ՀՀ արդարադատության նախարարության, Բարձրագույն դատական խորհրդի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի մասնակցությամբ՝ «ԲԳԿ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի շրջանակներում այսօր՝ հունիսի 14-ին, կազմակերպվել և ընթանում է դատավորների գործունեության գնահատման և դատական վիճակագրության համակարգերի վերաբերյալ համաժողովը։
Միջոցառմանը ներկա են եղել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ԵՄ պատվիրակության դեսպան Վասիլի Մարագոսը, ԱՆ փոխնախարար Կարեն Կարապետյանը, Վարչապետի աշխատակազմի ԲԿԳ-Հայաստան Համակարգող/ կոնտակտային անձ Լիլյա Աֆրիկյանը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Մովսես Արիստակեսյանը և ոլորտի այլ մասնագետներ, դատավորներ։
ԻՀԱ փոխնախագահ, դատաիրավական և հակակոռուպցիոն հարցերով փորձագետ Մարատ Ատովմյանը նշեց, որ ժողովրդավարական հասարակությունում իրավունքի գերակայության ապահովման տեսակետից առնվազն երկու կարևոր նախապայման կա․
«Դա անկախ դատական իշխանության, անկախ դատական համակարգի առկայությունն է և կոմպետենտ դատարաններ ունենալն է, որոնք կապահովեն արդարադատության բարձր մակարդակ, բարձր որակ։ Դատավորների անհատական գնահատումը առնչվում է այս երկու հիմնասյուներին։ Դատավորների աշխատանքի անհատական գնահատումն անշուշտ պետք է բարելավվի արդարադատության որակը, սակայն չպետք է խախտի դատավորների անկախության սկզբունքը»։
Փորձագետի խոսքով՝ կա ռիսկ, որ դատավորը կարող է աշխատել պարզապես բարձր չափանիշներ ունենալու համար անտեսելով օբյեկտիվությունը։
«Եթե անդրադառնանք տարբեր երկրների փորձին, հատկապես եվրոպական, ապա կարող ենք ասել, որ ամենատարբեր նպատակներով են կիրառվում դատավորների գնահատման այս չափանիշները։ Օրինակ, կան երկրներ, որոնք դատավորի աշխատավարձի և նաև կենսաթոշակի չափը պայմանավորում են այս գնահատման արդյունքներով։ Չնայած կան մասնագետներ, որոնք կարծում են, որ դատավորի աշխատավարձը չպետք է կապված լինի այդ գնահատականներից»,-նշեց Մարատ Ատովմյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։