«Երբ մենք կունենանք պատժի անխուսափելիության գաղափարի արմատավորում, պատշաճ հակակոռուպցիոն կրթություն, պրոֆեսիոնալ և բարեվարք աշխատողներ, կունենանք իրապես անկախ և պրոֆեսիոնալ դատական համակարգ, մենք կկարողանանք հաղթահարել այդ չարիքը, որը կոչվում է կոռուպցիա»,-հակակոռուպցիոն պայքարի, կոմիտեի գրանցած արդյունքների և այլնի մասին Iravaban.net-ը զրուցել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հետ։
-Պարոն Խաչատրյան, արդեն շուրջ 2 տարի է, ինչ գործում է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Արդարացվա՞ծ եք համարում դրա ստեղծումը։ Ինչպիսի՞ արդյունքներ եք գրանցել։
-Միանշանակ արդարացված եմ համարում։ Արդեն արդյունք է կոմիտեի ստեղծումը և կայացումը։ Այս 2 տարին հենց այդ ժամանակահատվածն էր։ Բավականին բարդ է կատարվում ծառայողների անձնակազմի ձևավորումը, դա կապված է նաև կոմիտեում գործող ֆիլտրերի հետ, որոնք բավականին խիստ են։ Թեկնածուներն անցնում են նաև բարեվարքության ստուգում և շատ քիչ հավակնորդների է հաջողվում հաղթահարել այդ փուլը։ Մինչև օրս հաստիքների 50 տոկոսը համալրված չէ։ Բայց դրա հետ մեկտեղ կատարվել են նաև լուրջ աշխատանքներ թե՛ օպերատիվ բլոկի, թե՛ քննչական վարչությունների կողմից։
Իմ տեսլականը ներկայացնեմ հակակոռուպցիոն մարմնի գործունեությունը գնահատելու առումով։ Մենք ունենք հանցագործությունների վիճակագրություն, որը պարբերաբար ուսումնասիրում ենք։ Ենթադրենք՝ բռնությամբ կատարվող կամ գույքային հանցագործությունների աճը գնահատելիս վստահաբար դիտվում է որպես բացասական ցուցանիշ, ապա, ըստ իրավական վիճակագրության կանոնների, լատենտային բնույթ ունեցող հանցագործությունների աճը պետք է դիտարկվի որպես դրական երևույթ։ Նման հանցագործությունները գնահատում են որպես այսբերգ․ տեսանելի է միայն փոքր մասը, իսկ ստորջրյա հատվածը, որն անգամներով ավելի մեծ է, թաքնված է։ Լավ աշխատանքի արդյունքում մենք հենց այդ չերևացող մասն ենք բացահայտում։
Կարող է տպավորություն ստեղծվել, որ վերջին շրջանում ավելացել են կոռուպցիոն հանցագործությունները, վիճակագրությամբ հենց այդպես է։ Դա խոսում է այդ ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետության մասին։ 2 տարվա մեջ կայացրել ենք կոմիտեն, 0-ից ստեղծել ենք օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումը, տեխնիկապես համալրեր ենք այն։ Համագործակցության հուշագրեր ենք ստորագրել օտարերկրյա մեր կոլեգաների հետ։
2022 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում քննվել է 1047 վարույթ, որից 89-ը` 201 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Այս տարվա նույն ժամանակահատվածում քննվել է 1697 վարույթ, որից 160-ը 351 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
-Պարոն Խաչատրյան, շատ է խոսվում միջազգային համագործակցության կարևորության մասին, ի՞նչ քայլեր են կատարվել այս ուղղությամբ։
-Մենք մեր գործընկերների հետ փորձում ենք ապահովել սերտ համագործակցություն։ Անցած տարի հուշագիր ենք ստորագրել Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ (FBI), ակտիվ աշխատում ենք այդ կառույցի հետ։ Մի քանի օր առաջ հուշագիր ստորագրեցինք Իտալիայի ֆինանսական գվարդիայի հետ։ Համագործակցություն ունենք ակտիվների վերադարձով զբաղվող Բազելի կառավարման ինստիտուտի հետ։ Նախապատրաստվում են նաև այլ հուշագրեր, սակայն դրանցից զատ մենք ակտիվորեն համագործակցում ենք համանման գործառույթներ իրականացնող մյուս կառույցների, միջազգային կազմակերպությունների հետ։
Վերջերս Հետաքննությունների դաշնային բյուրոն մեր օպերատիվ անձնակազմի համար հմտությունների կատարելագործման մեծ դասընթաց էր կազմակերպել՝ պրակտիկ գիտելիքների փոխանցմամբ։ Այնպես որ, միջազգային համագործակցությունը մեր առաջնահերթություններից է, մենք դրան մեծ ուշադրություն ենք դարձնում։
-Գործնականում այդ հուշագրերը, այցերը որևէ կերպ անդրադառնո՞ւմ են գործերի բացահայտման վրա։
-Իհարկե, մենք բազմաթիվ իրավական փոխօգնության հարցումներ ենք ուղարկում մեր գործընկերներին, ստանում ենք պատասխաններ։ Ոչ միշտ է, որ այդ պատասխաններն ամբողջական են լինում, բայց շատ հաճախ տրամադրվում է տեղեկատվություն, որը բավականին մեծ օգնություն է քննությանը։ Հատկապես փողերի լվացման գործերով մենք բավականին լավ արդյունքներ ունենք։ Ոչ միայն մեր, այլ նաև մյուս օպերատիվ մարմինները սկսել են ավելի լավ աշխատել։ Այսբերգի չերևացող մասը դուրս է եկել ջրի երես։
Ես չեմ պնդում, որ մենք բոլոր դեպքերն ենք բացահայտում, սակայն դրանց ընթացքը, լուսաբանումը ինքնին հանգեցնում ենք պատասխանատվության անխուսափելիության գաղափարի արմատավորմանը։ Երբ մենք կունենանք այդ գաղափարի արմատավորում, մենք կունենանք պատշաճ հակակոռուպցիոն կրթություն, մենք կունենանք պրոֆեսիոնալ և բարեվարք աշխատողներ, կունենան իրապես անկախ և պրոֆեսիոնալ դատական համակարգ, մենք կկարողանանք հաղթահարել այդ չարիքը, որը կոչվում է կոռուպցիա։
-Նոյեմբերի 23-ի Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հակակոռուպցիոն պայքարը պատշաճ մակարդակի վրա չէ։ Սա, Ձեր կարծիքով, քննադատություն էր ուղղված կոմիտեի՞ն, թե դատական, դատախազական օղակներին։
-Կարծում եմ՝ սա վերաբերում էր բոլորին։ Պետք է ավելի լավ աշխատել, ավելի ջանասիրաբար, ավելի շատ աշխատել, դա ակնհայտ է։ Մեր վիճակագրությունը ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ կոմիտեի արդյունավետությունը գրեթե կրկնակի բարձրացել է։ Սա պայմանավորված էի ինչպես կարողությունների ավելացմամբ, տեխնիկական վերազինմամբ, այնպես էլ հանրության մեջ գոյություն ունեցող պատասխանատվության անխուսափելիության գաղափարի արմատավորմամբ։ 50-ից ավելի դեպք ունենք, երբ պարեկային ծառայողները իրենք են ձերբակալում իրենց կաշառք առաջարկող անձանց և նրանց ներկայացնում կոմիտե։
Ինչ է՝ նախկինում վարորդները չեն փորձե՞լ կաշառք տալ, իհարկե փորձել են։ Պարզապես վերափոխված կառույցը, պարեկային ծառայությունը ավելի լավ է աշխատում։ Կա՞ որևէ մեկը, ով կարող է ինձ ապացուցել, որ այս աճը բացասական երևույթ է։ Դեպքերն օբյեկտիվորեն չեն աճել, պարզապես բացահայտումն է լավացել։ Եթե Դուք ինձ հարց տաք՝ ՀՀ-ում կոռուպցիա կա՞, թե ոչ, ես կասեմ՝ ՀՀ-ում կա կոռուպցիա, բայց կոռուպցիայի կառուցվածքն է փոխվել։ Կոռուպցիայի ամենավտանգավոր տեսակը դա համակարգային կոռուպցիան է, այն ունի բրգաձև կառուցվածք, երբ վերից վար կոռումպացված է համակարգը։ Մենք նման երևույթ այսօր չունենք։ Դրանք լոկալ դեպքեր են, կարող է ներգրավված լինել 1 կամ 2 օղակ։
Կոռուպցիան վերացնելու քաղաքական կամք կա։
-Նշում եք, որ համակարգային կոռուպցիա չկա։ Սակայն կոռուպցիայի ընկալման համաթիվն այլ բանի մասին է վկայում։ Ըստ մեթոդաբանության՝ եթե երկրի ստացած միավորները 50-ից ցածր են, ապա երկրում համակարգային կոռուպցիան վերացած չէ։
