ՄԻՊ ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի կատարման ընթացքը քննարկվել է համակարգող խորհրդի նիստում

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի հերթական նիստը: Նիստին մասնակցել է նաև Մարիամ Զադոյանը՝ որպես համակարգող խորհրդի անդամ Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ։

Նիստի ընթացքում քննարկվել է 2024թ․առաջին կիսամյակի գործողությունների կատարման ընթացքը։ Արդարադատության նախարարության և այլ պետական մարմինների ներկայացուցիչներն անդրարդարձել են յուրաքանչյուր գերատեսչությանն առնչվող գործողությունների կատարման մանրամասներին։ Մարիամ Զադոյանը ներկայացրել է առաջարկություններ՝ ուղղված գործողությունների ծրագրի կատարման և մշտադիտարկման աշխատանքների հնարավոր կատարելագործմանը։

Նախարարի տեղակալը նաև նշել է, որ ՀՀ կառավարության ընդունած որոշմամբ ՄԻՊ ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրում լրացվել է նոր գլուխ, որը նվիրված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, ինչը հնարավորություն կտա Կառավարությանը շարունակելու համակարգված կերպով հասցեագրել բռնի տեղահանված անձանց իրավունքների իրացման և պաշտպանության խնդիրները։

Միջոցառումը կազմակերպվել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության կողմից ֆինանսավորվող «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) միջոցով:

Լուսանկարը՝ ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքից