«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի 2021 թվականի տարեկան հաշվետվություն

«ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ

Սիրելի՛  բարեկամներ, գործընկերներ և համախոհներ

           Ամենայն պատասխանատվությամբ և հպարտությամբ ձեզ եմ ներկայացնում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի (այսուհետ՝ ԻՀԱ) գործունեության 2021թ.-ի  տարեկան հաշվետվությունը (այսուհետ՝ Հաշվետվություն), որում ամփոփ ներկայացված են կառույցի գործունեության մասին տեղեկատվությունը, արդեն իսկ իրականացված և ընթացիկ ծրագրերը, կազմակերպված քննարկումները, մշակած փորձագիտական զեկույցները, ֆինանսական հաշվետվությունը և այլն։ Հաշվի առնելով և կարևորելով կառույցի գործունեության սկզբունքների, հատկապես բարեխղճության պահպանումը մեր շահառուների, անդամների, գործընկերների ու դոնոր կազմակերպությունների առջև, ինչպես  յուրաքանչյուր տարվա, այնպես էլ այս տարվա մասով հանրայնացնում ենք ամենամյա հաշվետվությունը:

            Այս տարի ևս կառույցը շարունակել է իր հիմնական գործունեությունը՝ նպաստելով հանրային քաղաքականությունների մշակմանը, փոփոխմանը և ընդունմանը արդարադատության, իրավունքի գերակայության, լավ կառավարման տարբեր ոլորտներում, առանձնակի ուշադրություն դարձնելով մարդու իրավունքների պաշտպանությանը, սահմանադրական, հակակոռուպցիոն և դատական համակարգի  բարեփոխումներին։

ԻՀԱ-ն հավատարիմ մնալով իր սկզբունքներին շարունակել է իր մշտական գործունեությունը ծավալել․ քաղաքացիներին տրամադրվել է անվճար խորհրդատվություն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում, քննարկվել են հետպատերազմյան խնդիրները և այդ խնդիրների հնարավոր լուծումները, և այլն։ Հավելեմ նաև, որ անցնող տարում ԻՀԱ-ի կողմից իրականացվել են հանրային մոնիտորինգներ և դրանց արդյունքում մշակվել են փաստարկված զեկույցներ մեզ համար թիրախային ոլորտների հիմնախնդիրների վերաբերյալ։

Հարգանքով և լավագույն բարեմաղթանքներով՝

Կարեն Զադոյան

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ, փաստաբան

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

ԻՀԱ-ն հիմնադրվել է 1995 թվականին, Երևանում: Իր գործունեության ընթացքում մշտապես վայելել է հասարակության վստահությունը և հանդիսացել է վստահելի գործընկեր իր համախոհների շրջանում։ Ունենալով սահմանված արժեքներ,  առաքելություն, տեսլական, մշակած ռազմավարական գործողությունների պլան և առաջնորդվելով դրանցով՝ ԻՀԱ-ն հաջողությամբ իրականացնում է իր առջև  դրված կանոնադրական նպատակները, հնարավորինս օժանդակում իր գործունեության ոլորտներում առկա մարտահրավերների և խնդիրների լուծմանը։

ԻՀԱ-ի գործունեության հիմնական ուղղություններից են՝ 

  • Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը,
  • մարդու իրավունքների, ներառյալ՝ սոցիալապես խոցելի խմբերի և կանանց իրավունքների պաշտպանությունն ու իրավագիտակցության մակարդակի բարձրացումը,
  • արդարադատության, այդ թվում՝ սահմանադրական, դատական և այլ թիրախային ոլորտներում բարեփոխումներին աջակցությունը,
  • իրավաբանների և երիտասարդների կրթմանը և քաղաքացիական հասարակության կայացմանը նպաստելը։

ԻՀԱ-ն հաշվետու ժամանակաշրջանում շարունակել է կառուցողական երկխոսութույնն ու համագործակցությունը տարբեր պետական, մասնավոր և միջազգային կառույցների հետ, որոնց շարքը մշտապես ընդլայնվում է։ ԻՀԱ-ն ունի կենտրոնական գրասենյակ և 4 մասնաճյուղեր՝ Երևանում, ՀՀ Շիրակի, Լոռու, և Սյունիքի մարզերում, որտեղ ծրագրերի իրականացման գործընթացում ներգրավվում են մարզային կառույցներ, տեղական ինքնակառավարման մարմիններ, արդյունքում՝ ԻՀԱ իրականացրած ծրագրերի ազդեցությունը առավել մեծամասշտաբ և ընդգրկուն է դառնում:

ԻՀԱ-ն ունի հարուստ իրավաբանական գրադարան, որի ծառայություններից օգտվում են Երևանի և մարզերի երիտասարդ իրավաբանները և այլ  անձինք, որոնք հետաքրքրված են իրավունքով։ Կազմակերպությունը մեծ տեղ է հատկացնում նորարարական  գործիքների կիրառմանը։ ԻՀԱ-ն գործարկում է երկլեզու պաշտոնական վեբ կայք՝ https://armla.am/։ Հանդիսանալով Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի (այսուհետ նաև՝ Կոալիցիա) քարտուղարության համակարգողը, գործարկում է Կոալիցիայի պաշտոնական կայքը՝ http://aac.am/, ապահովում է Կոալիցիայի գործունեության բնականոն ընթացքը, փորձագիտական աջակցություն է ցուցաբերում Կոալիցիային, հետևողականորեն լուսաբանում է Կոալիցիայի իրականացրած գործունեությունը, ապահովում գործունեության արդյունքների հրապարակայնությունը։ Հաշվետու ժամանակահատվածում ԻՀԱ-ն ստեղծեց նաև էլեկտրոնային ուսուցման հարթակ՝ https://elearning.armla.am/, որն արդեն հաջողությամբ գործարկվում է և հասցրել է սիրվել մեր շահառուների կողմից։ Ի հավելում նշենք, որ հարթակը նաև հատուկ բաժին ունի, որը ներառում է Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ուսումնական բաղադրիչը՝ հիմնական և խորացված փուլերով։

2021թ.-ին  հասանելիության բարձր ցուցանիշներով իր գործունեությունն է շարունակել նաև www.iravaban.net անկախ մասնագիտական լրատվական կայքը։ Կայքը  երկլեզու է, հասանելի է հայերեն և անգլերեն լեզուներով, գործարկում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը, որտեղ ունի ավելի քան 240.000 հետևորդ: Ակտիվ կերպով գործել է bizprotect.am կայքը, որտեղ անանուն կերպով հաղորդումներ են ներկայացվում բիզնես ոլորտում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի և այլ իրավախախտումների վերաբերյալ, իսկ ԻՀԱ-ն ապահովում է դրանց հասցեագրումը իրավասու մարմիններին։

 

ԻՀԱ-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐԺԵՔՆԵՐԸ ԵՎ ԹԻՄԸ

ԻՀԱ-ի առաքելությունն է՝  նպաստել Հայաստանում մասնագիտական բարձր կոմպետենցիաներ, անխոցելի բարեվարքություն ունեցող և իրավական նորարարություն կիրառող ինքնիշխան իրավաբանական համայնքի ձևավորմանը, հասարակությունում իրավական անվտանգ միջավայրի, իրավական մշակույթի, իրավունքի գերակայության և իրավական նորարարության արմատավորմանը:

ԻՀԱ-ի արժեքներն են՝  բարեվարքությունը, մասնագիտական բարձր գիտելիքները, առաջնորդությունը,  ազնվությունը,  թափանցիկությունը,  նորարարությունը,  թիմային ոգին, բարեխղճությունը, արդարությունը, համերաշխությունը, կառուցողական երկխոսությունը, նպատակասլացությունը, խիզախությունը և ներողամտությունը:

ԻՀԱ-ի թիմը հաջողության հիմնաքարն է։ Արհեստավարժ մասնագետները, ովքեր պարբերաբար կատարելագործում են իրենց գիտելիքներն ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, անգնահատելի ներդրում ունեն կառույցի կայացման և զարգացման գործում՝ հանդես գալով նոր նախաձեռնություններով և նորարարական գաղափարներով: ԻՀԱ-ն հընթացս կազմակերպում է միջոցառումներ՝ ուղղված իր անդամների մասնագիտական որակների բարձրացմանը և հարակից հմտությունների զարգացմանը, ինչպես նաև ազգային, կրթական և մասնագիտական արժեքների բարձրացմանը: ԻՀԱ-ի թիմը խիստ կարևորում է կառույցի գաղափարախոսության և արժեքների նշանակությունը և իր գործունեության ընթացքում մշտապես առաջնորդվում է դրանցով:

 

ԻՀԱ-Ի ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Աջակցություն 2020-2022թթ. ԲԿԳ գործողությունների ազգային ծրագրի համատեղ ստեղծմանը

             ԻՀԱ-ն իր մասնակցությունն է ունեցել և աջակցությունն է ցուցաբերել  նաև 2020-2022թթ. ԲԿԳ գործողությունների ազգային ծրագրի համատեղ ստեղծման գործում։ 2020 թվականի հոկտեմբերին մեկնարկեց «Աջակցություն 2020-2022թթ. ԲԿԳ գործողությունների ազգային ծրագրի համատեղ ստեղծմանը» ծրագիրը, որը ֆինանսավորվում էր Բաց կառավարման գործընկերության կողմից:

Ծրագրի նպատակն էր՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության և ոլորտային իրավասու պետական մարմինների հետ քննարկումների միջոցով աջակցել գալիք երկու տարիների գործողությունների ցանկի, թիրախային ոլորտների, անհրաժեշտ գործողությունների սահմանմանը:

Քննարկումները ծավալվել են կրթության, սոցիալական, պետական գնումների, առողջապահության և արդարադատության ոլորտների շուրջ: Մշակվել է ԲԿԳ գործողությունների ծրագրերի մշակման և առաջնահերթությունների չափանիշների որոշման կարգը։

 

Հայաստանում ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 2-րդ և 5-րդ գլուխների իրականացում

            Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի Կոալիցիայի հետ համագործակցությամբ մշակել են այլընտրանքային զեկույց Հայաստանում ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի Գլուխ II-ի (Կոռուպցիայի կանխարգելում) և Գլուխ V-ի (Ակտիվների վերականգնում) իրականացման վերաբերյալ։ 

            Անկախ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմնի բացակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքական ազդեցությունը, բարեվարքության պակասը, մոնիթորինգի և ռեսուրսների պակասը, ակտիվների վերականգման ինստիտուտի թերի կարգավորումները այն բազմաթիվ մարտահրավերներից են, որոնք դեռևս առկա են Հայաստանում՝ կոռուպցիայի դեմ պայքարում: 

            Հայաստանի կառավարությանը ուղղված առանցքային առաջարկությունները ներառում են հակակոռուպցիոն մարմինների, բարեվարքության ինստիտուտի, դատական համակարգի, գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերի, գնումների ոլորտի բացերին և ազդարարման համակարգերի բարելավմանը ու քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության բարձրացրմանը ուղղված լուծումներ, ինչպես նաև այլ առաջարկներ։ 

 

Երիտասարդությունը որպես կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկներ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 7-րդ հոսք

   Սույն թվականին ԻՀԱ-ը և Կոալիցիան իրականացրեցին «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» 7-րդ հոսքի ծրագիրը, որի հիմնական նպատակն էր՝ երիտասարդների շրջանակներում խթանել վերջիններիս դերն ու մասնակցությունը կոռուպցիայի դեմ շարունակական պայքարում: Ծրագիրն իրականացվել է առցանց եղանակով, իր մեջ ներառել է հիմնական և խորացված ուսուցման ձևաչափերը։ Մասնակիցների հետ քննարկվել են Հայաստանում իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականությունն ու դրա ուղղվածությունը, ինստիտուցիոնալ լուծումներն ու  առկա մարտահրավերները։  Ընտրված թեմաների շուրջ մենթորների օժանդակությամբ ունկնդիրները աշխատանքային խմբերի շրջանակներում կատարել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքները ներկայացվել են դպրոցի փակման արարողության ժամանակ, որն էլ կայացել է  դեկտեմբերի 9-ին՝ միջազգային հակակոռուպցիոն միջոցառումներին նվիրված օրվա ընթացքում։

 

«Արցախյան երկրորդ պատերազմը և հետևանքները» թեմայով տեսաքննարկում

            Սույն խորագրով տեսաքննարկումը տեղի է ունեցել մտագրոհի ու կարծիքների փոխանակման ձևաչափով, որի ընթացքում մասնակիցներն  անդրադարձել են 44-օրյա պատերազմում Արցախի կրած պարտության պատճառներին, վերհանել պաշտպանական գերատեսչությունում և Զինված ուժերում կոռուպցիոն դրսևորումները, ներկայացրել և փաստարկներով հիմնավորել բանակաշինության գործում կոռուպցիայի բացասական դերն ու անմիջական ազդեցությունը։ Մասնակիցները զուգահեռ են անցկացրել Ադրբեջանի հետ, խնդիրը դիտարկել աշխարհաքաղաքակության համատեքստում, վերհանել հետխորհրդային Հայաստանի հակակոռուպցիոն պայքարի հաջողություններն ու թերությունները՝ մատնանշելով հակակոռուպցիոն քաղաքականության ուղղակի կապը անվտանգային համակարգի հետ։

Քննարկման երկրորդ մասը նվիրվել է առաջ քաշված խնդիրների լուծմանն ու առաջարկությունների ներկայացմանը։ Ըստ այդմ՝ մասնակիցները կարևորել են կոռուպցիայի դեմ համակարգային պայքարը, այն բարձրաձայնելու և հանրության լայն շրջանակներին լսելի դարձնելու հրամայականը, իշխանությունների քաղաքական կամքը, կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորումը, հակակոռուպցիոն կրթության անհրաժեշտությունն ու այդ հարցում՝ հակակոռուպցիոն երիտասարդ առաջնորդների դերն ու գործուն մասնակցությունը։

            Անդրադառնալով վերոնշյալ քննարկամանը՝ հավելենք, որ տեսաքննարկումն իրականացվել է «Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի շրջանավարտների ակումբ» հարթակի շրջանակներում, որը ստեղծվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության «Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոց»-ի 6 հոսքերի շրջանավարտների համախմբման, փոխադարձ կապի ամրապնդման և համագործակցության խթանման նպատակով։

            Շարունակելով Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքների քննարկումը, նշենք, որ  տեղահանված քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն իրականացվել է ոչ միայն անվճար խորհրդատվությունների տրամադրմամբ, սոցիալական աջակցություն ստանալու հարցում աջակցություն ցուցաբերելով, այլև՝ ինստիտուցիոնալ միավորներ ստեղծելու միջոցով:

Քաղաքացիներին անվճար իրավաբանական խորհրդատվության տրամադրումը

ԻՀԱ-ն շարունակել է տրամադրել անվճար իրավաբանական խորհրդատվություններ մեր համաքաղաքացիներին։ Խորհրդատվությունները իրականացվել են ինչպես երևանյան, այնպես էլ մարզային գրասենյակների՝ Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզի գրասենյակների համակարգողների կողմից։ Հավելենք նաև, որ խորհրդատվությունները տրամադրվել են մի քանի եղանակներով՝ գրասենյակային այցելությունների,  հեռախոսազանգերի,  առցանց, ներառյալ՝ սոցիալական կայքերով ուղարկած հարցերը։  Հարցերը հիմնականում վերաբերել են սոցիալական ծրագրերին, պետական նպաստներին, դատական իրավունքի պաշտպանությանը և այլն։ Հաշվի առնելով հետպատերազմյան իրավիճակը՝  խորհրդատվություններ տրամադրվել են զինվորական ծառայության, դրամական փոխհատուցումների ու նմանատիպ այլ հարցերը վերաբերյալ։  Հնչեցված հարցերի շրջանակը ներառել է և՛ իրավաբանական, և՛ տեղեկատվական բնույթի հարցերը։

Անվճար իրավաբանական խորհրդատվություն ՔՀԿ-ներին

ԻՀԱ-ի Երևանի և մարզային գրասենյակները անվճար իրավաբանական խորհրդատվություն են տրամադրել ՀԿ-ներին և հիմնադրամներին՝ գրանցման, վերագրանցման հարցերի վերաբերյալ, այդ թվում մշակել են կանոնադրություններ, արձանագրություններ և կանոնադրական փոփոխություններ։ Խորհրդատվություն և պարզաբանումներ են տրամադրվել նաև ՀԿ-ների կողմից անմիջականորեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, հարկային պարտավորությունների, հաշվետվությունների, կամավորների գրանցման և նրանց հետ աշխատանքների կազմակերպման, գործատու-աշխատող իրավահարաբերությունների և այլ իրավական հարցերի վերաբերյալ։

 

Ուսումնասիրություններ և ճանապարհային քարտեզներ

2021 թ․-ի ընթացքում  Կոալիցիայի և ԻՀԱ-ի կողմից կատարվել և հրապարակվել են փորձագիտական ուսումնասիրություններ և ճանապարհային քարտեզներ հետևյալ թեմաներով․ դատարանի անկախության և արդյունավետ գործունեության երաշխիքների, ԲԴԽ դերի մասին, դատավորի բարեվարքության ստուգման ու պատասխանատվության մեխանիզմների վերաբերյալ թեմաներով։

             Առաջին թեմայի համատեքստում ուսումնասիրվել է դատավորի իրավական կարգավիճակի վերաբերյալ միջազգային փորձը, դատարանների և դատավորների անկախության երաշխավորման շրջանակներում ԲԴԽ դերը։ Հավելենք նաև, որ սույն հարցի շրջանակներում կատարվել է միջազգային փորձի ուսումնասիրություն՝ անդրադարձ է կատարելով 15-ից ավել երկրների փորձին։ Ապա, միջազգային և ազգային փորձի դիտարկումների հիման վրա մշակվել է ճանապարհային քարտեզ՝ հայաստանյան դատարանների և դատավորների անկախության երաշխավորման համատեքստում ԲԴԽ դերի բարձրացման և առաջնահերթ բարեփոխումների իրականացման ուղղությունների վերաբերյալ։

            Երկրորդ թեմայով անդրադարձ է կատարվել նաև այլ կարևորագույն հարցերին, այն է դատավորների բարեվարքության ստուգումն ու պատասխանատվության մեխանիզմներն արտակարգ (անցումային արդարադատության) պայմաններում, դատական բարեփոխումները, ներառյալ՝ դատական վեթինգի իրականացման միջազգային ստանդարտներն ու հիմնական ստանդարտները։ Դիտարկվել է նաև ՀՀ-ում դատավորի բարեվարքության ստուգումն ու պատասխանատվությունը` արտակարգ (անցումային արդարադատության) պայմաններում և դրա հիման վրա առաջարկվել է ՀՀ-ում դատավորների բարեվարքության ստուգում իրականացնելու մեխանիզմների ճանապարհային քարտեզը՝ կարճաժամկետ և երկարաժամկետ գործողություններով։

Մշտադիտարկումներ, քննարկումներ, վերլուծություններ և զեկույցներ

2021 թվականը լի էր դատական և հակակոռուպցիոն օրենսդրության փոփոխությունների և լրացումների, մշտադիտարկումների, մոնիթորինգների նախաձեռնություններով: ԻՀԱ-ն և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան՝ որպես հակակոռուպցիոն ոլորտի մասնագիտացված և առաջնային կառույց, շարունակել է իր ակտիվ մասնակցությունը և օժանդակությունն օրինաստեղծ գործունեությանը: 

Մշտադիտարկումներ։ Բազմաբովանդակ աշխատանքներ են իրականացվել  ՀՀ Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի մշտադիտարկման վերաբերյալ․ Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան համատեղ ուժերով իրականացրել են ՀՀ Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառման 2021 թվականի առաջին կիսամյակի գործողությունների կատարման մշտադիտարկում, որի հիմնական նպատակն է եղել՝ Ռազմավարության միջոցառումների ծրագրի իրականացման ընթացիկ իրավիճակի և արձանագրված առաջընթացի գնահատումը։

Մշտադիտարկման դաշտային աշխատանքներն իրականացվել են 2021 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, իսկ զեկույցը մշակվել է նույն թվականի դեկտեմբեր ամսին։ Զեկույցի շնորհանդեսը և բովանդակային քննարկումը տեղի է ունեցել դեկտեմբերի 9-ին՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառման շրջանակներում, որը կազմակերպվել էր ԻՀԱ-ի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից։

Մշտադիտարկման իրականացման համար համադրվել են մի շարք գործիքներ, այդ թվում՝ կատարվել են տեղեկատվության հարցումներ համապատասխան պետական գերատեսչություններ, ուսումնասիրվել են առկա փաստաթղթերը, մոնիթորինգային զեկույցները և իրավասու պետական մարմինների կողմից զեկույցի նախագծի վերաբերյալ ներկայացրած դիտարկումներն ու առաջարկությունները, որոնք մասամբ ներառվել են զեկույցի վերջնական տարբերակում։ Իրականացվել է նաև ֆոկուս խմբային քննարկում մասնագիտացված ՔՀԿ-ների, ոլորտային փորձագետների և փաստաբանների շրջանում։

Մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ զեկույցին կարող եք ծանոթանալ  այստեղ

Ի հավելումն այս  հաշվետվության շրջանակներում արդեն իսկ  նշվածների, 2021 թվականին ԻՀԱ-ն և Կոալիցիան ներկայացրել են փորձագիտական կարծիքներ, առաջարկություններ,  զեկույցներ և վերլուծություններ հետևյալ թեմաներով.

