Կայացավ ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների բյուջետային կարողությունների զարգացմանն ուղղված ուսումնական ծրագրի 1-ին իրազեկման սեմինարը

Մարտի 4-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Բյուջեներ քաղաքացիների համար» (Budgets for citizens) ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում իրականացվող Քաղաքացիական հասարակական կազմակերպությունների (ՔՀԿ-ներ) և Զանգվածային լրատվական միջոցների (ԶԼՄ-ներ) բյուջետային կարողությունների զարգացմանն ուղղված ուսումնական ծրագրի վերաբերյալ 1-ին իրազեկման սեմինարը։

Սեմինարին ներկա էին ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից ՔՀԿ ներկայացուցիչներ։ Հանդիպմանը մասնակցում էին «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ ծրագրերի համակարգող Արբակ Սարգսյանը, «Թուխմանուկ» իրավապաշտպան և կրթական կենտրոն» ՀԿ նախագահ Մարիամ Չախոյանը, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Մանե Մադոյանը, «Հաջողակ Կին» ՀԿ նախագահ Հռիփսիմե Քոչարյանը, «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Նունե Արաբաչյանը, «ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ Արամ Ոսկանյանը, «Հովսեփյան» գիտակրթական կենտրոնի տնօրեն Նարինե Հովսեփյանը, Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» Ակումբ ՀԿ լրագրող Կարինե Կազարովան, ինչպես նաև Ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը և Ծրագրի օգնական Անահիտ Մարդոյանը։

Սեմինարի սկզբում, Ծրագրի ղեկավար, ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը ՔՀԿ ներկայացուցիչներին ներկայացրեց Ծրագրի նպատակը, դրա շրջանակներում իրականացված և՛ փորձագիտական, և՛ տեխնիկական աշխատանքները։

Մասնակիցները ծանոթացան նաև Ծրագրի շրջանակներում ստեղծված budgets.am բյուջետային գիտելիքների փոխանակման հարթակին և դրա բաղադրիչներին։

Ապա Ծրագրի ղեկավարն անդրադարձ կատարեց Ծրագրի շրջանակներում նախատեսվող ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների հմտությունների զարգացմանն ուղղված ուսումնական ծրագրին՝ շեշտադրում կատարելով դրա առավելություններին, հնարավորություններին և արդյունքներին։

Այնուհետև Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը մասնակիցներեին ներկայացրեց ուսումնական ծրագրի բյուջետային բաղադրիչը:

ՔՀԿ ներկայացուցիչները մեծ ոգևորությամբ ողջունեցին Ծրագրի և դրա շրջանակներում իրականացվող ուսումնական ծրագրի գաղափարը՝ նշելով, որ բյուջետային գրագիտության բարձրացմանն ուղղված այս Ծրագիրն առավելապես կնպաստի ՔՀԿ-ների արդյունավետ գործունեությանը և կարողությունների մակարդակի բարձրացմանը։

Բյուջետային ուսումնական ծրագրով հետաքրքրված ՔՀԿ-ները և ԶԼՄ-ները կարող են մինչև սույն թվականի մարտի 31-ը գրանցվել այստեղ։

Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: