««eCourt-statistics» վիճակագրական վերլուծական գործիք» հանձնառության վերաբերյալ ֆոկուս խմբային քննարկում՝ պետական և մասնավոր կառույցների, ՔՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ

Հունվարի 24-ին կայացել է ԲԿԳ Հայաստան 2022-2024թթ․ Գործողությունների ծրագրի ««eCourt-statistics» վիճակագրական վերլուծական գործիք» հանձնառության վերաբերյալ 1-ին ֆոկուս խմբային քննարկումը։

Քննարկմանը մասնակցում էին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ ներքին գործերի նախարարության, ՀՀ Վճռաբեկ դատարանի, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ վիճակագրական կոմիտեի, ՀՀ դատական դեպարտամենտի, ՀՀ արդարադատության ակադեմիայի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի, ՀՀ փաստաբանների պալատի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Քննարկման նպատակն էր ծանոթանալ ««eCourt-statistics» վիճակագրական վերլուծական գործիք» հանձնառության շրջանակներում կատարված աշխատանքներին և բարձրաձայնել նախանշված խնդիրները։

Արդարադատության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Ռուբինա Մխիթարյանի կողմից ներկայացվեց հանձնառության շրջանակներում նախարարության կողմից իրակականցված աշխատանքները, կատարված վերլուծությունները միջազգային փորձի և չափանիշների վերաբերյալ, ինչպես նաև ներպետական ասպեկտի ուսումնասիրության նախատեսումը։

Այնուհետև ծավալվեց քննարկում մասնակիցների միջև, որի ընթացքում հնչեցին մի շարք հարցեր գործիքի մշակման և գործարկման ժամկետների, համակարգում վիճակագրական դասիչների ավելացման, համակարգի հանրային հասանելիության և սահմանափակումների, տվյալներն ինքնաշխատ եղանակով փոխանցելու վերաբերյալ։

Նշենք, որ ֆոկուս խմբային քննարկումն իրականացվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի գործընկերությամբ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «ԲԿԳ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի շրջանակներում, որը միտված է «ԲԿԳ» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2022-2024 թթ․ գործողությունների ծրագրի երկու հանձնառությունների՝ էլեկտրոնային արդարադատության և նվերների հաշվառման ռեեստրի ձևավորման գործում կառավարությանը աջակցության տրամադրմանը։