  • ՀՀ-ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» 366-րդ հոդվածով նախատեսված Քաղաքացիական հասարակության պլատֆորմի ձևավորման կարգի նախագիծը,
  • ՀՀ դատական համակարգի ուսումնասիրություններ, փոփոխություններ և լրացումներ,
  • Ոստիկանության բարեփոխումների ռազմավարություն և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագիր,
  • ՀՀ արդարադատության նախարարության հեղինակած նախագծի ուսումնասիրումը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում,
  • Պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրերի փոփոխություններ և լրացումներ,
  • Հակակոռուպցիոն դատական համակարգի օրենսդրական շրջանակի փոփոխություններ և լրացումներ։

ԻՀԱ–Ի ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

  2021  
  Հազ.  
Աշխատանքի վճարման ծախսեր,սոցիալ.ապահովագր.վճարներ 9,140.4  
Հիմ.միջ.և ոչ նյութական ակտիվների մաշվածություն (ամորտիզացիա),դրանց նորոգման և սպաս.ծախսեր 13,105.9  
Գրասենյակային և կոմունալ ծախսեր 1,372.0  
Աուդիտորական և խորհրդատվական ծախսեր 10.0  
Բանկային ծառայություն.ծախսեր,ապահովության ծախսեր 24.0  
Չփոխհատուցվող հարկերից ծախսեր 10.0  
Վարչական այլ ծախսեր 15,317.7  
Հիմնական միջոցների օտարումից ծախսեր 5,293.7  
Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ 187.4  
Ծրագրային ծախսեր 20.0  
Անհատույց այլ ծախսեր 20.0  
Ընթացիկ հարկի գծով ծախս (եկամուտ) 1,947.6  
Ընդամենը 46,448.8  

  

ԻՀԱ-Ի ԽՈՐՀՈՒՐԴԸ

ԻՀԱ խորհուրդը համարվում է կազմակերպության ղեկավար մարմինը կազմակերպության համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում:

 

Անուն, Ազգանուն Պաշտոն
Կարեն Զադոյան ԻՀԱ-ի նախագահ, ԻՀԱ-ի խորհրդի նախագահ
Արփինե Եղիկյան ԻՀԱ-ի խորհրդի պատասխանատու քարտուղար
Մարատ Ատովմյան ԻՀԱ-ի խորհրդի անդամ
Զարուհի Հարությունյան ԻՀԱ-ի խորհրդի անդամ
Կարեն Քոչարյան ԻՀԱ-ի խորհրդի  անդամ

 

 

 

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Կենտրոնական գրասենյակ

ք. Երևան, Նալբանդյան 7,

թիվ 2 գրասենյակ

Հեռախոս (374 10) 540199

Հեռապատճե (374 10) 580299

Էլ. փոստ [email protected]

 

ԻՀԱ-ի երևանյան մասնաճյուղ,

Երևանի հակակոռուպցիոն կենտրոն

ք. Երևան, Նալբանդյան 7, թիվ 2 գրասենյակ (մուտքը բակի կողմից)

Հեռախոս (374 10) 540199

Հեռապատճե (374 10) 580299

Թեժ գիծ՝ 0 8000 11 10

էլ. փոստ [email protected]

ԻՀԱ-ի Լոռու մարզային մասնաճյուղ,

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

ք. Վանաձոր, Վարդանանց 82, բն. 1

Հեռախոս (374 322) 2 23 17

Հեռապատճե (374 322) 2 23 17

էլ. փոստ [email protected]

 

ԻՀԱ-ի Շիրակի մարզային մասնաճյուղ,

Շիրակի մարզի հակակոռուպցիոն կենտրոն

ք. Գյումրի, Տիգրան Մեծի պողոտա 1, բն. 2

Հեռախոս (374 312) 5 82 36

Հեռապատճե (374 312) 5 82 36

էլ. փոստ [email protected]

 

ԻՀԱ -ի Սյունիքի մարզային մասնաճյուղ,

Սյունիքի մարզի հակակոռուպցիոն կենտրոն

ք. Կապան, Ա. Մանուկյան 1, բն. 72

Հեռախոս (374 285) 5 25 11

Հեռապատճե (374 285) 5 25 11

էլ. փոստ [email protected]