2022 թվականի օգոստոսի 11֊ին ԻՀԱ-ն հյուրընկալել էր Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 8-րդ հոսքի ունկնդիրներին։ Հանդիպման ընթացքում ունկնդիրները խոսեցին կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային նախաձեռնությունների և փաստաթղթերի, հակակոռուպցիոն ազգային նախաձեռնությունների, իրավական փաստաթղթերի և մարմինների, կոռուպցիայի դեմ պայքարի և դրա փուլերի, ինչպես նաև հակակոռուպցիոն ռազմավարությունների մշակման, մոնիթորինգի և գնահատման մասին։
Հակակոռուպցիոն դպրոցի հիմնադիր Կարեն Զադոյանը մասնակիցների հետ քննարկեց նաև ընթացս իրականացվող հակակոռուպցիոն բարեփոխումների արդյունավետությունը, հակակոռուպցիոն մարմիններում կադրերի ընտրությունների թափանցիկությունն ու ողջամտությունը, առկա և սպասվելիք հնարավոր խնդիրները։
Պարոն Զադոյանը հատկապես կարևորեց հակակոռուպցիոն արդյունավետ ռազմավարության մշակումից զատ ոլորտում կադրերի արժանիքահեն ընտրությունը՝ նշելով, որ կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության գրավականը պրոֆեսիոնալ, բարեվարք և ազգային ինքնությունը կրող կադրերն են։
Մասնակիցներին հնարավորություն տրվեց բարձրաձայնելու իրենց կողմից արված նկատառումները, թեմաների վերաբերյալ հետաքրքրող հարցերը։
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ: