ԻՀԱ-ն ու Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հյուրընկալեցին «Բարեվարքության» կրթական ճամբարի վանաձորցի մասնակցիներին

Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հոկտեմբերի 18-ին հյուրընկալեցին «Բարեվարքության» կրթական ճամբարի վանաձորցի մասնակցիներին, որը կազմակերպվել է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի և Վանաձորի ԻնֆոՏան համատեղ ծրագրի շրջանակներում։

«ՀԿ կենտրոնի» ծրագրերի համակարգող Վահե Խաչիկյանը նշեց, որ Երևանում եռօրյա ճանաչողական այցին մասնակցում են Վանաձորի ԻնֆոՏան ամենաակտիվ 10 կամավորները։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը խոսեց հակակոռուպցիոն ոլորտում տարվող աշխատանքների մասին՝ մանրամասներ ներկայացնելով հակակոռուպցիոն պայքարի հիմնասյուների վերաբերյալ, որոնք են հակակոռուպցիոն կրթությունը, կոռուպցիայի կանխարգելումն ու պատժի անխուսափելիությունը։ Նա երիտասարդներին ներկայացրեց նաև միջազգային փորձը, թե որ երկրները ինչ հաջողություններ են գրանցել ոլորտում։ Կարեն Զադոյանը պատմեց նաև Սինգապուրի «տնտեսական հրաշքի» մասին, որպես դրական օրինակ ներկայացնելով կոռուպցիայի դեմ պայքարում։ Նրա խոսքով՝ կոռուպցիայի մեծագույն չարիք լինելու հանգամանքն առավել ակներև դարձավ դեռևս 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ։ Կարեն Զադոյանը ներկայացրել ԻՀԱ կողմից ոլորտում գրանցած հաջողությունների, կատարած աշխատանքի, օրենսդրական նախաձեռնությունների մասին։

Նա նաև ընգծեց, հատկապես վերջին շրջանում կարևոր առաջնահերթություն դարձած, խնդիրը՝ ազգային ինքնության պահպանման անհրաժեշտությունը։ «Որևէ ոլորտում լավ մասնագետ լինելուց բացի կարևոր է, որ ձեր ազգային ինքնության հատկանիշները լինեն բարձր․ կրեք ազգային ինքնության տարրերը»,-նշեց Կարեն Զադոյանը։

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի խորհրդի նախագահ Արկադի Սահակյանը նշեց, որ կոռուպցիան ամենահին հանցատեսակներից մեկն է ու հնարավոր չէ այն ամբողջապես վերացնել, սակայն դրա մակարդակը նազագույնի հասցնելու համար հարկավոր է ժողովրդի պայքարը։ Բոլոր տեսակի պայքարներն անիմաստ կլինեն, եթե չլինի կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականություն դրսևորելու ժողովրդի կամքը։

Արկադի Սահակյանը նաև նշեց, որ Հակակոռուպցիոն արժեքներով հասարակություն ունենալու համար կարևոր է հակակոռուպցիոն կրթությունը, որը պետք է սկսել դեռ մանկապարտեզի տարիքից։

Հակակոռուպցիոն կրթությունը ոչ ֆորմալ տարբերակով ուսանելու հնարավորություն է ընձեռել ԻՀԱ-ն՝ կազմակերպելով Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը։ Սրա մասին խոսեց ԻՀԱ ծրագրերի համակարգող, հակակոռուպցիոն փորձագետ, հակակոռուպցիոն դպրոցի դասախոս Սյուզաննա Սողոմոնյանը։ Նա նշեց դպրոցի շրջանակներում կազմակերպվող կրթական փուլերի, մեթոդների մասին։ Նրա խոսքով՝ տարիներ շարունակ հակակոռուպցիոն դպրոցի շրջանակներում նաև գիտաժողովներ են կազմակերպվում։

ԻՀԱ անդամ, իրավաբան Առնոլդ Վարդանյանը երիտասարդներին խորհուրդ տվեց հաշվի առնել սեփական ցանկությունները, կատարել ընտրություն՝ առանց վախենալու, թե հնարավոր է սխալվեն, իրենց չհասկանան կամ եթե միգուցե մեկն իրենց ամիբիցիոզ կամ երազող համարի։

Հավելենք, որ երիտասարդները ճանաչողական այցի շրջանակներում այցելում են պետական և քաղհասարակության կազմակերպություններ, որոնք աշխատում են հակակոռուպցիոն, բարեվարքության ոլորտներում։ Նպատակն այն է, որ երիտասարդները պատկերացում կազմեն, թե Հայաստանում ինչ է տեղի ունենում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, թե ինչ է բարեվարքությունը և այլն։