Հանդիպում ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի գրասենյակի և Արցախից տեղահանված անձանց իրավունքներով զբաղվող ՀԿ ներկայացուցիչների միջև

Իրավաբանների հայկական ասոցիացիան ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի գրասենյակի հետ համատեղ այսօր՝ ապրիլի 13-ին, կազմակերպել է աշխատանքային քննարկում՝ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների իրավունքների պաշտպանության վերաբերյալ թեմայով։

Հանդիպմանը մասնակցում էր ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, նրա տեղակալ Լիպարիտ Դրմոյանը և 7 հասարակական կազմակերպությունների ղեկավար կազմի շուրջ 20 ներկայացուցիչներ․ դրանք են՝ «Շուշիի դեօկուպացիա», «Վերադարձ դեպի Քարվաճառ», «Հադրութի դեօկուպացիա», «Վերադարձ դեպի Դիզակ», «Վերադարձ դեպի Քաշաթաղ», «Կումայրի» արցախահայերի և «Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպությունները։

«2020 թականի պատերազմի հետևանքով բռնի տեղահանված անձանց կողմից ստեղծվել են դիմադրության կենտրոններ հանձինս նորաստեղծ հասարակական կազմակերպություների: Այժմ եկել է պահը բոլորի ջանքերը ուղղելու դիմադրության միասնական հարթակի ձևավորմանը` ուղղված Արցախի բռնազավթված տարածքների դեօկուպացիային, պատմամշակութային ժառանգության պաշտպանությանն ու արցախահայերի իրավունքերի պաշտպանությանը; Այդ օրակարգի իրականացման կարևոր խնդիրներից մեկը, ինչպես արդեն նշեցի, տեղահանված անձնաց իրավունքների պաշտպանությունն է: Այս առումով, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի հետ այսօրվա քննարկումը, ուղղված է ՄԻԵԴ-ում տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հնարավորությունների քննարկմանը: Նշված ձևաչափով թեև առաջին աշխատանքային հանդիպումն է, սակայն նմանատիպ հանդիպումները այսուհետ շարունակական կլինեն»,-նշել է Կարեն Զադոյանը։

Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի գրասենյակը վաղուց էր նման հանդիպում նախատեսում Արցախից տեղահանված բնակչության շահերը ներկայացնող կազմակերպությունների հետ։

«Վերջերս Արցախ այց ունեցանք։ Հանիպեցինք պետական մարմինների ներկայացուցիչների և համայնքների ղեկավարների հետ։ Աշխատանքներ ենք տանում Արցախում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ապացույցների հավաքման ուղղությամբ և այսպիսի հանդիպումները օգնում են մեզ այդ հարցում»,-նշել է նա։

Եղիշե Կիրակոսյանը և Լիպարիտ Դրմոյանը պատասխանել են ՀԿ-ների ղեկավար կազմի ներկայացուցիչների հարցերին։

Աշխատանքային քննարկման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի գրասենյակի և Արցախից տեղահանված անձանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների համագործակցության մեխանիզմների վերաբերյալ:

Նշենք, որ ««Շուշիի դեօկուպացիա», «Վերադարձ դեպի Քարվաճառ», «Հադրութի դեօկուպացիա», «Վերադարձ դեպի Դիզակ», «Վերադարձ դեպի Քաշաթաղ», «Կումայրի» արցախահայերի և «Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպությունները հիմնադրվել  են Իրավաբանների հայկական ասոցիացիայի աջակցությամբ։