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային ոչ-կառավարական կազմակերպությունը 2023-ի հունվարին հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2022 թվականի համաթիվը: Հայաստանը ոչ միայն չի չի հաղթահարել լճացումը, այլև թուլացրել է դիրքերը՝ կորցնելով 3 միավոր, և այժմ 46 միավորով հայտնվել է 63-րդ տեղում՝ նախորդ տարվա 58-րդի փոխարեն։
-Անկեղծ ասա, այդ գնահատման կառուցվածքին ես ծանոթ չեմ, չգիտեմ՝ ինչ չափորոշիչներ են դրվում դրա հիմքում, այդ իսկ պատճառով չեմ կարող ասել, թե ինչպես է այդ գնահատականը տրվել։ Ես եզրահանգումներս անում եմ ելնելով մեր կողմից քննված քրեական գործերից։ Ես, վերլուծելով մեր կողմից քննված քրեական գործերը, եկել եմ այդ եզրահանգման։
-Կառավարության նոյեմբերի 23-ի նիստի ժամանակ Դուք անդրադարձաք նաև դատարանում քննվող կոռուպցիոն գործերին, ասացիք՝ խնդիրներ են առաջանում դատական համակարգում։ Կարո՞ղ եք մանրամասնել՝ ինչ նկատի ունեիք։
-Գաղտնիք չէ, որ դատարան ուղարկված գործերը տարիներով ձգձգվում են, որի պատճառներից մեկը իրավունքի չարաշահումն է։ Պաշտպանական կողմը նույն միջնորդությունը մի փորք ձևափոխելով, նորից ներկայացնելով, դատական նիստին չներկայանալով․․․Գուցե այդ «չներկայանալը» դիտվում է հարգելի, որովհետև ինչ-որ բժշկական փաստաթուղթ են բերում կամ այլ բնույթի հիմքեր են ներկայացնում, բայց մենք ունենք փաստ, որ շատ հաճախ տեղի են ունենում իրավունքի չարաշահումներ։ Հարց է, որ այդ իրավունքի չարաշահումը չի գնահատվում որպես այդպիսին։ Դրա հետևանքով մենք ունենում ենք տարիներով ձգձգվող գործեր։ Կառավարության նիստի ժամանակ ես մասնավորապես խոսեցի խափանման միջոց կալանքի ընտրության մասին, քանի որ պրակտիկայում այդ «իրավունքի չարաշահումը» տեղի է ունենում հիմնականում այն դեպքերում, երբ ընտրված է լինում այլ խափանման միջոց, ազատությունից զրկելու հետ չկապված։
Մեղադրյալն ունի որոշակի պարտականություններ, ոչ միայն իրավունքներ։ Դրանց մեջ է մտնում քրեական վարույթին չխոչընդոտելը։ Քրեական դատավարության կարգավորումներով, որոնք վերաբերում են խափանման միջոցներին, հստակ նշվում է, որ խափանման միոջցը կիրառվում է այն նպատակով, որպեսզի մեղադրյալը պատշաճ կատարի իր պարտականությունները։ Ստացվում է, որ դատարաններն արձանագրելով, որ տեղի է ունենում իրավունքի չարաշահում, կարող են դա գնահատել, որպես պարտականությունների չկատարում և քրեական վարույթին խոչընդոտել։ Դրա հիման վրա կարող են փոխել խափանման միջոցը։
Երբ դատարանները իրենց մեջ համարձակություն գտնեն և իրավունքի չարաշահումներին տան պատշաճ գնահատական, դատական քննության ավելի ողջամիտ ժամկետներ կհաստատվեն։ Այսօրվա ժամկետները որևէ մեկը որպես «ողջամիտ» չի կարող գնահատել։ Հանրահայտ փաստ է, որ ուշացած արդարադատությունը ձախողված արդարադատություն է։ Տեղին է հանրության այն դժգոհությունը, որ կան կալանավորումներ, ձերբակալություններ, գործեր են գնում դատարան, բայց մենք չունենք դատավճիռներ։ Իմ ասածը վերաբերել է այդ հանգամանքին։ Պետք է պատշաճ գնահատական տրվի իրավունքի չարաշահմանը։
Դատական իշխանությանը վարկաբեկելու փորձ իմ ասածի մեջ չկա։
-Նշեցինք՝ դատարաններն ավելի համարձակ պետք է լինել։ Այսօր դատարանները համարձա՞կ չեն։
-Ես խոսեցի ոչ թե առհասարակ համարձակության մասին, ես խոսեցի կոնկրետ դեպքի մասին։ Մենք ունենք խնդիր, որ դատական պրոցեսները տարիներով երկարում են, տարիներով ձգվում են։ Մենք ակնհայտ տեսնում ենք, որ շատ դեպքերում իրավունքի չարաշահում է տեղի ունենում։ Եթե, օրինակ, միջնորդությունը չի ընդունվում, ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվում դատավորին, դրանից հետո բացարկ են հայտնում մեղադրողին, դրանից հետո կրկին ինչ-որ միջնորդություն են բերում այլ գործընթացի հետ կապված, մերժվելու դեպքում կրկին ինքնաբացարկի միջնորդություն է բերվում։ Սրան մենք ականատես ենք լինում նաև բազմադրվագ գործերով, որոնցով մեծ թվով մեղադրյալներ կան։ Մի օր մեկի պաշտպանը չի ներկայանում, մի օր՝ մեղադրյալն իրեն լավ չի զգում։ Ես չեմ կարող վստահաբար ասել, որ բոլոր դեպքերով տեղի է ունենում իրավունքի չարաշահում, բայց վստահաբար կարող եմ ասել, որ շատ դեպքեր ունենք, երբ իրավունքի չարաշահում է տեղի ունենում և սրան պետք է տրվի պատշաճ գնահատական։
-Պարոն Խաչատրյան, կոռուպցիայի դեմ պայքարի 3 հիմնասյուների, մասնավորապես՝ պատժի անխուսափելիության մասին էի ուզում խոսենք։ Ձեր գնահատմամբ՝ այսօր քննչական, դատախազական և դատական համակարգերը այնպես են աշխատում, որպեսզի պատիժը անխուսափելի լինի՞։
-Ես վստահաբար չեմ կարող այդպիսի դատողություն անել՝ մենք բոլորս միասին այդպես ենք աշխատում, որ պատասխանատվությունն անխուսափելի լինի, բայց դրա համար ամեն ինչ արվում է։ Դա կարող եմ ասել ոչ միայն մեր կոմիտեի վերաբերյալ, այլ նաև այլ իրավապահ մարմինների հետ կապված։ Դա տեսանելի է։
-Կոմիտեի նախագահի պաշտոնում Ձեր ընտրությունը շատ հարցեր առաջացրեց դրա շղարշային բնույթ ունենալու հետ կապված։ Ձեր գնահատմամբ՝ տեղի ունեցած ընտրությունը, գործընթացը կարելի՞ է համարել բաց և թափանցիկ։
-Իմ կարծիքը եթե ուզում եք իմանալ, եղել է առավել քան բաց և թափանցիկ, առավել քան դա պահանջվում էր։ Ես ուղիղ եթերում, տեսախցիկների առջև, ուսանողի պես տոմս եմ քաշել, որում կային մասնագիտական հարցեր, պատասխանել եմ դրանց, որից հետո տրվել են նաև այլ հարցեր, որոնք կապված են եղել բարեվարքության, կազմակերպչական կարողությունների հետ։ Այստեղ ամեն ինչ առավել քան բաց էր և այդ անկախ հանձնաժողովը կազմված էր տարբեր մարմինների ներկայացուցիչներից, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, ներկա էր միջազգային դիտորդ։ Ինձ տրված գնահատականները եղել են ամենաբարձրը ու չնայած դրան հանձնաժողովը երեքիս թեկնածություն էլ ներկայացրել է Կառավարությանը։
-Հանձնաժողովը ամբողջական կազմով չի գործել, պարոն Խաչատրյան։ Խնդիր չեք տեսնո՞ւմ, երբ նման կարևոր մարմնի նախագահի ընտրությունը նվազագույն ձայներով է անցել։ 7 անդամներից միայն 4-ն են կատարել այն։
-Իհարկե, ցանկալի կլիներ, եթե հանձնաժողովը գործեր ամբողջական կազմով, բայց այդ պրիտենզիաները ինձ չեք կարող ներկայացնել։ Ես այդտեղ որևէ մեղք չունեմ։
-Մինչև կոմիտեի նախագահի ընտրությունը, մրցույթը, երբևէ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումներ եղե՞լ են Ձեր ընտրության, առաջադրվելու և նման այլ հարցերի շուրջ։
-Ոչ և նման ընթացակարգ նախատեսված չէ։ Ես էլի եմ ասում՝ ընտրությունը եղել է բաց և թափանցիկ, հանրության աչքի առաջ։ Այն, ինչ-որ տեսել եք, հենց դա էր։ Ուրիշ ոչ մի բան մի փնտրեք։
Հարցազրույցը՝ Եվգենյա Համբարձումյանի
Մանրամասները՝ տեսանյութում։