«Ազնվություն, անկողմնակալություն, հակակոռուպցիոն արժեքների կրում». Հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրների ընտրությունը

Ազնվություն, անկողմնակալություն, հակակոռուպցիոն արժեքների կրում․ սրանք են զտված այն արժեքները, որոնք առանձնացվել են Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 8-րդ հոսքի ունկնդիրները՝ խմբային աշխատանք-խաղի արդյունքում։

Օգոստոսի 18-ին երկու՝ առկա, իսկ Հայաստանից դուրս և մարզերում բնակվողների համար՝ օնլայն ձևաչափով կայացած դասընթացների ժամանակ ունկնդիրները քննարկել են ՀՀ 2019 -2022թթ. Հակակոռուպցիոն ռազմավարությունն էր և դրա իրականացման միջոցառումների ծրագրի, կոռուպցիայի կանխարգելման, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, հակակոռուպցիոն կրթության և իրազեկման, կոռուպցիայի դեմ պայքարում հասարակության մասնակցության թեմաները։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, հակակոռուպցիոն դպրոցի հիմնադիր Կարեն Զադոյանը մասնակիցների ուշադրությունը կոռուպցիայի դեմ պայքարում հակակոռուպցիոն ազգային մարմինների ստեղծումից և պատասխանատվություն մեխանիզմների նախատեսումից զատ սևեռեց նաև կոռուպցիայի դեմ պայքարի հիմնասյուններից երրորդի՝ հակակոռուպցիոն կրթության վրա։

Մասնակիցները քննարկեցին Հայաստանում կրթության ոլորտում հակակոռուպցիոն ծրագրերի ներդրման հետ կապված առկա խնդիրները։ Կարեն Զադոյանը մասնավորապես մատնանշեց Հոնկ Կոնգի հաջողված փորձը, ըստ որի հակակոռուպցիոն կրթական ծրագրերի իրականացումն ու երեխաների մեջ հակակոռուպցիոն արժեքների սերմանումը սկսում է մանկապարտեզից։

Նա նաև ներկայացրեց բոլոր այն խնդիրները, որոնք առաջ էին եկել հակակոռուպցիոն ռազմավարության մշակման, հակակոռուպցիոն ազգային մարմինների ստեղծման ընթացքում, ինչպես նաև այն ներդրումը, որը ունեցել է Իրավաբանների հայկական ասոցիացիան՝ ռազմավարության մշակման, իրականացման ու մոնիթորինգի փուլերում, այդ թվում՝ հասարակության մասնակցայնության ապահովման ու իրազեկման աշխատանքներում։

Ունկնդիրների համար կազմակերպվեց խաղ, որի նպատակը հակակոռուպցիոն արժեքների բացահայտումն էր։ Համաձայն մասնակիցների ընդհանուր դիրքորոշման՝ հակակոռուպցիոն առաջնորդի կարևորագույն հատկանիշները ազնվությունը, անկողմնակալությունն ու հակակոռուպցիոն արժեքներին հավատարիմ լինելն են։

Խոսելով Հայաստանի համար առկա մարտահրավերներից՝ Կարեն Զադոյանը նշեց, որ դրանց դիմագրավելու ուղին մերիտոկրատիայի (բառացիորեն «արժանիների իշխանություն») ձևավորումն է, այն է՝ աջակցել բոլոր տաղանդավոր մարդկանց` ստեղծելու հավելյալ արժեքներ և հենց դրանք օգտագործել գոյատևան ներկա պայքարում։

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ–ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ: