«Որևէ բարեփոխում չի կարող հաջողություն ունենալ, եթե քաղաքացին դրա իրավատերը չէ»․ Սյուզաննա Սողոմոնյան

Բրյուսելում ընթանում է Հայաստան-Եվրոպա համաժողովը՝  «Օրենքի գերակայության, ժողովրդավարության հզորացում» խորագրով։ Քննարկման ընթացքում ելույթ ունեցավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագետ, ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի 1-ին խմբի համակարգող Սյուզաննա Սողոմոնյանը։

Նա խոսեց ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի գործունեության, կատարած աշխատանքի և պլանների մասին։ Փորձագետն անդրադարձավ նաև անցումային արդարադատությանը, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտին, ինչպես նաև հակակոռուպցիոն բարեփոխումներին․ «2018-ի օգոստոսից սկսվեցին փորձագիտական տարբեր քննարկումներ դատական վեթինգի իրականացման վերաբերյալ, բայց որպես այդպիսին, չենք կարող ասել, թե դատական վեթինգ է տեղի ունեցել Հայաստանում։ Դրանք փոխարինվել են կարգապահական վարույթներով»։

Սյուզաննա Սողոմոնյանը նշում է, որ 2020 թվականից հետո կատարված համեմատական վերլուծության արդյունքներով դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթները մեծամասամբ հարուցվել են Արդարադատության նախարարի կողմից․ «Մենք պետք է հասկանանք՝ պատասխանատվություն կիրառող մարմինները ինչ կառուցված պետք է ունենան։ Պետք է բալանսավորված մոտեցում կիրառել»։

Նա խոսեց նաև էլեկտրոնային արդարադատության մասին, որը ներդրվել է 2019-ին, սակայն այդ առումով որևէ լուրջ առաջընթաց չի գրանցվել։ Իր ելույթում Սյուզաննա Սողոմոնյանը հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակներում կարևորեց հակակոռուպցիոն կրթությունը, արձանագրեց՝ համակարգում կադրերի պակաս կա։

Մանրամասները՝ տեսանյութում։