Նվերներ ընդունելու արգելքի վերաբերյալ ֆոկուս խմբային քննարկում՝ պետական և մասնավոր կառույցների, ՔՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ

Հունվարի 26-ին՝ առցանց ձևաչափով, տեղի ունեցավ ԲԿԳ Հայաստան 2022-2024թթ. Գործողությունների ծրագրի «Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնական պարտականությունների իրականացման հետ կապված նվերների ռեեստր» հանձնառության վերաբերյալ 2-րդ ֆոկուս խմբային քննարկումը։

1-ին ֆոկուս խմբային քննարկման թեման էր, թե մինչ այժմ «Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնական պարտականությունների իրականացման հետ կապված նվերների ռեեստր» հանձնառության իրականացմանն ուղղված ինչպիսի գործողություններ են իրականացվել, ինչպես նաև քննարկվեցին նվերների թվային ռեեստրի ստեղծման վերաբերյալ մի շարք հարցեր և առաջարկություններ։ Այս անգամ քննարկման հիմնական նպատակն էր ծանոթանալ նվերներ ընդունելու արգելքի ինստիտուտին, դրա վերևաբերյալ առկա և նախատեսվող կարգավորումներին։

Քննարկմանն իրենց մասնակցությունն ունեցան ՀՀ արդարադատության նախարարության, Վարչապետի աշխատակազմի ԲԿԳ-Հայաստան նախաձեռնության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Վարչապետի աշխատակազմի Քաղաքացիական ծառայության գրասենյակի, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի, Ազգային ժողովի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինչպես նաև «Յուքոմ» ՓԲ ընկերության, «BDO Armenia» ընկերության, , ինչպես նաև քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչները։

Ֆոկուս խմբային քննարկմանը որպես զեկուցող հանդես եկավ ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Էլինա Գեղամյանը։ Նա խոսեց «Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնական պարտականությունների իրականացման հետ կապված նվերների ռեեստր» հանձնառության շրջանակներում նվերներ ընդունելու արգելքի ինստիտուտի կատարելագործման և նվերների ընդունման արգելքը վերահսկող մարմնի սահմանման ուղղությամբ կատարված ոչ միայն առկա, այլև նախատեսվող կարգավորումներից։

Քննարկման մասնակիցները ուղղեցին մի շարք հարցեր հյուրասիրությունների, հանրային վերահսկողության, անհատույց մատուցված ծառայության դեպքում առկա կարգավորումների, գործուղումների և պետական այցերի ժամանակ կատարվող ծախսերի վերաբերյալ կարգավորումների, նվեր տալու հետ կապված կարգավորումների, ինչպես նաև թե՛ ներկայումս գործող կարգավորումների, թե՛ առաջիկայում կանխատեսվող նախագծի վերաբերյալ, որով կարգավորումներում փոփոխություններ կնախատեսվեն։

Նշենք, որ ֆոկուս խմբային քննարկումն իրականացվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի գործընկերությամբ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «ԲԿԳ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի շրջանակներում, որը միտված է «ԲԿԳ» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2022-2024 թթ․ գործողությունների ծրագրի երկու հանձնառությունների՝ էլեկտրոնային արդարադատության և նվերների հաշվառման ռեեստրի ձևավորման գործում կառավարությանը աջակցության տրամադրմանը։