Աշխատանքային պայմանագրերի թվային ստորագրում և «Բարև բալիկ» տեղեկատվական հարթակի ներդրում․ առցանց քննարկում հանրային-մասնավոր երկխոսության ձևաչափով

Մայիսի 24-ին տեղի է ունեցել հերթական առցանց քննարկումը հանրային-մասնավոր երկխոսության ձևաչափով՝ նվիրված «Բաց կառավարման գործընկերության» (ԲԿԳ) ազգային գործողությունների 5-րդ ծրագրի մշակմանը»։

Քննարկումը բաղկացած էր երկու մասից․ նախ քննարկվեց աշխատանքային պայմանագրերի թվային ստորագրման և հաշվառման համակարգի ներդրմանը, իսկ այնուհետև՝ բաց առողջապահությանը՝ «Բարև բալիկ․ Փաստահեն տեղեկատվության հասանելիություն վերարտադրողական տարիքի կանանց բուժսպասարկման ոլորտում» վերաբերող հանձնառության առաջարկները։

Միջոցառումը կազմակերպվել է «Աջակցություն ԲԿԳ 5-րդ գործողությունների ազգային ծրագրի համատեղ ստեղծմանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Արմավիրի զարգացման կենտրոն», «Իրավաբանների հայկական ասոցիացիա» և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ներից բաղկացած կոնսորցիումի կողմից՝ Բաց Կառավարման Գործընկերության աջակցությամբ՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Անի Հարությունյանն իր բացման խոսքում նշեց, որ նպատակը ծրագրի մշակման գործընթացը բարելավելն է։ Արդյունքը մեկ պետք է լինի․ մշակել հավակնոտ գործողությունների ծրագիր։

«Մյուս խնդիրն է բարձրացնել Բաց կառավարման գործընկերության գործողությունների ծրագրի հանդեպ շահագրգիռ կողմերի սեփականության զգացումը՝ համատեղ աշխատանքի և պատասխանատվության միջոցով։ Պետք է բարձրացնել ԲԿԳ և առհասարակ, բաց կառավարման խնդիրների իրազեկվածության մակարդակը։ Արդեն 64 առաջարկ է ներկայացվել Կառավարությանը, որոնց մեծ մասը պոտենցիալ հանձնառություններ են»,-նշել է նա։

Վարչապետի աշխատակազմի ԲԿԳ-Հայաստան համակարգող/կոնտակտային անձ Լիլյա Աֆրիկյանը բացման խոսքում նշեց, որ ծրագրի մշակման ընթացքում կենտրոնացել են Կառավարության առաջնահերթությունների, պատերազմից և համավարակից հետո երկրի կարիքների վրա։

Աշխատանքային պայմանագրերի թվային ստորագրման և հաշվառման համակարգի ներդրմանը թեմայով առաջին զեկույցով հանդեղ եկավ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը, ով նշեց՝ գործատուները աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ աշխատանքային պայամանագրի օրինակ աշխատողներին չեն տրամադրում, որն էլ դժվարացնում, երբեմն էլ անհնարին է դարձնում աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանությունը։

«Պատճառները մի քանիսն են․ օրինակ՝ պայմանագրի օրինակը աշխատողներին չի տրամադրվում, օրենսդրությամբ սահմանված պայմանագրի բովանդակությանը ներկայացվող պահանջներից ոչ բոլորն են նախատեսվում պայմանագրերում, որոնք մասնավորապես ուղղված են՝ նվազ բարենպաստ պայմաններ ստեղծելուն, աշխատողներին անօրինական աշխատանքներում ներգրավելուն և հարկային մարմնում չգրանցելուն։ Ավելին, հաճախ գործատուների կողմից պայմանագրերի փոխարեն աշխատողների հետ կնքվում է ծառայությունների մատուցման պայմանագրեր՝ օրենսդրության հիմնական սկզբունքները և երաշխիքները շրջանցելու նպատակով»,-նշեց Հակոբյանը։

Տեսչական մարմինը առաջարկել է ՀՀ-ում աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային համակարգի ներդրումը, որի նպատակը Հայաստանում աշխատանքային իրավունքի նկատմամբ վերահսկողության բարելավումն է։ Նշվում է, որ էլեկտրոնային համակարգի ներդրմամբ թվայնացվելու են ՀՀ-ում կնքված բոլոր աշխատանքային պայմանագրերը։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի ծրագրային փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանն իր զեկույցում ներկայացրեց միջազգային փորձը, այդ թվում՝ Եվրամիության անդամ երկրների փորձն այս ոլորտում։ Ըստ նրա՝ սա այն բացառիկ գործիքներից է լինելու, որը վերաբերելու է յուրաքանչյուրին։

«Բավականին լուրջ ռեֆորմներ են արվում, էլեկտրոնային գործիքների իստիտուտներ են ներդրվում, բայց, ցավոք, գրագիտության պատճառով հնարավոր չի լինում դրանք կիրառել։ Մարզ առ մարզ, գյուղ առ գյուղ պետք է իրազեկումներ իրականացնել։ Սա այն ոլորտն է, որը վերաբերում է բոլորին»,-կարևորեց Սյուզաննա Սողոմոնյանը։

Առաջին թեմային վերաբերող քննարկման ընթացքում «Իրավունքի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության ծրագրի տնօրեն Վիոլետա Զոփունյանը կարևորելով նախաձեռնությունը, միաժամանակ մտավախություն հայտնեց, որ համակարգի ներդրումը կարող է բացասական ընդունվել գործատուների կողմից, սակայն երբ նրանք հասկանան դրա կարևորությունը, համակարգը ընդունելի կդառնա։

«Սա նախաձեռնություն է, որը մեկ քայլ առաջ է տանելու մեզ աշխատանքային իրավունքի պաշտպանության տեսանկյունից։ Մտավախություն ունեմ անձնական տվյալների պաշտպանության մասով։ Գործող էլեկտրոնային համակարգերի մասով էլ նման խնդիրներ կան։ Այս մտավախությունը կարող է ունենալ և գործատուն և աշխատողը»,-նշեց Զոփունյանը։

«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մովսես Արիստակեսյանն իր խոսքում նշեց՝ նոր համակարգը պետք է աշխատող լինի, ոչ «Արմեդ» համակարգի նման, որը չի աշխատում այնպես, ինչպես նախատեսվել էր։

«Դուք գնահատե՞լ եք, թե ինչպես է աշխատում «Արմեդը»։ Լիքը պրոբլեմներ կան համակարգում, մաշկիս վրա եմ զգացել, թե որքան վատ է աշխատում համակարգը։ 3 օր սպասում էի, որպեսզի ծրագրային խնդիրները լուծեն պոլիկլինիկան, հիվանդանոցը։ Այն կարևորագույն գործիք է, որի միջոցով անցնելու ենք առողջության ապահովագրմանը։ Եթե այն լավ չաշխատի, ապահովագրությունը միանգամից անհաջողության կմատնվի»,-նշեց Մովսես Արիստակեսյանը։

Այնուհետև, հաջորդեց միջոցառման երկրորդ մասը՝ նվիրված բաց առողջապահությանը։ Առաջին զեկույցով հանդես եկավ Հայաստանի ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի ներկայացուցիչ Նայիրի Շորճեանը, ով ներկայացրեց «Բարև բալիկ․ Փաստահեն տեղեկատվության հասանելիություն վերարտադրողական տարիքի կանանց բուժսպասարկման ոլորտում» վերաբերող հանձնառության առաջարկը։

«Մոր և մանկան վերարտադրողական ինդիկատորները Հայաստանում հուշում են նրա մասին, որ մենք մեր ազգային թիրախներին չենք հասնում։ Սա նոր խնդիր չի։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ կա 2 տրամաբանություն, որոնց միջոցով կարելի է հասնել թիրախներին։ Մեկը բժշկական ծառայությունների որակն ու հասանելիությունն է, մյուսը՝ քաղաքացիների իրազեկումը։ Եթե այս 2 թիրախները իրար հետ զուգահեռ աշխատեն, մենք կարող ենք ունենալ արդյունավետություն։ Միայն ծառայությունների թվայնացումը, առանց քաղաքացիների իրազեկման, արդյունավետ չի լինի և հակառակը»,-նշեց նա։

Հաջորդը զեկուցեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի ծրագրային փորձագետ Մարիամ Զադոյանը։ Վերջինս նախ նշեց, որ ԲԿԳ շրջանակներում հանրային ծառայությունների մատուցմանը վերաբերող հանձնառությունների շարքում առողջապահական հանձնառությունները զբաղեցնում են երկրորդ հորիզոնականը՝ կրթությունից հետո։ Տարբեր պետությունների կողմից բաց առողջապահությանը նվիրված ավելի քան 140 հանձնառություն է ընդգրկվել ԲԿԳ ազգային ծրագրերում։

«ԲԿԳ անդամ երկրների շուրջ մեկ քարորդը ներկայումս ունի հանձնառություններ առողջապահության ոլորտում։ Դրանք շատ բազմազան են և անդրադառնում են տվյալ պետության առողջապահության ոլորտի թիրախային խնդիրներին և մարտահրավերներին, օրինակ՝ համաճարակներ, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններ, հոգեկան առողջություն, բժշկական հետազոտություններ և վերարտադրողական, մայրական, նորածինների, երեխաների և դեռահասների առողջություն։ Դրանց մեծ մասը շեշտադրում են առողջապահության ոլորտի գործունեության վերաբերյալ տվյալների հրապարակմանը և քաղաքականության ձևավորման հարցում քաղաքացիների ներգրավվումը»,-նշել է նա։

Այնուհետև զեկուցողը ներկայացրել է ԲԿԳ օրինակելի փորձը և վերջին թրենդները վերարտարդողական առողջապահության ոլորտում, որի շրջանակներում անդրադարձել է Արգենտինայի վերարտադրողական առողջության ծառայությունների հասանելիության ներառականության ապահովման ուղղված #Dónde թվային հարթակին և Ինդոնեզիայի գործող ծրագրով նախատեսված հանձնառությանը՝ ուղղված կանանց առողջապահական ծառայությունների թվային հարթակի ստեղծմանը։

Քննարկման մասնակիցների միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա աշխատանքի հետ կապված։