Արցախից (Լեռնային Ղարաբաղից)[1] բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը դատապարտում է այս տարվա մարտի 12-ի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որում խոսվում է խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում միջազգային դատարաններում և այլ կառույցներում առկա Հայաստանի բողոքները հետ կանչելու հնարավորության մասին։ Նման քայլը կարող է իրական վնասակար հետևանքներ ունենալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների, ռազմագերիների և այլ տուժած անձանց իրավունքների պաշտպանության համար և խաթարել Հայաստանի միջազգային իրավական ջանքերը։ Միջպետական գանգատներից հրաժարումը կարող է թուլացնել Հայաստանի իրավական դիրքերը միջազգային դատարաններում ինչպես կոլեկտիվ, այնպես էլ անհատական իրավունքների առումով՝ այսպիսով խոչընդոտելով արդարադատության և պատասխանատվության իրականացմանը:
Այս հայցերը անցյալի խախտումների, այդ թվում՝ արցախահայության դեմ ռազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների համար հավաքական արդարադատություն փնտրելու անկյունաքարն են հանդիսանում: Դրանք կենսական նշանակություն ունեն Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանության և նրա հավաքական վերադարձն ապահովելու գործում։ Դրանք անփոխարինելի են մարդկանց հոգևոր և մշակութային ժառանգությունը, Արցախում պետական և մասնավոր ունեցվածքը պաշտպանելու և նրանց վերադարձից հետո ապահով և արժանապատիվ կյանք երաշխավորող միջազգային պաշտպանության մեխանիզմներ ստեղծելու համար:
Ներկայացված գանգատները, որոնք վերաբերում են Արցախի բնակչության բռնի տեղահանմանը, ռազմագերիների և քաղաքացիական անձանց դիտավորյալ սպանություններին և բռնի անհետացումներին, խոշտանգումների և այլ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքին կամ պատժին, ազատության, արդար դատաքննության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի, ինչպես նաև այլ հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներին, Ադրբեջանի դեմ պաշտպանության կարևորագույն միջոցներ են հանդիսանում։ Հայցերից հրաժարվելը տուժած անձանց կթողնի առանց արդյունավետ իրավական պաշտպանության միջոցի, ինչի վկայությունն է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից Ադրբեջանում հայերի պաշտպանության որևէ միջոցի բացակայության ճանաչումը։ Այս քայլը կարող է խոչընդոտել պատասխանատվությանն ուղված ջանքերին և խաթարել արդարության հասնելու հնարավորությունները` հատկապես հաշվի առնելով ՄԻԵԴ-ի ընդունելության չափանիշների համաձայն անհատական գանգատների ներկայացման բաց թողնված ժամկետների պատճառով չիրացված իրավական միջոցների հնարավորությունները: Մասնավորապես, շատ տուժողներ ձեռնպահ են մնացել անհատական բողոքներ ներկայացնելուց՝ միջպետական գանգատների միջոցով արդարադատության հասնելու ակնկալիքով՝ զրկվելով օրինական ճանապարհով արդարություն և պատասխանատվություն փնտրելու իրական հնարավորություններից: Պահանջներից հրաժարվելը, ամենայն հավանականությամբ, բացասական ազդեցություն կունենա նաև արդեն իսկ ներկայացված անհատական գանգատների վրա:
Իրավական ուղիներին առաջնահերթություն տալը, մասնավորապես՝ գործադրման կոնկրետ մեխանիզմներ առաջարկող դատական որոշումների միջոցով, շատ կարևոր է արդարադատություն և փոխհատուցում փնտրելու համար, քանի որ դրանք, ի տարբերություն քաղաքական գործընթացների, ապահովում են տուժածների իրավունքների պաշտպանության, պատասխանատվության ապահովման և փոխհատուցման իրական հնարավորությունների ավելի հուսալի շրջանակ:
Մարդու իրավունքների տեսանկյունից այս գործողությունը ոչ միայն վտանգում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների և այլ տուժածների իրավունքների պաշտպանությունը, այլև վտանգավոր ազդակներ է ուղարկում առ այն, որ անցյալի վայրագությունները անպատիժ կմնան։ Նման դիրքորոշումը կարող է ակամայից օրինականացնել Ադրբեջանի թշնամական քաղաքականությունը հայերի նկատմամբ և ճանապարհ հարթել ապագա կոպիտ խախտումների համար՝ սպառնալով խաթարել խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված ջանքերը:
Ադրբեջանի դեմ գանգատները հետ կանչելու որոշումը կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ՝ էական վտանգ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի հավաքական գոյությանը։ Սա կարող է արատավորել Հայաստանի հեղինակությունը միջազգային մակարդակում՝ ազդելով միջազգային իրավունքի և արդարադատության պահպանման հարցում նրա հանձնառության ընկալմների վրա, որոնք չափազանց կարևոր են ժողովրդավարական և իրավական պետության համար: Սա կարող է խոչընդոտել ներդրումներ ներգրավելու, տնտեսական աճը խթանելու և դիվանագիտական ջանքերում արդյունավետորեն ներգրավվելու Հայաստանի կարողություններին։ Ավելին, նման քայլը կարող է խարխլել Հայաստանի հեղինակությունը միջազգային դիվանագիտության մեջ, խոչընդոտել նրա շահերը պաշտպանելու հնարավորությանը և պոտենցիալ կերպով հարաբերությունները լարել այլ երկրների և կազմակերպությունների հետ։
Ամփոփելով նշենք, որ Ադրբեջանի դեմ միջպետական գանգատների ետ կանչումն իր մեջ բազմակողմանի ռիսկեր է ներառում, որոնք դուրս են գալիս իրավական և դիվանագիտական հարթությունից: Այս լույսի ներքո, Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է միանշանակորեն տեր կանգնի Արցախի ժողովրդի արդարադատությանը հասնելու իր հանձնառությանը` պահպանելով Ադրբեջանի դեմ իր միջպետական դատական գանգատները թե՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, և թե՛ Արդարադատության միջազգային դատարանում։ Հրամայական է, այս բողոքներն արդյունավետ կերպով ներկայացնելու և պաշտպանելու նպատակով շարունակել անհրաժեշտ ռեսուրսներ ներդնելը և պատշաճ ջանասիրություն ցուցաբերելը: Բացի այդ, կարևոր է բոլոր համապատասխան կոնվենցիաների վրա հիմնված նոր իրավական գործողություններ նախաձեռնել՝ ուսումնասիրելով Միջազգային քրեական դատարանում արդարադատություն փնտրելու հնարավորությունը: Չափազանց կարևոր է պատասխանատվություն փնտրելու գործում հաստատակամ լինելը, որպեսզի երաշխավորենք, որ անցյալի վայրագությունները անպատիժ չմնան:
Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանց`
- «Հարմոնիա» շուշեցի կանանց ՀԿ
- «Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ
- «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ
- «Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ
- «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ
- «Կումայրի» արցախահայերի ՀԿ
- «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ
- «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ
- ««Ասկերանցիներ» համայնքի զարգացման կենտրոն ՀԿ
- «Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ» ՀԿ
- «Հայը կա» սոցիալական, անվտանգային և զարգացման ՀԿ
- «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ
- «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ
21.03.2024
[1] Եզրույթները հավասարազոր են և կարող են միմյանց փոխարինել։