ՀՀ արդարադատության նախարարության, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի մասնակցությամբ՝ «ԲԳԿ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի և Բաց կառավարման շաբաթ գլոբալ նախաձեռնության շրջանակներում մայիսի 27-ին կազմակերպվեց փորձագիտական քննարկում՝ պետության և համայնքային սեփականություն դարձող նվերների տնօրինման գործընթացի վերաբերյալ։
Արդարադատության նախարարի խորհրդական Էլինա Գեղամյանը նշեց, որ ֆոկուսխմբային քննարկումներից հետո արդեն կա օրենսդրական մեկ փաթեթ, որն ամբողջությամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից։
Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, հանրային ծառայողների համար նվերներ ընդունելու արգելքը «Հանրային ծառայության մասին» օրենքում տևական ժամանակ առկա է եղել, սակայն ոլորտում բազմաթիվ խնդիրներ կային, որոնք արձանագրվել էին նաև միջազգային գործընկերների կողմից։
«2022թ.-ին Արդարադատության նախարարությունը համակարգային բարեփոխումներ նախաձեռնեց նվերների ինստիտուտի հետ կապված։ Հստակեցվեց «նվեր» հասկացությունը, այն հիմա բավականին լայն է և ընդգրկում է պաշտոնատար անձին տրվող ցանկացած գույքային առավելություն։ Հստակեցվեց նաև թույլատրելի նվերների շրջանակը։ Բացի այդ, նախատեսվեցին այն հիմքերը, որոնց դեպքում նվերը դառնալու է պետության սեփականությունը»,-նշեց Էլինա Գեղամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Վարչապետի աշխատակազմի ԲԿԳ-Հայաստան համակարգող/ կոնտակտային անձ Լիլյա Աֆրիկյանը խոսեց Բաց կառավարման շաբաթի մասին ու նշեց, որ դրա նպատակն է գործընկերության անդամ պետությունների բնակչության շրջանում իշխանությունների, Կառավարության բաց և թափանցիկ լինելու անհրաժեշտության մասին խոսելը։
Նրա խոսքով՝ պետությունները խոստովանում են, որ պետական համակարգում և հանրության շրջանում մշակութային փոփոխությունների շատ դժվար է հասնել՝ բաց, թափանցիկ աշխատելու տեսանկյունից։
«Այսօր քննարկելու ենք հանձնառություններից մեկը, որը հակակոռուպցիոն գործողություն է։ Այս բաց կառավարման գործընկերության մեխանիզմը 10 տարիների ընթացքում Հայաստանում բավականին մեծ առաջընթաց է ապահովել մեր ներքին գործընթացներում։ Իհարկե, շատերը տեղեկացված չեն, որ այս կամ այն գործընթացը ԲԿԳ հանձնառության արդյունքն է, սակայն նպատակը ոչ թե դա է, այլ մեխանիզմների ներդնումը»,-նշեց Լիլյա Աֆրիկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
ԿԿՀ հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության ավագ մասնագետ Արմինե Դանիելյանի խոսքով՝ հանձնաժողովը դեռևս 2023-ի դեկտեմբերին սահմանել է նվերների հանձնման, հաշվառման, գնահատման կարգերը։
Նախատեսվում է նաև նվերների էլեկտրոնային ռեեստրի ներդնումը, որի վերաբերյալ քննարկումներն արդեն ավարտվել են։ Այն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ։
«Հանձնաժողովը նախատեսում է ռեեստրի ներդնումն ավարտել մինչև 2024-ի դեկտեմբերը, սակայն ժամկետները միայն հանձնաժողովից կախված չեն։ Հայտարարվել է աշխատանքների իրականացման համար բաց մրցույթ, որի առաջին փուլն ավարտվել ենք մայիսի 24-ին, սակայն դիմողներ չեն եղել։ Եվս 2 շաբաթով ժամկետը երկարաձգվել է»,-նշեց Արմինե Դանիելյանը՝ հավելելով, որ միջանկյալ լուծում են գտել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց կառույցի առաջարկները։ Նա նշեց՝ կարևոր է, որպեսզի ռեեստրում գրանցվեն ոչ միայն թույլատրելի, այլ նաև արգելված նվերները։ Կարգավորումների համաձայն՝ արգելված և ենթադրաբար, չստացված/չընդունված նվերները չեն գրանցվելու։
«Ենթադրվում է, որ արգելված նվերներ չեն ընդունելու, սակայն ինչ է լինելու, եթե ընդունեն։ Մեզ համար խնդրահարույց էր արխիվացման պրոցեսը»,-նշեց Սյուզաննա Սողոմոնյանը։
Փորձագետը խոսեց նաև անհատական նվերների սահմանման, նվերների գնման հնարավորության, վիճակագրության կազմման, արխիվացման, հրապարակայնության ապահովման մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Մովսես Արիստակեսյանը։ Նա նշեց, որ բավականին լավ ծրագիր է իրականացվել, քանի որ վերջին տարիներին լավ համագործակցություն է կառուցվել կոալիցիայի, Արդարադատության նախարարության, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և վարչապետի աշխատակազմի միջև։
«Պետական մարմինները պետք է կարողանան լսել քաղաքացիական հասարակության ձայնը։ Այս ծրագրի շրջանակներում, սա այն հարցն է, որը շատ է հուզում ՀՀ քաղաքացիներին»,-նշեց նա։
Այնուհետև քաղհասարակության ներկայացուցիչները տվեցին իրենց հուզող հարցերը։
Արիստակեսյանը հետաքրքրվեց նվերների ինստիտուտի այս ծրագրի ծախսարդյունավետության վերաբերյալ։
Էլինա Գեղամյանը ի պատասխան հարցադրմանն ասաց, որ այս գործընթացում ոչ մի հավելյալ ծախսեր չեն արվել, և ըստ այդմ ծախսարդյունավետությունը կարելի է բարձր գնահատել։
Անուշ Մարտիրոսյանը, «Մեդիան հանուն կրթության» ՀԿ նախագահը, ցանկացավ տեղեկանալ՝ արդյոք կան քննարկումներ և նախատեսվող կարգավորումներ կրթության ոլորտում առկա նվերների ստացման, ուսումնական հաստատությունների ղեկավարներին նվերներ տրամադրելու վերաբերյալ։
Արդարադատության նախարարի խորհրդականը նշեց, որ ցավոք ուսուցիչները, տնօրենները հանրային պաշտոն զբաղեցնող անձ չեն համարվում, ուստի իրենց վրա չեն տարածվում օրենսդրությամբ նախատեսված կարգավորումները, սակայն կան մի շարք կարգավորումներ բարեվարքության վերաբերյալ։
Մանրամասները՝ տեսանյութում։