Հոնկոնգի անկախ հակակոռուպցիոն հանձնաժողովի (ICAC) 8-րդ գիտաժողովի շրջանակներում Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի (այսուհետ` ԻՀԱ) նախագահ պարոն Կարեն Զադոյանը, ԻՀԱ-ի փոխնախագահ, Կոալիցիայի հակակոռուպցիոն փորձագետ պարոն Մարատ Ատովմյանը պաշտոնական հանդիպում ունեցան Մալազիայի հակակոռուպցիոն հանձնաժողովի գլխավոր հանձնակատար պարոն Թան Շրի Դատո Շրի Հաջի Ազամ բին Բակիի գլխավորած պատվիրակության հետ:
Մալազիայի պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցում էին Մալազիայի հակակոռուպցիոն հանձնաժողովի տնօրեն պարոն Դատո Մոնդ Հավազ Բին Նազարը և Մալազիայի հակակոռուպցիոն հանձնաժողովի գլխավոր հանձնակատարի ավագ օգնական տիկին Նիկ Նուրզարի Բինտի Մոնդ Զայնուդինը։

Այնուհետև ԻՀԱ-ի նախագահը ներկայացրեց Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի գործունեության հիմնական ուղղությունները, Հայաստանում իրականացվող հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքը, հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմինների համակարգը: Կարեն Զադոյանը ներկայացրեց նաև հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմինների խնդիրները ու Մալազիայի հակակոռուպցիոն հանձնաժողովի հետ հնարավոր համագործակցության շրջանակը, որից հետո Մարատ Ատովմյանը ներկայացրեց համագործակցության հնարավոր մեխանիզմերը, այդ թվում Հայաստանի հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմինների և մասնագիտացված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար կարիքի վրա հիմնված ուսումնական այցելությունների և դասընթացների կազմակերպումը, ինչպես նաև համատեղ հակակոռուպցիոն այլ ծրագրերի իրականացումը:
Կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրության վերաբերյալ այլ հարցեր ևս, դրանք համակարգային հիմքի վրա դնելու նպատակով կողմերը պայմանավորվեցին նախապատրաստական աշխատանքներ սկսել և առաջիկայում ստորագրել համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, ինչպես նաև քննարկեցին Մալազիայի հակակոռուպցիոն հանձնաժողովի երկու ներկայացուցիչների Հայաստանի Հանրապետություն ծանոթության այցելություն կազմակերպելու հետ կապված հարցերը:
Ինչպես տեղեկացրել էինք, ավելի վաղ, Կարեն Զադոյանը և Մարատ Ատովմյանը հանդիպումներ էին ունեցել Իտալիայի ազգային հակակոռուպցիոն մարմնի նախագահի և Հոնկոնգի անկախ հակակոռուպցիոն հանձնաժողովի ղեկավար կազմի հետ:
Տեղեկացնենք նաև, որ սույն թվականի մայիսի 22-ին, մեկնարկել էր Հոնկոնգի անկախ հակակոռուպցիոն հանձնաժողովի (ICAC) 8-րդ գիտաժողովը, որը նվիրված է մարմնի ստեղծման 50-ամյակին։ Այն կազմակերպվել է մարմնի և հակակոռուպցիոն մարմինների միջազգային ցանցի կողմից։ Գիտաժողովին ներկա են 60 երկրի 500 հակակոռուպցիոն առաջնորդ։