Հայաստանի Հանրապետությունում գործող 1-ին հակակոռուպցիոն մասնագիտական կրթական նախաձեռնության` Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրներն այսօր՝ հուլիսի 13-ին, վարպետաց դասերի և պրակտիկ հմտությունների զարգացման փուլի շրջանակներում հյուրընկալվեցին Քննչական կոմիտե, որտեղ նրանց ընդունեց կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։
Ունկնդիրների և կոմիտեի նախագահի տեղակալի միջև ակտիվ քննարկում ծավալվեց հակակոռուպցիոն ոլորտում ՔԿ-ի որդեգրած քաղաքականության, դրա դեմ պայքարում կոմիտեի ունեցած դերի և առաջնահերթությունների վերաբերյալ։
Արսեն Այվազյանը շնորհակալություն հայտնեց Իրավաբանների հայկական ասոցիացիային, դպրոցին և ունկնդիրների՝ այս դասընթացը կազմակերպելու ու դրան մասնակցելու համար։ Նրա կարծիքով՝ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի գոյությունը, մասնակիցների ներգրավվածությունը կարևոր դեր ու նշանակություն ունի կոռուպցիայի կանխարգելման գործում․ «Հիմա դուք կանխարգելմանն եք մասնակցում։ Իրավագիտակցության բարձրացումը ամենակարևորն է այս ոլորտում։ Պետք է արմատախիլ արվի կաշառք տալու հոգեբանությունը։ Կոռուպցիայի դեմ պայքարում ձեզ նման մարտիկներ մեզ շատ են պետք»։
Նա նշեց, որ 2024 թվականի հունվարի 1-ից Ազգային անվտանգության ծառայության քննչական մարմինը միանալու է կոմիտեին, ինչպես դա արվեց Պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմni դեպքում։ Դրանից հետո ՀՀ-ն կունենա բացառապես 2 քննչական մարմին․ Հակակոռուպցիոն կոմիտեն և Քննչական կոմիտեն։
«Ժամանակավորապես կոռուպցիոն հանցագորությունների վերաբերյալ գործերի քննությունը վերապահվեց Քննչական կոմիտեին։ Թեև կա Հակակոռուպցիոն կոմիտեն, բայց մենք էլ այսօր շատ ակտիվ պայքար ենք մղում կոռուպցիոն հանցագործությունների դեմ։ 2024 թվականի հունվարի 1-ից հետո կոռուպցիոն գործերով նոր վարույթներ Քննչական կոմիտեում չեն հարուցվի, կշարունակվի մինչ այդ հարուցված վարույթներով աշխատանքը։ Այդ ընթացքում, համոզված եմ, Հակակոռուպցիոն կոմիտեն վերջնականապես կհամալրվի, ամուր 2 ոտքի վրա կկանգնի, թեև այսօր էլ բավականին լավ ցուցանիշներ են ցույց տալիս»,-հայտնեց Արսեն Այվազյանը՝ հավելելով, որ միայն այս տարվա առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվել է կոռուպցիոն բնույթի 738 քրեական վարույթ։
Վիճակագրության համաձայն՝ 2021-ին նման 1744, իսկ 2022-ին նման 1218 վարույթ է քննվել։
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը ունկնդիրների հետ խոսեց նաև փողերի լվացման և նման գործերի քննության պարագայում կոմիտեի որդեգրած քաղաքականության մասին։ Կոռուպցիոն հանցագործությունների մեջ մտնող «փողերի լվացում» հանցակազմը 2024 թվականի հունվարի 1-ից հետո էլ կարող է քննվել ՔԿ-ում։ Արսեն Այվազյանի խոսքով՝ այս կերպ փորձ է արվում փողերի լվացման առնչվող գործերի բացահայտումն արագացնել։
«Փողերի լվացումը 2-րդային հանցագործություն է համարվում։ Որպեսզի մենք ապացուցենք, որ տեղի է ունեցել փողերի լվացում, պետք է նաև պարզենք «կեղտոտ փողի» ձեռքբերման մասին։ Հիմա, այս մի հոդվածի պատճառով ամբողջ գործը Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելը նպատակահարմար չէ։ Մենք նախաձեռնել ենք և բոլորի համաձայնությունը կա, որ առաջնային հանցագործության քննության դեպքում և դրա ընթացքում փողերի լվացման դեպքի բացահայտման պարագայում այն կշարունակի քննել հայտնաբերած մարմինը»,-նշեց ՔԿ փոխնախագահը։
Արսեն Այվազյանը խոսեց նաև քննչական համակարգում կոռուպցիոն դրսևորումների մասին և նշեց, որ քննիչների աշխատավարձերի բարձրացումը նույնպես դրական ազդեցություն ունի կոռուպցիայի դեմ պայքարում։
Դպրոցի ունկնդիրներից Ալիսա Հարությունյանը հետաքրքրվեց՝ միթե աշխատավարձերի բարձրացումն է այն առաջնային քայլը, որը պետք է անի Քննչական կոմիտեն․ «Այլ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն խնդիրը լուծելու համար»։
Արսեն Այվազյանը համաձայնեց․ միայն աշխատավարձի բարձրացումը բավարար նախապայման չէ, սակայն կարևոր նախապայմաններից մեկն է։
«Օրինակ՝ տարիներ առաջ քննիչներից մեկը 1000 ԱՄՆ դոլար կաշառք էր վերցրել և իր աշխատանքի համար, քննիչի աշխատանքը ավելի արդյունավետ կատարելու համար համակարգիչ էր գնել և բերել իր կաբինետ։ Այսօր չկա քննիչ, որը պետության կոմից տրամադրված համակարգիչ կամ իրեն անհրաժեշտ իրերը չունենա։ Նախկինում դրա պակասը կար, մեծ էր նաև կոռուպցիոն ռիսկը։ Քննիչի սոցիալական երաշխիքները պետք է ապահովված լինել, որպեսզի վերջինս չմտածի կոռուպցիոն դրսևորումների մասին»,-ընդգծեց ՔԿ փոխանախագահը։
Ունկնդիրները Արսեն Այվազյանից հետաքրքրվեցին նաև կիբերհանցագործության ոլորտում տարվող աշխատանքների, հանցագործությունների լատենտայնության նվազման մասին։
Նշենք նաև, որ երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում ուսուցումն իրականացվելու է հետևյալ փուլերով.
- ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ. Դպրոցի հակակոռուպցիոն ուսուցման առցանց հարթակի միջոցով ունկնդիրները կանցնեն հակակոռուպցիոն հիմնական դասընթաց` բաղկացած 25 թեմաներից: Առցանց ուսուցումը ավարտած կհամարվեն միայն այն ունկնդիրները, որոնք կլրացնեն բոլոր թեմաների գիտելիքների ստուգման հարցաթերթիկները և կհավաքեն առցանց ուսուցման ավարտման համար նախատեսված համապատասխան միավորները:
- ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐԻ ԵՎ ՊՐԱԿՏԻԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼ. խորացված փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կբաժանվեն խմբերի և յուրաքանչյուր խումբ խորացված ուսուցման շրջանակներում խորությամբ ուսումնասիրած հակակոռուպցիոն թեմաներից մեկի վերաբերյալ կկատարի ուսումնասիրություն, մշտադիտարկում կամ հետաքննություն: Այս փուլի ընթացքում աշխատանքները կկազմակերպվեն խմբային հանդիպումների, քննարկումների, ոլորտային պատկան և այլ իրավասու մարմինների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների տեսքով: Ունկնդիրները կսովորեն ինովացիոն մի շարք գործիքներ և ձեռք կբերեն նաև հարակից հմտություններ: Այս փուլում նախատեսվում է մենթորինգ՝ խմբերի համար։
- ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՓՈՒԼ. հմտությունների զարգացման փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հնարավորություն կստանան իրենց կողմից ստացած հակակոռուպցիոն գիտելիքները տարածել երիտասարդների շրջանում` հանրային իրազեկության սեմինարների միջոցով:
- ԽՈՐԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ. առցանց ուսուցման փուլում բարձր արդյունքներ գրանցած, խորացված հարցազրույցի փուլը հաջողությամբ ավարտած և ընտրված լավագույն 15-20 մասնակիցները կմասնակցեն Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի շրջանակներում կազմակերպվելիք արտագնա (Երևանից դուրս) հակակոռուպցիոն խորացված ուսուցմանը: Դպրոցի խորացված ուսուցման փուլը բաղկացած կլինի «Հակակոռուպցիոն խորացված ուսուցում» և «Ազգային ինքնության հենասյունները» ուսումնական մոդուլներից:
- ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ. պրակտիկ հմտությունների զարգացման և հանրային իրազեկման փուլերը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հեղինակավոր ժյուրիի և հանրության առջև կներկայացնեն իրենց ուսումնասիրությունների և հանրային իրազեկության աշխատանքների արդյունքները:
Դպրոցի բոլոր հինգ փուլերը հաջողությամբ ավարտած ունկնդիրներին կտրվի Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ավարտական վկայականներ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Կարեն Զադոյանի կողմից: Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը գործարկվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Iravaban.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: