-ի կարգավորումները, ըստ որի` ամսական դրամական աջակցությունը նախորդ ամիսների համար վճարվում է տվյալ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունից 10 օրվանից պակաս բացակայելու դեպքում՝ մեր կողմից գրություն է կազմվել ուղղված Միասնական սոցիալական ծառայություն։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի հետևողական աշխատանքի շնորհիվ ներկայացված պահանջը բավարարվել է և շահառուի մարտ ամսվա աջակցության գումարը փոխանցվել է վերջինիս։