Հայաստանի Հանրապետությունում գործող 1-ին հակակոռուպցիոն մասնագիտական կրթական նախաձեռնության` Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրները հուլիսի 28-ին վարպետաց դասերի և պրակտիկ հմտությունների զարգացման փուլի շրջանակներում հանդիպել են Iravaban.net անկախ, մասնագիտացված լրատվական կայքի խմբագիր Ալիսա Չիլինգարյանի հետ։
Նա ունկնդիրների հետ խոսել է մեդիաանվտագության, մեդիագրագիտության, մեդիահաղորդակցության, ինչպես նաև գնումների ոլորոտում կոռուպցիոն ռիսկերի մասին։
Ալիսա Չիլինգարյանը ներկաներին հորդորել է ավելի ուշադիր և պրպտող լինել տարբեր ԶԼՄ-ների հետևելիս, միանգամից չհատավալ կարդացած նյութին և ստուգել դրա ծագման աղբյուրը։
«Միշտ չէ, որ ԶԼՄ-ներում տեղ գտած ինֆորմացիան ամբողջությամբ կամ մասնակի համապաստախանում է իրականությանը։ Եվ պետք չէ յուրաքանչյուր ստացած ինֆորմացիա բացարձակ ճշմարտության նման ընդունել․ պետք է ստուգել և ճշտել։ Բացի ստացած տեղեկատվության աղբյուրը ճշտելը պետք է նաև ստացած լուրին բազմակողմանի նայել՝ այն ամբողջությամբ հասկանալու և ընկալելու համար»,-նշել է Ալիսա Չիլինգարյանը։
Iravaban.net-ի խմբագիրը խոսել է նաև գնումների ոլորտում առկա խնդիրների մասին։ Ալիսա Չիլինգարյանը անդրադարձել է պետական մարմինների կողմից կատարվող ներկայացուցչական ծախսերին և նշել, որ դրանք հաճախ հատում են տրամաբանության սահմանները։
Նա խոսել է դրանցից մի քանիսի մասին, օրինակ՝ թանկարժեք ալկոհոլային խմիչքներ, գորգեր, շարֆեր, զարդեր և նկարներ գնելու, նվիրելու մասին։ Ալիսա Չիլինգարյանը խոսել է նաև մեկ անձից կատարվող գնումներում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին։
Ունկնդիրները բանախոսին մի շարք հարցեր են ուղղել ինչպես գնումների ոլորտի, այնպես էլ Iravaban.net-ի գործունեության վերաբերյալ։
Նշենք նաև, որ երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում ուսուցումն իրականացվելու է հետևյալ փուլերով.
- ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ. Դպրոցի հակակոռուպցիոն ուսուցման առցանց հարթակի միջոցով ունկնդիրները կանցնեն հակակոռուպցիոն հիմնական դասընթաց` բաղկացած 25 թեմաներից: Առցանց ուսուցումը ավարտած կհամարվեն միայն այն ունկնդիրները, որոնք կլրացնեն բոլոր թեմաների գիտելիքների ստուգման հարցաթերթիկները և կհավաքեն առցանց ուսուցման ավարտման համար նախատեսված համապատասխան միավորները:
- ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐԻ ԵՎ ՊՐԱԿՏԻԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼ. խորացված փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կբաժանվեն խմբերի և յուրաքանչյուր խումբ խորացված ուսուցման շրջանակներում խորությամբ ուսումնասիրած հակակոռուպցիոն թեմաներից մեկի վերաբերյալ կկատարի ուսումնասիրություն, մշտադիտարկում կամ հետաքննություն: Այս փուլի ընթացքում աշխատանքները կկազմակերպվեն խմբային հանդիպումների, քննարկումների, ոլորտային պատկան և այլ իրավասու մարմինների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների տեսքով: Ունկնդիրները կսովորեն ինովացիոն մի շարք գործիքներ և ձեռք կբերեն նաև հարակից հմտություններ: Այս փուլում նախատեսվում է մենթորինգ՝ խմբերի համար։
- ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՓՈՒԼ. հմտությունների զարգացման փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հնարավորություն կստանան իրենց կողմից ստացած հակակոռուպցիոն գիտելիքները տարածել երիտասարդների շրջանում` հանրային իրազեկության սեմինարների միջոցով:
- ԽՈՐԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ. առցանց ուսուցման փուլում բարձր արդյունքներ գրանցած, խորացված հարցազրույցի փուլը հաջողությամբ ավարտած և ընտրված լավագույն 15-20 մասնակիցները կմասնակցեն Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի շրջանակներում կազմակերպվելիք արտագնա (Երևանից դուրս) հակակոռուպցիոն խորացված ուսուցմանը: Դպրոցի խորացված ուսուցման փուլը բաղկացած կլինի «Հակակոռուպցիոն խորացված ուսուցում» և «Ազգային ինքնության հենասյունները» ուսումնական մոդուլներից:
- ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ. պրակտիկ հմտությունների զարգացման և հանրային իրազեկման փուլերը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հեղինակավոր ժյուրիի և հանրության առջև կներկայացնեն իրենց ուսումնասիրությունների և հանրային իրազեկության աշխատանքների արդյունքները:
Դպրոցի բոլոր հինգ փուլերը հաջողությամբ ավարտած ունկնդիրներին կտրվի Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ավարտական վկայականներ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Կարեն Զադոյանի կողմից: Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը գործարկվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Iravaban.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: