Կայացել է 5-րդ հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի հանրային քննարկումը

Իրավաբանների հայկական ասոցիացիան, Իրավունքի Եվրոպա միավորումը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ), ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան և ՀՀ արդարադատության նախարարությունը կազմակերպել և անցկացրել են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի նախագծի հանրային քննարկումը։

Քննարկմանը մասնակցել է 50 մասնակից պետական մարմիններից, քաղաքացիական հասարակության կազմակերպություններից և ցանցերից, փաստաբանական, բիզնես և հակակոռուպցիոն փորձագիտական հանրությունից:

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը իր խոսքում կարևորել է քաղհասարակության դերը նախորդ ռազմավարությունների մշակման գործում և հույս հայտնել, որ 2023-2026 թվականների ռազմավարության մշակումը նույնպես քաղհասարակության ակտիվ ներգրավմամբ է կատարվելու։

Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշել է՝ ՏՀԶԿ վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կազմակերպության անդամ երկրներում կոռուպցիոն դեպքերի 68 տոկոսը գնումների ոլորտում են արձանագրվում։ Ֆինանսների նախարարության ընդհանուր քաղաքականությունը գնումների ոլորտում բացարձակ թափանցիկություն ապահովելն է։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն իր խոսքում նշել է, որ ինչպես կազմակերպությունը, այնպես էլ գործընկերները կանգնած են ՀՀ-ում հակակոռուպցիոն բարեփոխումների ակունքներում և նրանց համար շատ կարևոր է, որպեսզի այդ բարեփոխումները ճիշտ ուղով գնան։

Կարեն Զադոյանն անդրադարձել է նաև կոռուպցիային ընկալման համաթվին։ Ըստ նրա՝ համաթվի մասին խոսելիս պետք է ասել, որ հիմնական խնդիրը եղել է վարչական կոռուպցիայի հաղթահարումը․ «54 թիվը, որ նշել ենք, մենք փաստացի ձախողել ենք։ Մենք գիտենք․ եթե 50-ից ավելի է, փորձագետների գնահատմամբ, դա խոսում է համակարգային կոռուպցիայի վերացման մասին։ Եթե 50-ից ցածր է, ապա համակարգային կոռուպցիա կա։ Մեր երկրում, ըստ ինդեքսի, համակարգային կոռուպցիա ունենք։ Այս խնդիրները պետք է գրենք, որպեսզի դրված նոր նպատակներն իրատեսական լինեն»։
Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) համակարգող Հովսեփ Խուրշուդյանը կարևորել է կառուցողական երկխոսությունը՝ նշեց, որ պետական համակարգը և քաղհասարակության ներկայացուցիչները համատեղ ուժերով պետք է հաղթահարեն բոլոր խնդիրները։

ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը նշել է, որ պլատֆորմը կարևորում է հակակոռուպցիոն այնպիսի ռազմավարության մշակումն ու ընդունումը, որը կլինի հնարավորինս ներառական, հաշվի կառնի ոլորտում առկա ամենասուր խնդիրները, հասցեական լուծումներ կներառի այդ խնդիրների համար։
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իր խոսքում նշել է, որ մինչև կոռուպցիան չդառնա ամոթ, սարսափելի և ոչ ձեռնտու, քիչ բան կփոխվի հասարակության շրջանում։
Բացման խոսքում Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Հակոբ Ավագյանը չի համաձայնել այն դիտարկմանը, թե Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա։ Նրա խոսքով՝ դեռ վաղ է գնահատականներ տալը, քաննի որ կոռուպցիան միայն «քեշ» փողով կաշառքը չէ և ամենօրյա կյանքում տեսնում ենք այդպիսի դեպքեր։
Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պարտականությունները կատարող Հասմիկ Տիգրանյանը ներկայացրել է հակակոռուպցիոն ռազմավարության ընդհանուր նախագծի և դրանից բխող գործողությունների պլանը։ Նրա խոսքով՝ 5 ռազմավարական նպատակների ներքո են իրականացվելու գործողությունները։ Այդ ռազմավարական նպատակներն են.
• Կոռուպցիայի կանխարգելում,
• Կոռուպցիայի հակազդում,
• Հակակոռուպցիոն կրթություն և իրազեկում,
• Գործարար բարեվարքություն, գործարար շահերի պաշտպանություն, պետություն-գործարար վարչարարության դյուրացում,
• Հակակոռուպցիոն մոնիթորինգի և գնահատման համակարգի կատարելագործում։
Հակակոռուպցիոն փորձագետներ Մարիամ Զադոյանը և Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրել են 5 ռազմավարական նպատակների վերաբերյալ արված առաջարկները:
Փորձագետների ելույթներին հաջորդել է քննարկումը, որի արդյունքում մի քանի տասնյակ առաջարկություններ են հնչել, որոնք փոխանցվելու են ՀՀ արդարադատության նախարարությանը։