Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան դրական են գնահատում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից պատրաստած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը և 2022 թվականի ապրիլի 12-ի տեղի ունեցած հանրային քննարկման արդյունքում ներկայացնում են հետևյալ առաջարկությունները.
- Քանի որ ՀՀ ԲՈՒՀ-երի և մասնագիտությունների համար սահմանված չէ ներհանրապետական ռեյտինգավորման համակարգ, ապա անհրաժեշտ է կառավարության որոշմամբ սահմանել չափորոշիչներ, որոնց հիման վրա հնարավոր կլինի հատկորոշել ու սահմանել ԲՈՒՀ-երի և մասնագիտությունների ցանկը (Իրավաբանների հայկական ասցիացիա):
- Կառավարության որոշմամբ պետք է սահմանել չափորոշիչներ, որոնց հիման վրա հնարավոր կլինի հատկորոշել յուրաքանչյուր մասնագիտության գծով սովորողների քանակը, այդ թվում յուրաքանչուր ԲՈՒՀ-ին ըստ մասնագիտությունների տրվող քվոտան (Իրավաբանների հայկական ասցիացիա):
- Կառավարության որոշմամբ պետք է սահմանել չափորոշիչներ, որոնց հիման վրա հնարավոր կլինի ընտրել սովորողներին: Օրինակ` ավագ դպրոցի միջինը գնահատականը` ընդհանուր բոլոր առարկաններից և տվյալ մասնագիտությունից, մասնակցությունը տվյալ մասնագիտության տիրույթում անցկացված գիտաժողովներին, ԲՈԿ-ի կողմից հաստատված գիտական պարբերականներում գիտական նյութի հրապարակումը, մասնագիտական օլիպիադաներին մասնակցությունը, օտար լեզվի տիրապետման վկայագիրը, ԲՈՒՀ-ի ընդունելության գնահատականը և այլն (Իրավաբանների հայկական ասցիացիա):
- Անհրաժեշտ է փոփոխություններ կատարել նաև 2018 թվականի 451-Ն որոշման մեջ, որում //www.shanghairanking.com առաջին 50 տեղերում ընդգրկված բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու հանգամանքով տարկետում ստանալու հանգամանքը պետք է կապել կառավարության կողմից սահմանվելիք պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների հետ (Իրավաբանների հայկական ասցիացիա):
- Անհրաժեշտ է լրացումներ և փոփոխություն կատարել նաև 2018 թվականի 451-Ն որոշման 7-րդ մասում.
5.1. լրացնել նոր երկրորդ կետ հետևյալ բովանդակությամբ.
«2) քաղաքացու ստացած մրցանակները (ոսկե կամ արծաթե կամ բրոնզե մեդալներ) դպրոցականների հետևյալ միջազգային դպրոցական այլ օլիմպիադաներում.
ա. «Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա»` մաթեմատիկա, ֆիզիկա և ինֆորմատիկա առարկաներից,
բ. «Մենդելեևյան միջազգային օլիմպիադա»` քիմիա առարկայից,
գ. «Ալ Ֆերգանի անվան ֆիզիկայի միջազգային օլիմպիադա»` ֆիզիկա առարկայից,»
5.2. Երկրորդ կետի համարկալումը փոխել երեք,
5.3. Երրորդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ. «քաղաքացու կողմից հայոց լեզու կամ հայ գրականություն կամ հայ ժողովրդի պատմություն առարկաներից դպրոցականների հանրապետական օլիմպիադաներում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված լինելու հանգամանքը:» (Իրավաբանների հայկական ասցիացիա):
- Անհրաժեշտ է փոփոխություն կատարել 2019թ. սեպտեմբերի 3-ի 605 հրամանում 1-ին կետի 3-րդ ենթակետում և ավելացնել նաև «Ալ Ֆերգանի»-ի անվան ֆիզիկայի միջազգային օլիմպիադան (Էլբակ Էլբակյան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պռոռեկտոր ):
- Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 5-րդ մասի շրջանակներում հարկ է նշել, որ հարցը պետք է քննարկվի և՛ ՀՀ ՊՆ, և՛ ԿԳՄՍՆ շահերի տիրույթում: Կոնկրետ մասնագիտությունների ցանկի սահմանումը կարող է հակամրցակցային մթնոլորտ ստեղծել ՀՀ ներպետական բուհերի շրջանում (Արա Կոդաբաշյան, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ):
- Շանհայի ռեյտինգի թոփ 50 համալսարանների որոշման գործընթացում եղել են գործոններ, որոնք կրթության հետ այնքան էլ սերտ կապ չունեն. այդ համալսարանների ֆինանսական վիճակը, աշխատակիցների շրջանում Նոբելյան մրցանակակիրների քանակը, ակադեմիկների քանակը և այլն: Ողջունելի կլինի, եթե ՀՀ կառավարության կողմից համապատասխան մասնագիտությունների ընտրության ժամանակ տրամադրվի նաև ծրագրային, ֆինանսական աջակցություն, որպեսզի հնարավոր լինի ղեկավարել գործընթացը (Ալֆրեդ Պետրոսյան, ՀԱՊՀ ավագ դպրոցի տնօրեն):
- Ընդունելով ՀՀ ՊՆ ներկայացուցչի տեսակետը, այն է՝ և՛ հայրենիքը պաշտպանելը, և՛ որակյալ կրթություն ստանալ և այնուհետև հայրենիք վերադառնալը և ծառայելը պարտականություններ են, նշեց, որ քննարկվող նախագծով առաջարկվում է անձանց ստանալ որակյալ կրթություն, այնուհետև՝ վերադառնալ և ծառայել հայրենիքին: Սակայն այդ ծառայությունը բնավ չի ենթադրում խրամատում սահման պահել, այն կարող է այլ դրսևորումներ, ձևաչափեր ստանալ: Որպես օրինակ՝ ներկայացրեց դեպք իր բարեկամի կյանքից. վերջինս զինվորական ծառայությունից ազատվել էր պայմանով, որ պետք է սահմանամերձ որևէ շրջանում աշխատեր որպես ֆիզիկայի ուսուցիչ, ընդ որում՝ որոշակի կոնկրետ ժամկետով: Առաջարկ-օրենքով նախատեսել, որ եթե անձին տրվում է հնարավորություն ստանալու որակյալ կրթություն (ՀՀ-ում կամ արտասահմանում), վերջինս պետք է այն ավարտելուց հետո ծառայի հայրենիքին՝ այլ տարբեր ֆորմատներով, քանզի օր.՝ զորամասերում ևս կա մասնագետների կարիք, ինչպիսիք են տնտեսագետները, ինժեներները և այլք: Ինչպես նաև, դե ֆակտո, աշխարհում «ներմուծվել» են նոր մասնագիտություններ, որոնց կարիքը ՀՀ-ում առկա է, սակայն հմպ կրթություն չի տրամադրվում այդ ուղղություններով: Մաթեմատիկա, ֆիզիկա, կենսաբանություն, քիմիա առարկաների պարագայում նշեց, որ ինքը նախապատվությունը տալիս է ՀՀ ներպետական բուհերին, քանզի դրանք եթե անգամ հավասարազոր չեն, ապա ցածրորակ կրթություն էլ չեն տրամադրում՝ արտասահմանյան բուհերի համեմատությամբ: Եվ այս դեպքում ոչ թե դիմորդը պետք է լքի երկիրը, այլ հարկ է միջոցներ ձեռնարկել նշյալ ոլորտներում հայ մասնագետների՝ այլ պետություններ մեկնելու և վերապատրաստվելու ուղղությամբ (Հայկ Դավթյան, Կոնվերս Բանկ ՓԲԸ):
- Ավագ դպրոցի աշակերտների համար սա բավականին լավ մոտիվացիա է: Մանկավարժների շրջանում արական սեռի ներկայացուցիչների քանակն աղետալի քիչ է: Հարկ է տարկետման հնարավորութունը տրամադրելիս որոշակի պայման նախատեսել, համաձայն որի՝ տվյալ անձը պետք է ուսումնառությունից հետո մանկավարժական գործունեություն ծավալի ՀՀ դպրոցներում: Տվյալ անձի անցած մասնագիտական ուղին և ընդհանրապես ողջ գործընթացը պետության համար պետք է լինի թափանցիկ, տեսանելի, կառավարելի: Այսինքն՝ 1-ին օղակը, որից պետք է ողջ գործընթացը մեկնարկի, դպրոցն է: Պետք է լավագույն կադրերը ծավալեն մանկավարժական գործունեություն, որպեսզի ունենանք որակյալ սերունդ, որն էլ իր հնարավորությունների ներածի չափով կծառայի հայրենիքին (Սարգիս Խաչատրյան, Երևանի թիվ 198 ավագ դպրոց):
- Տարկետումը բանակից ազատվելու մոտիվացիա չէ, դրա նպատակներից է լավ զինվոր պատրաստելը: Միջազգային օլիմպիադաների մասով՝ հարկ է քայլեր ձեռնարկել, որպեսզի ՀՀ-ում ևս անցկացվեն միջազգային մասնագիտական օլիմպիադաներ, որը, ի թիվս այլնի, կապահովի արտասահմանցի ուսանողների ներհոսքը ՀՀ, կբարձրանա ՀՀ բուհերի միջազգային վարկանիշը ( Արկադի Սահակյան, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ):
- ՀՀ գիտության պետական կոմիտեն այսօրվա դրությամբ փաստում է, որ տարիներ անց ՀՀ-ում բավականին լուրջ խնդիր է լինելու՝ գիտական կադրերի առումով: Գիտական ակադեմիայում աշխատելու տարիքային շեմ է սահմանված, առկա է վիճակագրություն, որ այժմյան պաշտպանվածների թիվը ի համապատասխանում տոշակառուների թվին, այսինքն՝ գալու է պահ, երբ մեր ակադեմիայի ինստիտուտները գիտական աշխատողներ պարզապես չեն ունենալու: Այսպիսով, այս առումով ևս կարևորվում է նախագիծը, քանզի այն հնարավորություն կտա բնագիտական ուղղություններով ապահովվել կրթության անընդհատությունը (Հակոբ Քնաջյան, ՀՀ ԿԳՄՍՆ):
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2022 թվականի ապրիլի 12-ին կազամակերպած հանրային քննարկման վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի այստեղ. https://armla.am/49259.html