ՀՀ արդարադատության նախարարության, Բարձրագույն դատական խորհրդի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի մասնակցությամբ՝ «ԲԳԿ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի շրջանակներում այսօր՝ հունիսի 14-ին, կազմակերպվել և ընթանում է դատավորների գործունեության գնահատման և դատական վիճակագրության համակարգերի վերաբերյալ համաժողովը։
Միջոցառմանը ներկա են եղել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ԵՄ պատվիրակության դեսպան Վասիլի Մարագոսը, ԱՆ փոխնախարար Կարեն Կարապետյանը, Վարչապետի աշխատակազմի ԲԿԳ-Հայաստան Համակարգող/ կոնտակտային անձ Լիլյա Աֆրիկյանը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Մովսես Արիստակեսյանը և ոլորտի այլ մասնագետներ, դատավորներ։
ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանն իր խոսքում նշեց, որ մասնակիցների մոտ կարող է հարց առաջանալ՝ ինչպես են իրար հետ կապվում դատավորների գնահատումը և դատական վիճակագրության համակարգերը։
«Բանը կայանում է նրանում, որ միջազգային ստանդարտների և առաջավոր փորձի վերլուծությունը վկայում է այն մասին, որ վիճակագրությունը համակարգված և գիտակցված կիրառելու պարագայում կարող է արդյունավետ գործիք հանդիսանալ դատական գործունեությունը, կատարողականի արդյունքները գնահատելու, պլանավորելու և դատարանի արդյունավետ կառավարումն իրականացնելու գործում»,-նշեց ԻՀԱ նախագահը։
Կարեն Զադոյանը ընդգծեց՝ դատական համակարգում կատարողականի չափելիությունը և գնահատումը կարող է իրականացվել 3 մակարդակներում՝ ներպետական, առանձին դատարանների և անհատական (դատավորներ)։
«Հիմնական խնդիրներից մեկը գտնում ենք, որ դատավորների անհատական գնահատման համակարգի կատարելագործմանը միտված բարեփոխումները անհրաժեշտ է դիտարկել ավելի լայն՝ դատական համակարգի չափելիության և գնահատման կառուցակարգերի արդիականացմանն ուղղված տեսլականի ձևավորման շրջանակներում, որտեղ վիճակագրությունը կհանդիսանա դատական գործունեության կատարողականի արդյունքների գնահատման, պլանավորման և արդյունավետ կառավարման գործիք»,-նշեց Կարեն Զադոյանը։