Դասընթաց բյուջետային գործընթացում շահերի պաշտպանության իրականացման և գործընթացից ակնկալվող արդյունքների վերաբերյալ

Հուլիսի 2-ին երիտասարդ մասնագետների և ՔՀԿ/ԶԼՄ-ների բյուջետային ուսումնական ծրագրի դեմ առ դեմ փուլի շրջանակներում տեղի ունեցան առանձին դասընթացներ երիտասարդների և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ՝ բյուջետային գործընթացում շահերի պաշտպանության (ՇՊ) իրականացման, ինչպես նաև այդ գործընթացից ակնկալվող արդյունքների վերաբերյալ։ Դասընթացներն իրականացվում են «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում։

Դասընթացների մեկնարկին մասնակից երիտասարդները և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչները լրացրեցին գիտելիքների ստուգման սկզբնական թեստերը, ապա Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը հանդես եկավ թեմայի վերաբերյալ դասախոսությամբ՝ խոսելով բյուջեի ՇՊ-ի իրականացման փուլերի, ՇՊ-ի թիրախային խմբերի, ինչպես նաև պետական և տեղական մակարդակներում ՇՊ-ի իրականացման եղանակների մասին՝ շեշտադրելով գործընթացից ակնկալվող արդյունքները։

Դասընթացի տեսական մասին հաջորդեց գործնական մասը, որտեղ մասնակիցները բաժանվեցին խմբերի և կատարեցին օրվա հանձնարարությունը, այն է՝ մշակելով շահերի պաշտպանության պլանի նախագիծ իր բաղկացուցիչ մասերով հանդերձ։

Դասընթացի ընթացքում մասնակիցներն ունեցան արդյունավետ քննարկում ՇՊ-ի իրականացման յուրաքանչյուր փուլերում առկա խոչընդոտների, ՇՊ-ի պլանի մշակման, ինչպես նաև մասնակցային գործընթացների գնահատման և ակնկալվող արդյունքների վերաբերյալ։

Դասընթացն ամփոփվեց գիտելիքների ստուգման վերջնական թեստի լրացմամբ՝ նպատակ ունենալով ստուգել մասնակիցների գիտելիքների մակարդակը մինչև դասընթացը և դասընթացից հետո։

Նշենք, որ դասընթացներն անցկացվում են հիբրիդային եղանակով՝ առկա և հեռավար ձևաչափերով՝ հնարավորություն տալով Երևանից հեռու մարզերի երիտասարդ մասնագետներին և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչներին մասնակցել դասընթացներին և ստանալ անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ։

Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: