Կայացավ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ղեկավար կոմիտեի 1-ին նիստը․ քննարկվել են նաև առաջիկա անելիքները

Եվրոպական միության աջակցությամբ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և չեխական «Ագորա Սենթրըլ Յուրըփ» ՀԿ-ի գործընկերությամբ, դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ծրագիր ղեկավար կոմիտեի 1-ին նիստը։

Նիստին ներկա էին ոչ միայն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները, այլև Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ծրագրերի ղեկավար Տաթևիկ Դավթյանը, ՀՀ ֆինանսների նախարարության Բյուջետային գործընթացի համակարգման վարչության բյուջետային գործընթացի վերլուծական մեթոդաբանության բաժնի պետի պաշտոնակատար Սվետա Հարոսյանը, «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն – Հայաստան» հիմնադրամի Քանակական հետազոտությունների ծրագրի ղեկավար Անի Ավետիսյանը, «ՀԿ Կենտրոն» ՀԿ նախագահ Արփինե Հակոբյանը։

Տաթևիկ Դավթյանը բացման իր խոսքում դրական գնահատեց ծրագիրը չիրականացնող այլ կազմակերպությունների ներգրավումը նման քննարկումներում։

«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրեց ՔՀԿ-ների կողմից բյուջետային տեղեկատվության տեղեկացվածության, կարիքների և օգտագործման ելակետային գնահատման հետազոտության արդյունքները։

Նա ներկայացրեց նաև բյուջետային գիտելիքի փոխանակման Budgets.am էլեկտրոնային հարթակը, որը նպատակ ունի տրամադրել հանրամատչելի բյուջետային տեղեկատվություն, դրա հնարավորությունները, ուսումնական բաժինները և այլն։ Կարեն Զադոյանի խոսքով՝ կարևոր է լինելու նաև մեկնարկող տեղեկատվական արշավը, որը նպատակ է ունենալու թե՛ քաղաքացիներին, թե՛ ՔՀԿ ներկայացուցիչներին, թե՛ պետական մարմիններում աշխատակիցներին իրազեկելու գործող հարթակի ու դրա հնարավորությունների մասին։ Նա ընդգծեց, որ տեղեկությունը տեղ կգտնի նաև սոցցանցերում՝ առավել մեծ լսարաններ ընդգրկելու համար։

Արդեն կատարված ուսումնասիրություններից, օրինակ՝ Բյուջետային տեղեկատվության ներկայացման միջազգային և հայաստանյան փորձի ուսումնասիրությունը, ներկայացրեց «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» (ՏԶՀԿ) ՀԿ-ի գործադիր տնօրեն, Ծրագրի ՏԶՀԿ կոմպոնենտի ղեկավարԿարինե Հարությունյանը։ Նա մանրամասնեց, որ քաղաքացիները պետք է իմանան, թե ինչպես են հավաքագրվում և ինչ ուղղություններով են ծախսվում պետական ռեսուրսները։ Պարզ և մատչելի բյուջետային տեղեկատվության առկայությունը հնարավորություն կտա որպես տեղեկացված շահառուներ մեծացնել հասարակության մասնակցությունը բյուջետային գործընթացներում և կառավարությանը պահել հաշվետու:

Նիստի ընթացքում ներկայացվեցին նաև ծրագրի շրջանակներում կատարած այլ աշխատանքները։

Ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Սվետա Հարոսյանը նշեց նման ծրագրերի կարևորությունը՝ բյուջեի կազմման որակի, դրանում փոփոխությունների իրականացման, առաջարկների հարցում, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀԿ-ներն են կրում որևէ ոլորտին բյուջեով ֆինանսավորման բաժին առանձնացնելու անհրաժեշտության մասին տեղեկությունը։ Նրա խոսքով՝ քաղհասարակության ակտիվության արդյունքում կշահի թե՛ նախարարությունը, թե՛ հասարակությունը։

«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն – Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչ Անի Ավետիսյանը նշեց, որ Բյուջետային գիտելիքի փոխանակման Budgets.am էլեկտրոնային հարթակն իրեն օգտակար կլինի ոչ միայն որպես քաղաքացի, որպես հիմնադրամի ներկայացուցիչ՝ այլև որպես դասասոխ։ Նա նշեց, որ իր ուսանողներին ևս կուղորդի հարթակ՝ բյուջեների վերաբերյալ հետաքրքիր ու մատչելի տեղեկատվություն ստանալու համար։

Արփինե Հակոբյանը ծրագրի շրջանակներում համագործակցություն իրականացնելու պատրաստակամություն հայտնեց։

Քննարկվեցին նաև ծրագրի շրջանակներում կատարված այլ աշխատանքներ, ինչպես նաև առաջիկա տարում կատարվելիք աշխատանքները։