«Իշխող կուսակցությունը դատի է տվել 5 լրատվամիջոցի»․ ԱլԳ ՔՀՖ առաջին խմբի ժողովին քննարկվել է ԶԼՄ-ների անկախության և ազատության հիմնախնդիրը

Հունիսի 30-ին տեղի է ունեցել Արևելյան Գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) «ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, լավ կառավարում և կայունություն» առաջին խմբի (ԱԽ 1) տարեկան առցանց ժողովը: Ժողովին մասնակցում էին ԱլԳ վեց երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և Եվրոպական միության ներկայացուցիչները։  

Հանդիպման առաջին հատվածում վեց երկրների ԱԽ 1-ի համակարգողները ներկայացրեցին իրենց երկրներում տեղի ունեցող իրադարձությունները և վերջին զարգացումները։  

Հայաստանի ժողովրդավարության, մարդու իրավունքների, լավ կառավարման և կայունության ոլորտներում տեղի ունեցած իրադարձությունները և վերջին զարգացումները ներկայացրեց ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) ԱԽ 1-ի համակարգող, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյան, ի թիվս այլ խնդիրների, իր ելույթում անդրադարձավ նաև զանգվածային լրատվության միջոցների անկախության և ազատության կարևորության մասին։

Նա անդրադարձավ քաղաքական իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից զանգվածային լրատվության միջոցների նկատմամբ դատական գործեր սկսելու վերաբերյալ գործընթացին։

Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց, որ օրինակ՝ մի քանի լրատվամիջոցներ հղում անելով աղբյուրին, տարածել են այս տարի Սիսիան համայնքում տեղի ունեցած ընտրական խախտումների վերաբերյալ տեղեկություններին, այդ թվում, երբ նախընտրական շտաբը օպերատիվ ռեժիմով տեղեկատվություն էր ստացել, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունից ընտրողներին ընտրակաշառք է բաժանվում։ Նույն լրատվամիջոցները տեղադրել էին նաև իշխող ուժի հերքում՝ այդ տեղեկատվության հետ կապված։ Դրանից կարճ ժամանակ անց իշխող կուսակցությունը դատի է տվել հինգ լրատվամիջոցների, նրանցից պահանջելով ոչ միայն հերքում, այլև՝ մեծ դրամական գումարներ, այդ թվում լրատվամիջոցներից պահանջել են փոխհատուցել իրենց փաստաբաններին տրված գումարները։ 

Նրա խոսքով՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 8-րդ հոդվածով սահմանված է հերքման և պատասխանի իրավունքը, ըստ որի, անձը, նյութի հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը: Սակայն այս կարգը խախտվել է, չի պահպանվել։ Նախապես լրատվամիջոցին դիմելու փոխարեն հայց է ներկայացվել դատարան։

«Այս գործելաոճը ցավոք կարող է զարգացնել երկու վտանգավոր պրակտիկա․ առաջին՝ ուղղակիորեն սահմանափակում են լրատվամիջոցների ազատ խոսքի իրավունքը, և երկրորդ՝ նրանց դնում են լուրջ ֆինանսական բեռի տակ, անուղղակի ստիպելով նրանց դադարեցնել իրենց գործունեությունը կամ կորցնել անկախությունը։ Ընդ որում, նույն օրինակի հիման վրա պետք է նշել, որ իշխող ուժի փաստաբանական թիմը այն իրավաբանական ընկերությունն է, որը փոխկապակցված է արդարադատության ոլորտի պատասխանատուների հետ։ Մասնավորապես, իշխող թիմի փաստաբանական ընկերության սեփականատերեր են հանդիսանում ներկայիս ՀՀ արդարադատության նախարարի և Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարի ընտանիքը։ Սրանք այն երկու մարմիններն են, որոնք պատասխանատու են դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման և պատասխանատվության ենթարկելու համար, իսկ ԲԴԽ-ն նաև՝ դատական համակարգի անկախության համար։ Սա լուրջ կոռուպցիոն ռիսկեր կարող է առաջացնել փոխկապակցվածության, արդարացի դատական քննության մասով»,-ներկայացրեց Սյուզաննա Սողոմոնյանը։