Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետությունում գործող 1-ին հակակոռուպցիոն մասնագիտական կրթական նախաձեռնության` Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրները հյուրընկալվեցին Հակակոռուպցիոն կոմիտեում։
Կառույցում նրանց ընդունեց կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ով ներկայացրեց կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ իր պատկերացումներն ու տեսլականը։
Ունկնդիրները Կոմիտեի նախագահի հետ զրուցեցին կոռուպցիայի, դրա տեսակների ու պատճառների, տարբեր բնագավառներում առկա կոռուպցիոն ռիսկերի, դրանց կանխարգելման ու պայքարի արդի մեխանիզմներին առնչվող հարցերի շուրջ:
Սասուն Խաչատրյանը, պատասխանելով ունկնդիրներին հետաքրքրքող հարցերին, նրանց ներկայացրեց օրինակներ քննիչի աշխատանքից, անդրադարձավ կոռուպցիոն հանցագործությունների քննության առանձնահատկություններին, բացահայտումների ցուցանիշներին, նաև խոսեց ոլորտի օրենսդրական կարգավորումներից ու հակակոռուպցիոն կրթության ներդրման կարևորությունից: Ըստ Սասուն Խաչատրյանի՝ այսօր հակակոռուպցիոն պայքարում հաջողելու համար էական նշանակություն ունի նաև հանրության ներգրավվածությունն ու հասարակության կողմից այդ երևույթի նկատմամբ անհանդուրժողականության դրսևորումը, որի համար կարևոր նախադրյալ պետք է լինի հակակոռուպցիոն պատշաճ կրթության ներդրումը: Կոմիտեի նախագահն ընդգծեց պատժի անխուսափելիության սկզբունքի կարևորությունը. նրա խոսքով՝ պետք է հասնել նրան, որպեսզի յուրաքանչյուր ոք համոզված լինի, որ կոռուպցիայի ոչ մի դրսևորում անպատիժ չի մնալու:
Ներկայացնելով միջազգային համագործակցության շրջանակում Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քայլերը՝ Կոմիտեի նախագահն անդրադարձավ նաև ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) և կոռուպցիայի դեմ պայքարում տարբեր այլ երկրների իրավապահ կառույցների հետ տարվող աշխատանքներին։
Նշենք նաև, որ երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում ուսուցումն իրականացվելու է հետևյալ փուլերով.
- ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ. Դպրոցի հակակոռուպցիոն ուսուցման առցանց հարթակի միջոցով ունկնդիրները կանցնեն հակակոռուպցիոն հիմնական դասընթաց` բաղկացած 25 թեմաներից: Առցանց ուսուցումը ավարտած կհամարվեն միայն այն ունկնդիրները, որոնք կլրացնեն բոլոր թեմաների գիտելիքների ստուգման հարցաթերթիկները և կհավաքեն առցանց ուսուցման ավարտման համար նախատեսված համապատասխան միավորները:
- ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐԻ ԵՎ ՊՐԱԿՏԻԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼ. խորացված փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կբաժանվեն խմբերի և յուրաքանչյուր խումբ խորացված ուսուցման շրջանակներում խորությամբ ուսումնասիրած հակակոռուպցիոն թեմաներից մեկի վերաբերյալ կկատարի ուսումնասիրություն, մշտադիտարկում կամ հետաքննություն: Այս փուլի ընթացքում աշխատանքները կկազմակերպվեն խմբային հանդիպումների, քննարկումների, ոլորտային պատկան և այլ իրավասու մարմինների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների տեսքով: Ունկնդիրները կսովորեն ինովացիոն մի շարք գործիքներ և ձեռք կբերեն նաև հարակից հմտություններ: Այս փուլում նախատեսվում է մենթորինգ՝ խմբերի համար։
- ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՓՈՒԼ. հմտությունների զարգացման փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հնարավորություն կստանան իրենց կողմից ստացած հակակոռուպցիոն գիտելիքները տարածել երիտասարդների շրջանում` հանրային իրազեկության սեմինարների միջոցով:
- ԽՈՐԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ. առցանց ուսուցման փուլում բարձր արդյունքներ գրանցած, խորացված հարցազրույցի փուլը հաջողությամբ ավարտած և ընտրված լավագույն 15-20 մասնակիցները կմասնակցեն Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի շրջանակներում կազմակերպվելիք արտագնա (Երևանից դուրս) հակակոռուպցիոն խորացված ուսուցմանը: Դպրոցի խորացված ուսուցման փուլը բաղկացած կլինի «Հակակոռուպցիոն խորացված ուսուցում» և «Ազգային ինքնության հենասյունները» ուսումնական մոդուլներից:
- ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ. պրակտիկ հմտությունների զարգացման և հանրային իրազեկման փուլերը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հեղինակավոր ժյուրիի և հանրության առջև կներկայացնեն իրենց ուսումնասիրությունների և հանրային իրազեկության աշխատանքների արդյունքները:
Դպրոցի բոլոր հինգ փուլերը հաջողությամբ ավարտած ունկնդիրներին կտրվի Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ավարտական վկայականներ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Կարեն Զադոյանի կողմից: Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը գործարկվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Iravaban.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: